ԱՐՑԱԽԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ԳԱՆՁԱՐԱՆԻ ԱՆԳԻՆ ԳՈՀԱՐԸ․ ԳՏՉԱՎԱՆՔ

ԱՐՑԱԽԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ԳԱՆՁԱՐԱՆԻ ԱՆԳԻՆ ԳՈՀԱՐԸ․ ԳՏՉԱՎԱՆՔ

2017-01-31T14:25:28+00:00 16/01/2017|Լրահոս|

Գտչավանք միջնադարյան վանական համալիրը գտնվում է Արցախի Հադրութի շրջանի Տող գյուղի մոտ։ Տողասարի կամ Ճգնավորի լեռան հյուսիսարևմտյան լանջի գոգավորությունում, թավուտ անտառների մեջ, դեռ շատ հեռվից երևում է նշանավոր Գտչավանքի գմբեթը։

Գտչավանքի հուշարձանն իր բարձր ճարտարապետական առանձնահատկություններով հայ բազմադարյա ճարտարապետության նշանավոր կոթողներից մեկն է։ Գտչավանքը կրում է Բագրատունյաց ճարտարապետական ոճի կնիքը։ Ինչպես հայտնի է Արցախ աշխարհի քարագործ վարպետները երբեք չեն պարփակվել իրենց ճարտարապետական միջավայրում։ Նրանք հայկական մյուս մարզերից վերցրել են ավելի նորն ու գեղեցիկը։ Իսկ Գտչավանքը՝ շքեղ բնության ներդաշնակությամբ , համալիրի տարբեր մասերի համաչափություններով, ճակատային պատերի հարդարանքի զուսպ ձևերով բավականին ինքնատիպ է։

Պատմական աղբյուրներից հայտնի է, որ Գտչավանքը վաղնջական ժամանակներից ի վեր եղել է «Հայոց արևելից կողմանց» քաղաքական ու հոգևոր կենտրոններից մեկը։ Իբրև եպիսկոպոսանիստ հիշատակվում է վաղ միջնադարից։ Գտչավանքը XIII դարի կեսերին ընդարձակվում է նորանոր շենքերով, իսկ Դիզակի մելիքների, հատկապես մելիք Ավանի (նույն ինքը՝ Եգանի), իշխանության ժամանակ հասնում է իր զարգացման գագաթնակետին՝ դառնալով Հայաստանի նշանավոր վանական համալիրներից մեկը։

XII-XVII դարերին պատկանող հարուստ վիմագիր արձանագրությունները, որոնք փորագրված են վանքի պատերին, կարևոր տվյալներ են հաղորդում գավառի միջնադարյան պատմության մասին։

Տեղում պահպանված իրեղեն նյութերը հաստատում են, որ հնագույն ժամանակներում կառուցված վանքն ավերվել է արաբական տիրապետության ժամանակաշրջանում։ Հին կառույցների հիմքերի վրա , ինչպես մատնանշում է ներկայիս եկեղեցու հյուսիսային պատի ընդարձակ արձանագրությունը, Ամարասից այստեղ տեղափոխված երկու եպիսկոպոսները՝ Տեր Սարգիս և Տեր Վրդանես եղբայրները, կառուցել են Գտչավանքի գլխավոր եկեղեցին։ Շինարարությունն սկսվել է 1241 թ-ին և ավարտվել յոթ տարի հետո՝ 1248 թ-ին։

Նույն արձանագրությունը պատմում է ժամանակի քաղաքական սոսկալի անցքերի մասին, որոնք ավերակ դարձնելով այս երկիրը, կործանեցին Ամարասը։ Այդ է պատճառը, որ հիշյալ երկու եպիսկոպոսներն այստեղ են հավաքում Ամարասի միաբանության մնացորդները։ Վիմագիր արձանագրության մեջ նշված են ոչ միայն վանքի շինարարության հետ կապված տվյալներ, այլև կարծես վկայակոչված են վանքապատկան տարածությունները, որոնք վանքին են նվիրել Գագիկ թագավորի ժառանգորդներն ու այլ նվիրատուներ։

Գտչավանքը կազմված է գլխավոր եկեղեցուց, գավթից և ևս մի քանի եկեղեցիներից։ Արևմտյան կողմում դեռևս պահպանվում են բնակելի շինությունների և պարսպի ավերակները։ Վանքի շուրջը տարածվում է գերեզմանատունը, որի մեծ մասն ավերված է։ Գտչավանքը ժամանակին շրջապատի բնակելի ու տնտեսական շենքերի հետ միասին դիտվել է որպես ավարտուն ճարտարապետական համակառույց։

Վանքի գլխավոր եկեղեցու հարդարանքի որոշ մոտիվներ հիշեցնում են Ամարասի և Գանձասարի եկեղեցիների զարդարանքը։ Սա, իհարկե, պատահական չէ, քանի որ, ինչպես նշվեց, եկեղեցին կառուցել են Ամարասի թեմից եկած եպիսկոպոսները և շինարարությունն էլ ընթացել է Գանձասարի հռչակավոր տաճարից ու նրա նավակատիքից ստացած թարմ տպավորությամբ։

Նշնակալից է այս վանքի բազմադարյան մշակութային կյանքը, լինելով Դիզակի հոգևոր և մշակութային գլխավոր կենտրոնը, այն իր դերը հաջողությամբ կատարել է մինչև XX դարի սկիզբը։ Այստեղ էին նստում թեմի եպիսկոպոսները, այստեղ էին հավաքվում նշանավոր բազմաթիվ գրչագրեր, որոնք հենց տեղի գրչատանն էլ ստեղծել են բազմաթիվ մատյաններ, դրանց մի մասը մինչև այսօր էլ պահպանվում է։ XIX դարում Գտչավանքի վանահայր Առաքել վարդապետ Կոստանդյանը 18 տարի շարունակ գրել է պատմագիտական և ազգագրական մի ձեռագիր աշխատություն, որն ամբողջությամբ պահպանվում է «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում։

Այսպիսով, իր ճարտարապետական արժեքով Գտչավանքը, հարստացնում է երկրամասի բազմադարյան ճարտարապետական գանձարանը, հաստատուն կերպով կանգնելով այնպիսի կոթողների կողքին, ինչպիսիք են Գանձասարն ու Դադիվանքը (Խութավանքը)։