ՀՈԳԵՎՈՐ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ ՈՒ ԲԱՑՕԹՅԱ ԿԻՆՈԴԻՏՈՒՄ. «ԶՎԱՐԹՆՈՑ» -Ի ԱՅՑԵԼՈՒՆԵՐԸ ՏՊԱՎՈՐՎԱԾ ԷԻՆ

ՀՈԳԵՎՈՐ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ ՈՒ ԲԱՑՕԹՅԱ ԿԻՆՈԴԻՏՈՒՄ. «ԶՎԱՐԹՆՈՑ» -Ի ԱՅՑԵԼՈՒՆԵՐԸ ՏՊԱՎՈՐՎԱԾ ԷԻՆ

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքը երեկ կրկին մարդաշատ էր: Բացօթյա կինոդիտման մասնակիցներին հաճելի անակնկալ էր սպասվում: «Զվարթնոց» տաճարի տարածքում անկցկացված էքսկուրսիային հետևեց արգելոց-թանգարանի ցուցասրահում կազմակերպված փոքրիկ համերգը: Թանգարանում թևածում էր հոգևոր շունչը: Տենոր Տիգրան Կոնինյանի գլխավորությամբ՝ ճանաչված «Զվարթնոց» կվարտետը ավանդական ու հոգևոր երգերի անզուգական կատարումներով հուզել էր ներկաներին:

Ավելի ուշ, տաճարի հարակից տարածքի բացօթյա ցուցասրահում այցելուները դիտեցին Ալբերտ Մկրտչյանի «Տխուր փողոցի լուսաբացը» ֆիլմը։ Դերասաններ՝ Անահիտ Քոչարյանի, Գուժ Մանուկյանի, Վարդան Մկրտչյանի և այլոց մասնակցությամբ նկարահանված գյուրմեցի ընտանիքի ու արցախյան պատերազմի մասին պատմող ֆիլմը ևս հնարավոր չէր դիտել առանց հուզմունքի:

Միջոցառման ավարտին այցելուները խոստովանում էին՝ տպավորված են, որ հնարավորություն ունեցան յոթերորդ դարի տաճարի տարածքում կենդանի հնչողությամբ հոգևոր երաժշտություն լսել: Նրանց խոսքերով խոհրդանշական ու գեղեցիկ է նաև «Զվարթնոց» տարածքում հայկական ֆիլմերի ցուցադրությունը:

Ավստրիայից ժամանած Սյուզաննա Գևորգյանի փոխանցմամբ բացօթյա կինոդիտումներն ընդունված են ամբողջ աշխարհում: Նրա համոզմամբ նախաձեռնությունը նաև կրթական նշանակություն ունի, գրավչություն՝ նաև արտերկրից ժամանած ու հայկական ճարտարապետության շքեղությամբ հիացող արտասահմանցի զբոսաշրջիկների համար:

Ավստրիայի Հայ Առաքելական եկեղեցական համայնքի վարչության քարտուղարության ներկայացուցիչը նշեց, որ մշակութային ծրագրերով գործակցության առաջարկ կանի «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենությանը:

«7000 հոգանոց համախմբված համայնք ունենք Ավստրիայում: Գալիք տարի լրանում է Սուրբ Հռիփսիմե եկեղեցու կառուցման 50 ամյակը և կուզենայի Վիեննայում համատեղ միջոցառում կազմակերպել «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հետ: Ավստրիա վերադառնալուն պես գաղափարս կներկայացնեմ Կենտրոնական Եվրոպայի և Սկանդինավյան երկրներում հոգևոր առաջնորդ հոգեշնորհ Տիրան վարդապետ Պետրոսյանին», -ասաց նա, հավելելով, որ այս անգամ Հայաստանից կմեկնի ավելի վառ տպավորություններով: