ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԿԱՆՑԿԱՑՎԵՆ ՆԱԵՎ ՀՀ ՄԱՐԶԵՐԻ ԱՅԼ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԿԱՆՑԿԱՑՎԵՆ ՆԱԵՎ ՀՀ ՄԱՐԶԵՐԻ ԱՅԼ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ

Ժողովրդական ու աշուղական երգերի կատարումներով, «Երևան» ժող. գործիքների նվագախմբի նվագակցությամբ , «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում Գառնիկ Գևորգյանի մենահամերգն էր: Բազմամարդ համերգի մասնակիցները տպավորված էին: Մեկ ժամից ավելի տևած ժողովրդական երաժշտության գեղեցիկ շունչը թևածում էր արգելոց-թանգարանի տարածքում: Համերգի մասնակիցներին նաև անակնկալ էր սպասվում: Ունկնդիրները հնարավորություն են ունեցել վայելելու նաև Գ. Գևորգյանի «ուսուցչի»` Արսեն Գրիգորյանի (Մրո) սրտաբուխ կատարումները:

ՀՀ մշակույթի նախարարի ու «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ մեկնարկած այսօրինակ մշակութային միջոցառումները «Գառնի», «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանների տարածքներում լայն արձագանք են գտել հասարակության շրջանում:

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը մտադիր է այս գաղափարը կյանքի կոչել ՀՀ մարզերի նաև մյուս հուշարձանների տարածքներում:

ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանի խոսքով նախատեսում են ծրագրում ընդգրկել նաև «Արփի» բնապատմական արգելոցը, Նորավանք վանական համալիրը և այլ հուշարձաններ:

ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական, Հայաստանի վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանի (Մրո) փոխանցմամբ հուշարձանների տարածքներում ժողովրդական, աշուղական երգերի կատարումներով համերգների կազմակերպումը մշակույթի հանրահռչակմանը ուղղված իրական քայլեր են:

«Մեր երիտասարդների հայացքները սևեռում ենք ազգային արժեքների պահպանության վրա: Այսօր լուրջ քայլեր են արվում նաև մայրաքաղաքից դուրս մշակութային կյանքն աշխուժացնելու ուղղությամբ: Մեզանից յուրաքանչյուրն իր ներդրումը պետք է ունենա ազգային դիմագիծը պահելու ու հանրահռչակելու հարցում: Այսօր մշակույթը կրողը, ներկայացնողը ու պահողը անկախության սերունդն է ու մենք պատրաստ ենք աջակցել նրանց` իրենց արվեստը հասարակությանը ներկայացնելու հարցում», – եզրափակել է Ա. Գրիգորյանը: