ԳԻՏԱՄԵԹՈԴԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ Է ԱՐԺԱՆԱՑՐԵԼ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՀԱՐՑԵՐԸ

ԳԻՏԱՄԵԹՈԴԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ Է ԱՐԺԱՆԱՑՐԵԼ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՀԱՐՑԵՐԸ

2017-10-26T11:18:28+00:00 25/10/2017|Լրահոս|

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտամեթոդական խորհուրդը հրավիրած նիստում քննարկել և հավանության է արժանացրել օրակարգում ընդգրկված վեց, ինչպես նաև ընթացիկ այլ հարցերը:

Նիստի մասնակիցներին ողջունել ու  արդյունավետ աշխատանք է մաղթել «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը: Գիտամեթոդական խորհրդի նախագահ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը ներկայացրել է «Մեծամորյան ընթերցումներ I» միջազգային գիտաժողովի հոդվածների ժողովածուն հրատարակության երաշխավորելու հարցը: Նրա փոխանցմամբ ժողովածուն բովանդակում է Լեհաստանի, ՌԴ-ի, Վրաստանի, Հունգարիայի մասնագետների գիտական հոդվածներ: Խոսելով անցկացված միջազգային գիտաժողովի մասին` նա ավելացրել է, որ այն շարունակական կլինի: Ինչ վերաբերում է Մեծամորի գիտակրթական ծրագրին, ապա դրա նպատակը հնագիտության հանրահռչակումն ու  թանգարան հաճախելու մշակույթ սերմանելն է: Կրթական հետաքրքիր ծրագրերի միջոցով նախաձեռնության հեղինակները մտադիր են արհեստական պեղավայր ստեղծել, որտեղ հանրակրթական դպրոցների աշակերտները նաև ուսուցողական «պեղումներ» կիրականացնեն: Հնագիտական միջավայրը կլրացվի կավամաններ, գործիքներ, պերճանքի առարկաների կրկնօրինակներ պատրաստելով:

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը կարևորում է գիտության ոլորտի զարգացումը, այդ համատեքստում նաև միջոցառումների իրականացումը: Ս. թ. նոյեմբերի 29-ին մայրաքաղաքում նախանշված է Մխիթարյան միաբանության 300 ամյակին նվիրված` «Կղզյակ որ մեզ էտուր արև…» խորագիրը կրող գիտաժողով անցկացնել:

Մինչ գիտաժողովի անցկացումը` ՊՈԱԿ-ը հոդվածների ժողովածուն կուղարկի հրատարակության:

Տարեվերջի հիշարժան միջոցառումների շարքում առանձնանում է անվանի թանգարանագետ և մտավորական Լավրենտի Բարսեղյանի ծննդյան 80-ամյա հոբելյանին նվիրված գիտաժողովի անցկացումը:  Նրա ավանդն անգնահատելի է հուշարձանների պահպանության և թանգարանների կայացման ոլորտում: Անվանի գիտնականի ջանքերով 1988 թ. կազմավորվել է Արգելոց-թանգարանների միացյալ դիրեկցիան, որի  իրավահաջորը «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ն է, ինչպես նաև ղեկավարել է Զվարթնոց տաճարի տարածքում իրականացված վերականգնման աշխատանքները: Գիտամեթոդական խորհրդի նիստի մասնակիցները հավանության են արժանացրել  Լ. Բարսեղյանի հոբելյանին նվիրված գիտական հոդվածների ժողովածուի հրատարակությունը:

Նիստի մասնակիցները կողմ են քվեարկել  նաև ՊՈԱԿ-ի «Պատմամշակութային ժառանգություն IV» ժողովածուի, ինչպես նաև` 2017 թ. տարեկան հաշվետվության հրատարակությանը:

Լրացուցիչ  հարցերի  շարքում Բելառուսի Գրոդնոյի Յանկա Կուպալայի անվան համալսարանի հետ հետագա գործակցությունն էր: Որոշվել է 2018 թ. համագործակցության ծրագրում կատարել բովանդակային փոփոխություն` ելնելով կազմակերպության աշխատանքների ուղղվածությունից, ինչպես նաև ներառել կետեր, որոնք կվերաբերեն բացառապես հուշարձանների և արգելոց-թանգարանների ուսումնասիրմանն ու հանրահռչակմանը: