ՇՈՒՇԻՈՒՄ ՉՈՐՍ ԹԱՆԳԱՐԱՆ Է ԳՈՐԾՈՒՄ. ԿԵՐՊԱՐՎԵՍՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԸ 630 ՑՈՒՑԱՆՄՈՒՇ ՈՒՆԻ

ՇՈՒՇԻՈՒՄ ՉՈՐՍ ԹԱՆԳԱՐԱՆ Է ԳՈՐԾՈՒՄ. ԿԵՐՊԱՐՎԵՍՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԸ 630 ՑՈՒՑԱՆՄՈՒՇ ՈՒՆԻ

2018-03-22T13:02:32+00:00 February 27th, 2018|Արցախ, Լրահոս, Հրապարակումներ|

Պատմական Շուշի քաղաքում, պատերազմի վերքերը  սփոփելուց  հետո, արցախցիները ձեռնամուխ եղան նաև մշակութային կյանքի զարգացմանը: Մշակութային Շուշին նոր շունչ ստացավ: Այսօր քաղաքում չորս թանգարան է գործում` Կերպարվեստի պետական թանգարանը, պրոֆեսոր Գրիգորի Գաբրիելյանցի անվան երկրաբանության պետական թանգարանը, Շուշիի պատմության թանգարանը, Շուշիի պատկերասրահը: Մշակութային օջախները այցելուներին  ներկայանում են հայկական մշակույթի լավագույն դրսևորումներով: Այդ թանգարանների գործունեությունը համակարգող «Շուշի  քաղաքի թանգարաններ» ՊՈԱԿ-ի  տնօրեն,  արվեստաբան Լուսինե Գասպարյանը, խոսելով  Կերպարվեստի թանգարանի մասին, նշել է, որ այն բացվել է  2013թ. մայիսի 9-ին` պրոֆեսոր Գրիգորի Գաբրիելյանցի նախաձեռնությամբ և օգնությամբ:

Թանգարանի շենքը կառուցվել է Շուշիի նախկին իջևանատան հիմքի վրա` պահպանելով վերջինիս ճարտարապետական առանձնահատկությունները: Հավաքածուն կազմված է նվիրատվություններից: Թանգարանի առանձնահատկություններից են նվիրատուների հարուստ ցանկը և ներկայացվող աշխատանքների ընդգրկուն աշխարհագրությունը` Հայաստանի Հանրապետություն, Արցախի Հանրապետություն, Վրաստան, ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիա, Եթովպիա, Ինդոնեզիա, Մադագասկար և այլն:

 

Արժեքավոր են հատկապես թանգարանում պահվող նշանավոր արվեստագետների գործերը (Մ. Սարյան, Ն. Գառզու, Է. Շահին, Ժանսեմ, Հ. Հակոբյան, Դ. Բուռլյուկ, Ա. Շևչենկո, Ա. Սաֆոխին, Դ. Պլավինսկի և այլք): «Շուշի  քաղաքի թանգարաններ» ՊՈԱԿ-ի  տնօրենի փոխանցմամբ Կերպարվեստի պետական թանգարանում այսօր 630 ցուցանմուշ կա: Դրանց թիվն անըդհատ ավելանում է նվիրատուների շնորհիվ:

 

Թանգարանների ուշադրության կենտրոնում են հանրակրթական դպրոցների հետ կրթական ծրագրերը: Հաճախակի են կազմակերպվում այցեր թանգարաններ, որտեղ  դպրոցականները մասնակից են լինում  գիտակրթական միջոցառումների,  ինտելեկտուալ  խաղերի անցկացմանը: Շուշիի թանգարաններն իրենց հյուրընկալ դեռները սիրով են բացում նաև ժամկետային զինծառայողների առջև:

Խոսելով 2018 թ. նախանշված միջոցառումների մասին` տիկին Գասպարյանը նշել է, որ Կերպարվեստի թանգարանում կկազմակերպվեն  անհատական ցուցահանդեսներ, դասական համերգներ, կինոդիտումներ, գեղանկարի և քանդակի սիմպոզիումներ, մշակութային, կրթա-դաստիարակչական միջոցառումներ: Թանգարանի միջազգային նախագծերից է հայտնի շուշեցի քանդակագործ Հակոբ Գյուրջյանի անվան քանդակի սիմպոզիումը, որն այս տարի կանցկացվի 6-րդ անգամ:

Ինչ վերաբերում է ՊՈԱԿ-ի գործունեությանն առհասարակ, ապա, ինչպես տնօրենն է նշում, սերտորեն  համագործակցում են Հայաստանի պատմության թանգարանի հետ: Նախանշված է գործակցություն նաև Հայաստանի ազգային պատկերասրահի հետ: