ԵՐԵՍՈՒՆՀԻՆԳ ՏԱՐՎԱ ՆՎԻՐՈՒՄՈՎ

ԵՐԵՍՈՒՆՀԻՆԳ ՏԱՐՎԱ ՆՎԻՐՈՒՄՈՎ

2018-03-29T15:59:54+00:00 March 13th, 2018|Սյունիք, Լրահոս|

Հուշարձանների պահպանության ոլորտում կան աշխատակիցներ, որ թեև ղեկավար պաշտոններ չեն զբաղեցնում, բայց նաև  նրանց կատարած աշխատանքի սրտացավությունից ու պատասխանատվությունից է կախված մի ամբողջ կառույցի աշխատանքի արդյունավետությունը։

 

 

ՊՄՊ Սյունիքի մարզային ծառայության հուշարձանների պահապան Գևորգ Մարգարյանը հուշարձանների պահպանության գործի իսկական նվիրյալներից է արդեն 35 տարի։ Հրաշալի գիտի Սյունիքի ու հատկապես Մեղրու տարածաշրջանի բոլոր հուշարձանները։

Գևորգ Մարգարյանն իր աշխատանքային կենսգրությունն սկսել է շատ երիտասարդ հասակից՝ մինչև խորհրդային բանակում ծառայելը։ Ընդունվել է Գյուղատնտեսական ինստիտուտ (այժմ Հայաստանի ազգային ագրարային համալսարան) ու զուգահեռ աշխատանքի է անցել Մեղրու անտառտնտեսությունում, սկզբում` պահապան,  հետո` գլխավոր անտառագետ, ապա` ավելի քան 10-ը տարի, տնօրեն։  Գյուղատնտեսի մասնագիտական գիտելիքները պրակտիկայով հարստացնելու փորձառությունն իր հերթին նոր հետաքրքրություններ է  ծնում։

Հենց այդ հետաքրքրությունների, տարիների քրտնաջան աշխատանքի արդյուքում էլ 2012 թ.-ին լույս է տեսնում Գևորգ Մարգարյանի հեղինակած առաջին ՝ «Նռենու, թզենու և արքայանարինջի մշակությունը» ծավալուն գիրքը։ Այն հրաշալի խորհրդատու է  գյուղատնտեսությամբ զբաղվողների, այգեգործների համար։ Ի դեպ` գիրքը վերահրատարակվել է  նաև Արցախում։

 

 

Արցախի գյուղնախարարի նախաձեռնությամբ 2015 թ.-ին Ստեփանակերտում լույս է տեսնում Գ. Մարգարյանի «Ձիթենու մշակությունը» գիրքը, որը պատմում է Արցախում և Հայաստանում ձիթենու մշակման բնակլիմայական նպաստավոր պայմանների ու հեռանկարների մասին։ Նույն տարում լույս է տեսել  նաև ««Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի  փշատերև ծառատեսակները» գիրքը: Այժմ Գևորգ Մարգարյանը պատրաստվում է հրատարակության հանձնել իր մյուս աշխատությունը՝ «Ունաբենու մշակությունը», ինչպես ինքն է ասում, մարդու  առողջության համար շատ օգտակար պտղի մասին։

Այսքանով սակայն չեն սահմանափակվում նրա մասնագիտական գիտելիքները։ Բուսաբանության ինստիտուտի անտառագիտության բաժնի երբեմնի ասպիրանտի ուշադրությունից չէր կարող վրիպել Մեղրու շրջանի դենդրոլոգիան և այսօր նրան ճանաչում են նաև որպես փշատերև ծառերի, հատկապես գիհիների, մեծ մասնագետի։

 

 

Անտառտնտեսությունում աշխատելու տարիներին Գևորգ Մարգարյանը սկսում է ծանոթանալ Մեղրու հուշարձաններին ու ինչպես նա է խոստովանում՝ կարծես սիրահարվում դրանց։  Հաշվի առնելով ոլորտում նրա հետաքրքրվածությունը, աշխույժ ու պրպտող բնավորությունը, տարածաշրջանի հրաշալի իմացությունը 1984թ.-ից Գևորգ Մարգարյանն ընդգրկվում է հուշարձանների պահպանության ոլորտում (այն ժամանակ՝ ՀՍՍՀ մինիստրների խորհրդին առընթեր Պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանության և օգտագործման վարչությունում), նախ` որպես հսկիչ, ապա՝ պահապան։

Շուրջ 35 տարի Գևորգ Մարգարյանի աշխատանքային օրն (հաճախ ոչ միայն աշխատանքային) սկսվում և ավարտվում է հուշարձանների տարածքներ այցելությամբ։ Նա հրաշալի գիտի նաև դրանց պատմաճարտարապետական նշանակությունը։ Սիրտը ցավում է ամեն մի ընկած քարի համար։   Ինչպես այս ոլորտի յուրաքանչյուր նվիրյալ, նա ևս ունի իրեն ավելի հոգեհարազատ կամ սիրելի հուշարձաններ։ Դրանցից մեկը Վահրավար համայնքի Կարմիր վանք եկեղեցին է։ «Եկեղեցու կառուցումը կապվում է Արշակ Երկրորդ թագավորի կնոջ՝ Փառանձեմի, անվան հետ, ով մեծացել էր Վահրավար գյուղում և ինչպես գյուղի մեծերն էին ասում՝ եկեղեցին թագավորի կնոջ օժիտն էր»,- այսպես է նա ներկայացնում Կարմիր վանքը։

Սիրելի կառույցի շուրջ զրույցն ավելի է ծավալվում, երբ հիշում է իրենց գյուղ Ավետիք Իսահակյանի կատարած այցը։ Մխիթարյան միաբանությունում սովորելու տարիներին  Ավ․ Իսահակյանը հանդիպում է Վահրավարի հայտնի Ախպերջանյանների տոհմից սերող միաբաններից մեկին, ով հետո Իսահակյանին խնդրում է, որ Հայաստան վերադառնալու դեպքում անպայման գնա իրենց գյուղ և այցելի Կարմիր վանք եկեղեցի։ Վահրավար կատարած Ավ․ Իսահակյանի այցին հետագայում անդրադարձել է Վախթանգ Անանյանն իր «Լեռներ հայրենի» ժողովածուում։

Գևորգ Մարգարյանն անկեղծանում է, որ իր գործն ու առօրյան չի պատկերացնում առանց հուշարձանների, ինչպես ինքն է ասում՝ մագնիսի պես ձգում են․ «Մեր տարածաշրջանում կան հուշարձաններ, որոնք գտնվում են բարձրադիր գոտիներում, ու մինչև ձյունը չհալչի, հնարավոր չէ այցելել դրանց տարածքներ։ Երբ եղանակի  պատճառով չեմ կարողանում բարձրանալ, օրերն եմ հաշվում, թե երբ է գարունը գալու, ձյունը հալվելու, որ գնամ սարերը։ Հրաշալի ճարտարապետություն,  մաքուր օդ, հեքիաթային լանդշաֆտ․․․ ոչնչի հետ չեմ փոխի։ 64 տարեկան եմ, բայց  ուժս, եռանդս  տեղն է,  եթե սիրտս չանհանգստացնի, դեռ շատ կարող եմ աշխատել ու առանց նեղվելու հասնել նաև բարձրադիր գոտիների հուշարձանների տարածքներ, աշխատանքս ինձ օգնում է երիտասարդ մնալու, հոգու քաղցը բավարարում եմ աշխատանքի ընթացքում», -առանձնակի ոգևորությամբ ասում է Գևորգ Մարգարյանը։

2017թ․ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը բարեխիղճ աշխատանքի համար Գևորգ Մարգարյանին պարգևատրել է պատվոգրով։