ՆՐԱՆՑ ԱՇԽԱՏԱՆՔԸ ԿԱՄՈՒՐՋ Է ԱՆՑՅԱԼԻ ՈՒ ՆԵՐԿԱՅԻ ՄԻՋԵՎ

ՆՐԱՆՑ ԱՇԽԱՏԱՆՔԸ ԿԱՄՈՒՐՋ Է ԱՆՑՅԱԼԻ ՈՒ ՆԵՐԿԱՅԻ ՄԻՋԵՎ

2018-04-10T09:40:20+00:00 April 10th, 2018|Լրահոս|

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի վերականգնման լաբորատորիայում պարբերաբար  վերականագնվում են  կազմակերպության  ֆոնդերում և մասնաճյուղ արգելոց-թանգարաններում պահվող առարկաները, ինչպես նաև` պեղումներից հայտնաբերված գտածոները: Փոքրիկ աշխատասենյակում կողք-կողքի շարված, տարբեր ժամանակաշրջաններն ընդգրկող ու բացառիկությամբ միմյանց չզիջող հնագիտական առարկաները ամրակայումից ու վերականգնումից հետո ներկայանում են այցելուներին: Այդ ծավալուն ու պատասխանատու աշխատանքը ստանձնած վերականգնման լաբորատորիայի վարիչ Տիգրան Զաքյանը, հնամարդաբան Հասմիկ Սիմոնյանն ու  վերականգնող Ներսես Մամիկոնյանը յուրաքանչյուր առարկայի նկատմամբ անհատական մոտեցում են ցուցաբերում:

«Ցուցադրության ներկայացված առարկաների   «առողջացման»` մաքրման ու  վերականգնման անհրաժեշտությունը օրինաչափ է ու արդարացված», -ասում է վերականգնման լաբորատորիայի վարիչը: Տիգրան Զաքյանը ցույց է տալիս «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանից  բերված նյութերը: Այդ առարկաների մի մասը 1960-70 ականներին վերականգնվել են, ցավոք մի քանիսը` ոչ պատշաճ:

«Այն ժամանակ  գուցե փորձը մեծ  չէր կամ էլ  վերականգնելիս մի փոքր շտապել են: Հիմա մենք աշխատում ենք  շտկել նախկինում թույլ տրված սխալները», -նշում է  Տ. Զաքյանն, ավելացնելով, որ «Մեծամոր»-ի ֆոնդից ու ցուցադրությունից այս տարի լաբորատորիա է բերվել  60 միավոր առարկա:

Հնագիտությունը  անբացատրելի հետաքրքիր աշխարհ է, ոչ պակաս  հետաքրքիր է նաև այդ առարկաներին նոր կյանք տալը: Պեղավայրից բերված գտածոի արտաքին շերտը, երբեմն փակում է ինչ որ զարդանախշ, որը կարող է նաև գլոբալ փոփոխությունների բերել գիտական աշխարհում:

Վերականգնման լաբորատորիայի աշխատակիցները խեցեղենից բացի, մաքրում, ամրակայում և վերականգնում են հնագիտական մետաղե առարկաներ, մարդկային և կենդանական ոսկորներ և դրանցից պատրաստված առարկաներ: Դրանց թվում  բացառիկ է Մեծամոր հնավայրից հայտնաբերված և հետուրարտական ժամանակաշրջանով  թվագրվող, քարից պատրաստված ափսեն եզակի  (գտնվել է դամբարանում):  Նմանատիպ ափսե հայտնաբերվել է նաև Լոռի բերդի պեղումների ժամանակ:

 

Լաբորատորիայում մետաղե առարկաները մաքրում, վերականգնում է Ներսես Մամիկոնյանը: Ամբողջ գործընթացը կատարվում է մանրադիտակի սուր «աչքի» հսկողությամբ` հատուկ գործիքների միջոցով գնահատվում է առարկաների պահպանվածության  աստիճանը, որից հետո վերականգնողը լծվում է բուն աշխատանքին:

«Հիմա սրանք մաքրման փուլում են, հետո կսկսենք վերականգնել: Նստվածքը դժվար է մաքրվում, հատուկ նյութերով ու խոզանակներով զգուշորեն մաքրում ենք դրանք, որ հիմնական շերտը չվնասենք: Վերականգնման ընթացքում արդեն լրացնում ենք բացակա հատվածները»,-զրույցը շարունակում է լաբորատորիայի վարիչը:

Արդեն մի քանի տարի է լաբորատորիայում են գտնվում Մեծամորից բերված երկու կարասները: Հայ-լեհական միջազգային հնագիտական արշավախմբի իրականացրած պեղումների ընթացքում բացվել է վաղ երկաթի դարաշրջանին (մ.թ.ա. XI-IX դդ.) վերաբերող կացարան, որը հավանաբար հրկիզվել է բնակավայրի գրոհի ժամանակ: Այս մասին վկայում է տվյալ հատվածում առկա մոխրի հաստ շերտը: Տիգրան Զաքյանը հայտնաբերված մեծ քանակությամբ բեկորները մաքրելուց և դասակարգելուց հետո հավաքել և ամբողջացրել է երկու կարաս, որոնց բացակա հատվածները լրացրել է գիպսով, այդպիսով նոր կյանք պարգևելով  մեր հազարամյա մշակույթի մի մասնիկը համարվող  գտածոներին:

Կարասներն առաջիկայում կտեղափոխվեն ու կցուցադրվեն «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում: Մշտական ցուցադրությունում  կարասները առանձնահատուկ տեղ կունենան, քանի որ մինչ այդ իրենց ձևով ու չափսերով  նմանատիպ կարասներ չեին հայտնաբերվել: Նման կարասներ հանդիպում են Կարմիր բլուրի մինչուրարտական բնակավայրի, Դվինի երկաթեդարյան բնակատեղիի պեղումներից:

Տիգրանը մեզ ցույց է տալիս մի փոքրիկ գավաթ, որը հայտնաբերվել է կարասների բեկորների հետ: Կարասներից մեկի իրանի վերնամասում բացահայտվել և վերականգնվել է ելուստ-հարթակ, որն էլ հավանաբար նախատեսված է եղել վերոնշյալ գավաթի համար:

Հսկա կարասները կիսով չափ թաղված են եղել հողի մեջ, ինչը ենթադրել է տալիս, որ դրանց մեջ մեր նախնիները գինի են պահել:

Ինչևէ, առաջիկայում պատրաստ կլինեն դրանց մետաղյա պատվանդանները, որից հետո վերականգնված առարկաները կտեղափոխվեն «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարան` ցուցադրության:

 

 

 

 

 

Հեղ. Մ. Ավանեսյան