ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՀԵՏ ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՀԵՏ ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ

2018-11-07T15:23:37+00:00 November 3rd, 2018|Շիրակ, Լրահոս|

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանի հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաև ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Կարեն Փահլևանյանը, ՊՄՊ մարզային ծառայության պետ Վալերիկ Նազարեթյանը, Շիրակի մարզպետի խորհրդական Վանիկ Սերոբյանը:

Հուշարձանների պահպանության ու հանրահռչակման ոլորտում որդեգրած քաղաքականության մեջ կարևոր է նաև Տեղական ինքնակառավարման մարմինների դերը: Հենց  նրանց հետ սերտ ու ամենօրյա ճիշտ համագործակցության դեպքում հնարավոր կլինի խուսափել  մի շարք խնդիրներից:

ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը Շիրակի մարզպետին է ներկայացրել կազմակերպության գործունեությունը, մարզային ծառայության հուշարձանների պահապանների աշխատանքը պատմամշակութային ժառանգության պահպանության ոլորտում:

«Մեր կազմակերպության գործունեությունը լայն ասպեկտ է ընդգրկում` հուշարձանի պահպանություն, հանրահռչակում, օգտագործում, նաև` գիտահետազոտական աշխատանք: Մենք առավել սերտ գործակցության կոչով ու խնդրանքով ենք դիմում ձեզ, քանի որ դրանից կշահի միայն մեր մշակույթը: Ցավոք, հասարակության շրջանում մեր պահապաններին լավ չեն ճանաչում: Կխնդրեի ձեր հսկողության տակ պահել համայնքների  ղեկավարների ու մարզային ստորաբաժանման աշխատակիցների հետ հետագայում իրականացվելիք  աշխատանքները», -իր խոսքում ասել է Արա Թարվերդյանը:

Շիրակի մարզպեպետն իր հերթին վստահեցրել է, որ մարզի իշխանությունները պատրաստ են գործակցության:

«Մեր ցանկությունները համընկնում են, չափազանց կարևորում ենք  պատմամշակութային ժառանգության պահպանությունը, սա մեր ընդհանուր գործը պետք է լինի։ Վստահ եմ, որ համատեղ ուժերով հնարավոր կլինի լուծել այս ոլորտում առկա մի շարք խնդիրներ և նպաստել մարզում զբոսաշրջության զարգացմանը»,-նշել է Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը:

Մարզպետը ներկաներին պատմել է, որ Մարմաշեն համայնքում իրավախախտման դեպքին անձամբ է առնչվել:  Կ. Սարուխանյանը վստահեցրել է, որ ամեն ինչ կարվի նման երևույթները մարզում բացառելու համար:

Արա Թարվերդյանի խոսքով իրավախախտումները բացառելու հարցում մեծ է համայնքների ղեկավարների դերը, մեր հայրենակիցների հետ անհրաժեշտ բացատրական աշխատանքների համատեղ կազմակերպումը:

Անդրադարձ է եղել նաև երբեմն հուշարձանի տարածքում բարերարների կողմից նոր հուշարձան կառուցելուն, ինչն անթույլատրելի է պահպանական գոտու տարածքում: Նշվել է, որ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը նաև գիտակրթական, գիտաճանաչողական միջոցառումներ է իրականացնում, հուշարձանների վերաբերյալ բուկլետներ  է  հրատարակում:

Մարզպետ Սարուխանյանը պատրաստակամություն է հայտնել  հանդիպում  կազմակերպել մարզի 42 համայնքների, կրթօջախների ղեկավարների հետ, որպեսզի ՊՈԱԿ-ի պատասխանատու Խորեն Գրիգորյանը /ով կհամակարգի մարզերում հուշարձանների հանրահռչակմանը միտված աշխատանքները/ կարողանա ներկայացնել գործակցության հիմնական ուղղությունները և աշխատանքները, որ պատրաստվում են  իրականացնել  համատեղ:

ՊՈԱԿ-ի տնօրենը մարզպետի ուշադրությանն է հրավիրել համայնքների՝ մշակութային շերտ պարունակող հողհատկացումների խնդրի վրա, գերեզմանոցների /հուշարձանների/ տարածքներում հուղարկավորության դեպքերի անթույլատրելիությանը:

Շիրակի մարզը հարուստ է մշակութային ժառանգությամբ, սակայն, դրանցից շատերին օտարերկրացի զբոսաշրջիկները ծանոթ չեն: Հուշարձանները պատշաճ ներկայացնելու, մարզում զբոսաշրջության զարգացմանը խթանելու նպատակով Արա Թարվերդյանն առաջարկել է նաև համատեղ  քննարկել  ու  մշակել  ծրագրեր, որոնք կակտիվացնեն այցելուների հոսքը:

ՊՈԱԿ-ի ղեկավարությունը աշխատանքային հանդիպում է ունեցել նաև ՊՄՊ Շիրակի մարզային ծառայության պատասխանատուների հետ: Արա Թարվերդյանն ասել է, որ նկատելի է մ/ծ աշխատանքը և ինքն այն դրական է գնահատում: Նա հորդորել է առավել ակտիվ գործակցել բնակչության ու կրթօջախների հետ:

ՊՈԱԿ-ի ղեկավարությունը լսել է նաև մարզային ստորաբաժանման աշխատակիցներին հուզող հարցերը, տրվել են համապատասխան հանձնարարականներ:

Աշխատանքանյին հանդիպումներ են նախատեսվում նաև մյուս մարզերում: