ՊՈԱԿ-Ի ՏՆՕՐԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄ Է ԱՋԱԿՑԵԼ ՀՈՌՈՄՈՒՄ ԹԱՆԳԱՐԱՆԻ ՍՏԵՂԾՄԱՆԸ

ՊՈԱԿ-Ի ՏՆՕՐԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄ Է ԱՋԱԿՑԵԼ ՀՈՌՈՄՈՒՄ ԹԱՆԳԱՐԱՆԻ ՍՏԵՂԾՄԱՆԸ

2018-11-05T15:55:49+00:00 November 5th, 2018|Շիրակ, Լրահոս|

Շիրակի  մարզում  2500-ից  ավելի  հուշարձան կա:  Դրանց պահպանությունը   իրականացնում  են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի  աշխատակիցները: Ոչ  միայն պահպանում ու հանրահռչակում  են, այլև` բացահայտում  մշակույթի  նվիրյալներին:  ՊՈԱԿ-ի գիտաշխատող  Խորեն  Գրիգորյանը Շիրակի մարզում  դաշտային աշխատանքներից  մեկի  ժամանակ ծանոթացել  է հետաքրքրասեր  երիտասարդի  հետ: Նեղ մասնագիտական կրթություն չունեցող, բայց ազգագրության մասին  բավականին տպավորիչ  գիտելիքներ  ունեցող  Նարեկ  Դավթյանը  չի  վրիպել  ՊՈԱԿ-ի  գիտաշխատողի  աչքից:  Հոռոմ գյուղում ապրող  համեստ  երիտասարդը  օրվա հացի փողը  վաստակում  է առևտուր  անելով: Ընտանիքը  մեծ է, բայց դա չի խանգարում, որ վաստակած  գումարի  մի  մասը  Նարեկը  ծախսի  ազգագրական բնույթի  կենցաղի  իրեր  ու  առարկաներ ձեռք  բերելու  համար: Համեստ  կենսակերպով  այս օջախում  միանգամից  աչքի են զարնում  սկուտեղները, թեյնիկները, կշեռքները, ինքնաեռները, սայլերի մասերը, արծաթե գոտիները, կճուճները, թանկարժեք արդուզարդը, դաշույնները: Դրանց  թվում  նույնիսկ  300 տարվա վաղեմություն  իրեր կան, որոնք գնել է Սյունիքից, Ջավախքից, Իրանի Իսլամական Հանրապետությունից: Որքան մեծ  է աշխարհագրությունը, այնքան հետաքրքիր  է  առարկաների պատմությունը: Նարեկ Դավթյանի  «թանգարանը»  իր տունն է, «ցուցասրահն» էլ`  հյուրասենյակն  ու  ննջասենյակը,  որտեղ  անգամ  ողջ  հավաքածուն  չի տեղավորվում:

Առաջին  նմուշը  Նարեկը  ձեռք  է  բերել  7 տարի առաջ, երբ պատահաբար  իմացել է, որ հարևանը տանը կճուճ ունի: Դրանք վերցրել  է ծաղկամանի  նպատակով, բայց երբ հասկացել  է, որ արժեքավոր  են` մտափոխվել  է: Յուրաքանչյուր  իր կամ առարկա գնելիս  Նարեկը  լուրջ  աշխատանք  է իրականացնում:  Գրեթե  բոլոր  մարզերում  ծանոթներ, ընկերներ  ունի: Նրանց հետ մշտական  կապ է պահում:  Եթե  իմանում է, որ Սյունիքում ինչ-որ մեկը  դաշույն կամ գոտի է վաճառում, անձամբ  է գնում  տեսնելու, նաև` գնելու  համար:

«Նախկինում, երբ ինչ որ մեկին տեսնում  էի, ոչ թե հարցնում  ո՞նց է, այլ հետաքրքրվում  էի ազգագրական բնույթի իր  կամ առարկա  ունի՞», -պատմում  է Նարեկը:

Նա հպարտությամբ է  ցույց տալիս  իր հյուրասենյակի պատերը զարդարող առարկաները` պատմում  յուրաքանչյուրի մասին:  Նարեկը երազում  է Հոռոմ գյուղում ազգագրական բնույթի թանգարան բացելու  և  հավածաքուն  այցելուներին  ներկայացնելու մասին:

«Ցանկալի է, որ Հոռոմում  բացվի, իմ հարազատ գյուղում  կյանք ու մշակույթ  կա: Զբոսաշրջիկներն էլ  շատ են գալիս  Հոռոմ` «Քաղաքատեղի Հոռոմ» դամբարանադաշտը, 1860թ. կառուցված  Սուրբ  Հսիփսիմե  եկեղեցին  տեսնելու  համար:  Եթե  կարողանանք  մեկտեղել այս ամենը թանգարանի  հարկի  ներքո`  հետաքրքիր  ու  յուրօրինակ մշակութային  օջախ  կունենանք», -ասում  է  Ն.Դավթյանը:

Սուրբ  Հսիփսիմեն  խոնարհված  եկեղեցի է: Նարեկն ասում է, որ այն առաջիկայում  կվերականգնվի բարերարի շնորհիվ: Նույն բարերարը նաև  խոստացել  է աջակցել  տարածքի ձեռքբերման հարցով: Նորոգումն  ու  տարածքի բարեկարգումը  երիտասարդ  կոլեկցիոներն  անձամբ  կանի:

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը  և  տնօրենի  տեղակալ  Կարեն Փահլևանյանը  ցուցանմուշներին  տեղում  ծանոթանալուց հետո  Ն. Դավթյանի հետ քննարկել  են այն խնդիրները, որոնց  լուծումը կարող  է  նպաստել  ցուցադրությունը  պատշաճ  ներկայացնելուն:  ՊՈԱԿ-ի  տնօրինությունը պատրաստակամ է աջակցել  թանգարանի ստեղծմանը, հավաքածուն թանգարանային  ցուցադրության  պատշաճ  վիճակի  բերելու, էթիքեթների  պատրաստման  ու  այլ  հարցերում:

Համապատասխան  ընթացակարգից  ու  թանգարանի  ստեղծումից  հետո  Նարեկ  Դավթյանն  էլ  իր  հերթին  պատրաստ  է  ողջ   հավաքածուն  նվիրատվությամբ  հանձնել  «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին: