ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ ԵՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՄԱԺՈՂՈՎՆԵՐ

ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ ԵՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՄԱԺՈՂՈՎՆԵՐ

2018-12-11T09:40:53+00:00 November 26th, 2018|Լրահոս|

Գերմանիայի  Դաշնության  Լայպցիգ և Վեյմար քաղաքներում անցկացված «Եվրոպական ժառանգության կամավորների գործընկեր»  ծրագրերի համակարգողների և «Կամավորության լավագույն մոդելները` Եվրոպական մշակութային ժառանգության համար» խորագրերը կրող  համաժողովներին մասնակցել է նաև «Պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի պատվիրակությունը:

«Կամավորության լավագույն մոդելները` Եվրոպական մշակութային ժառանգության համար» խորագրով  խորհրդաժողովն  անցկացվել է հին շինությունների  և  հուշարձանների պահպանությանը, վերականգմանը և վերանորոգմանը նվիրված Եվրոպական առաջատար ցուցահանդեսի շրջանակում` Եվրոպական ժառանգության տարվա համատեքստում:

Եվրոպական ժառանգության կամավորներ կազմակերպության հետ նախապես պայմանավորվածություն էր ձեռք բերվել ցուցահանդեսի օրերին «Դենկմալ» – Հին շնությունների կոնսերվացիայի, վերականգնման և վերանորոգման Եվրոպայի առաջատար ցուցահանդես-տոնավաճառին (Denkmal – Europe’s Leading Fair For Conservation, Restoration And Old Building Renovation) Հայաստանը ներկայացնել  խաչքարագործության մասին առանձին ստենդով ու վարպետության դասով:

Հայկական պատվիրակության հետ Գերմանիա էր մեկնել նաև ՀՀ  ժողովրդական վարպետ Վարազդատ Հարությունյանի խաչքարագործության դպրոցի  ներկայացուցիչ  Գարիկ  Հովհաննիսյանը: Մասնակիցները հնարավորություն են ունեցել  տեսնելու խաչքարգործության  մասին տեսաֆիլմ: Խոսվել է նաև Ջուղայի գերեզմանատան հայկական խաչքարերի ոչնչացման և մշակութային ցեղասպանության մասին:

Այցելուները  մեծ  հետաքրքրություն են ցուցաբերել  Հայաստանի պատմության, մշակույթի և խաչքարագործության մասին,  տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ գործակցության ու համատեղ ծրագրեր իրականացնելու պատրաստակամություն են հայտնել:

Քննարկվել են նաև Եվրոպական ժառանգության կամավորներ կազմակերպության հետ հետագա համագործակցության ուղղությունները, նաև` Հայաստանի պատմամշակութային հուշարձանների պահպանության և հանրահռչակման գործում միջազգային կամավորների ընդգրկելու հարցը:

Դենկմալ Էքսպոյի շրջանակում`«Զորաց Եկեղեցի  արգելավայրը և շրջակա հուշարձանները»  թեմայով  զեկուցումով  հանդես  է  եկել  նաև «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն  Արա Թարվերդյանը:

Նա խոսել է «Եվրոպական ժառանգության կամավորներ» կազմակերպության տնօրեն Բերտ Լյուդվիգի հետ ձեռք բերված պայմանավորվածության մասին, որով  նախատեսվում է կամավորական ճամբարի հիմնում Վայոց ձորի մարզում: Մասնավորապես` ՊՄՊ Վայոց ձորի մարզային ծառայության հուշարձանների պահապանների հսկողությամբ  Եղեգիս համայնքի Զորաց վանքի և շրջակա տարածքի բարեկարգման, խոտածածկի մաքրման, հուշարձանի բեկորների անձնագրավորման, վերականգնման և այլ աշխատանքներ կիրականացվեն: Արա Թարվերդյանը տեղեկացրել է, որ կամավորներն ուսումնասիրելու են նաև տարածաշրջանի այլ հուշարձաններ (Գեղարքունիքի մարզի Նորատուսի խաչքարադաշտը):

Միջոցառմանը  բացման խոսքով հանդես է եկել Գերմանիայի Դաշնության մշակութային ժառանգության վարչության նախագահ և «Մշակութային ժառանգության եվրոպական տարի – 2018» նախագծի  գերմանական կողմի համակարգող  Ուվե  Կոխը:

Հետագա գործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերվել միջոցառմանը  մասնակից այլ կազմակերպություների ներկայացուցիչների հետ: Մասնավորապես` Ռուսաստանաի Կարելիայի երկրամասի «Կիժիի ազգագրության բացօթյա» և  Բուլղարիայի «Դոբրիխի տարածաշրջանային պատմական թանգարան»-ների հետ: Իսկ Ռուսաստանի Դաշնության վերականգնողների միության  ներկայացուցիչ Ռոման Ֆատինի հետ հանդիպմանը քննարկվել է 2019թ. հոկտեբերի 7-ից 9-ը Մոսկվայում կայանալիք “Դենկմալ-Մոսկվա” միջոցառմանը «Պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի առանձին տաղավարով ներկայանալու հնարավորությունը:

Օսմանշտետ Մանոր Հաուս (Osmannstedt Manor House) ավանում տեղակայված սեմինարների կենտրոնում անկցկացված «Եվրոպական ժառանգության կամավորների գործընկեր» ծրագրերի համակարգողների  համաժողովին մասնակցել են  պատմամշակութային ժառանգության պահպանության ու հանրահռչակման  ոլորտի  մասնագետներ` Լեհաստանից, Խորվաթիայից, Ռուսաստանի Դաշնությունից, Պորտուգալիայից, Վրաստանից, Ուկրաինայից, Ալբանիայից, Բուլղարիայից, Նիդեռլանդներից, Գերմանիայից և Իսպանիայից:

Նպատակը` պատմամշակութային ժառանգության պահպանության և հանրահռչակման ոլորտի պատասխանատուների փորձի փոխանակմանը, հետագա գործակցությանը ու համատեղ ծրագրերի իրականացմանը նպաստելն է: Եվրոպական ժառանգության կամավորների գործընկեր ծրագրերը ընդգրկում են կամավորների կողմից պատմամշակութային ժառանգության պահպանման, վերականգման և կրթության հետ կապված միջոցառումներ:

Քննարկված հարցերի թվում նաև միջազգային կամավորական ճամբարների կազմում` հուշարձանների պահպանության և հանրահռչակման գործն ընդգրկելու  հարցն է  եղել: Քննարկվող ծրագիրը խոստանում է լինել  ընդգրկուն և արդյունավետ` կամավորները  կիրականացնեն հուշարձանի կոնսերվացիա,  վերականգնում:  Ներկայացվել են նաև նախորդ տարիներին կազմակերպված ծրագրերի լավագույն օրինակները:

Հայաստանի պատվիրակության ներկայացուցիչ, ՊՈԱԿ-ի տնօրենի խորհրդական Սերոբ Հունանյանը ծրագրի ընթացքում լուսապատկերային եղանակով (slide show) ներկայացրել է մեր երկրի հարուստ պատմամշակութային ժառանգությունը, ՊՈԱԿ-ի  մասնաճյուղերը և գործունեությունը: Քննարկվել են եվրոպական տարբեր կազմակերպությունների միջև համագործակցության զարգացման և ամրապնդման ուղղությամբ տարվող աշխատանքների հնարավորությունները, հուշարձանների տարածքներում իրականացվող կամավորական աշխատանքները:

Մասնակիցները ոգևորությամբ պատրաստակամություն են հայտնել մասնակցելու  Հայաստանի պատմամշակութային հուշարձանների  տարածքներում կազմակերպվող  ծրագրերին: