ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ ԵՆ ԱՐԱՐԱՏԻ ԱՌԱՎԵԼ ՀԱՅՏՆԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐՆ ՈՒ ՀԻՆ ԵՐԵՎԱՆԻ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ ԵՆ ԱՐԱՐԱՏԻ ԱՌԱՎԵԼ ՀԱՅՏՆԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐՆ ՈՒ ՀԻՆ ԵՐԵՎԱՆԻ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

2018-12-03T15:46:36+00:00 November 27th, 2018|Արարատ, Լրահոս|

ՊՄՊ Արարատի մարզային ծառայության և Զանգակատուն համայնքի միջնակարգ դպրոցի համատեղ նախաձեռնությամբ, բարձր դասարանների աշակերտների համար, կրթօջախում անցկացվել է «Ճանաչենք, պահպանենք» խորագրով բաց դաս:

Բաց դասի ընթացքում հուշարձանների պահպանության վերաբերյալ ամփոփ տեղեկություն է ներկայացրել ծառայության պետ Ռոման Կարապետյանը։ Իսկ պետի տեղակալ Աննահիտ Դալլաքյանն անդրադարձել է մարզի առավել հայտնի  6 հուշարձաններին՝ «Քաղաքատեղի Արտաշատ», «Դվին քաղաքատեղի», «Խոր վիրապ» և «Սուրբ Կարապետ» վանական համալիրների, «Կաքավաբերդ» և «Տափի բերդ»։  Դասախոսությունն ուղեկցվել է հուշարձանների լուսապատկերային ցուցադրությամբ։

Անահիտ Դալլաքյանն անդրադարձել է նաև Զանգակատուն համայնքի պատմությանը, հուշարձաններին, այդ թվում Պարույր Սևակի տուն-թանգարանին, «Հորթուն» և «Աղքիլիսա» բնակատեղիներին:

Հանդիպման  ավարտին  դպրոցի տնօրենը նշել է, որ նմանօրինակ միջոցառումները ամրապնդում են կրթություն-մշակույթ կապը: Մարզային ծառայության պետն ու տեղակալը կրթօջախի տնօրենի հետ քննարկել են համատեղ էքսկուրսիաների,  արշավների վերաբերյալ հարցեր։

Իսկ Գոռավան համայնքի միջնակարգ դպրոցում կազմակերպել է «Հին ու նոր Երևան» խորագիրը կրող ցուցադրություն` նվիրված մայրաքաղաք Երևանի 2800 ամյակին: ՊՄՊ Արարատի մարզային ծառայությունը ցուցադրությունը իրականացրել է ՊՈԱԿ-ի մշակութային միջոցառումների կազմակերպման և մարքեթինգի բաժնի աջակցությամբ։ Այն ընդգրկում է հին ու նոր Երևանի 60-ից ավելի վավերագիր։

Ցուցադրության բացմանը ներկա են եղել դպրոցի տնօրենը, մանկավարժներ,  աշակերտներ։ ՊՄՊ Արարատի մարզային ծառայության պետ Ռոման Կարապետյանն ու տեղակալ Անահիտ Դալլաքյանը ներկայացնելով Երևանի 2800 ամյակին վիրված ցուցադրությունը, առավել մանրամասն անդրադարձել են մայրաքաղաքի ամենահին՝ Աստաֆյան փողոցի, ցուցադրության ամենահին՝ 1885թ. արված Երևանի բերդի և Ձորագյուղի, Երևանի Կապույտ  մզկիթի  լուսանկարներին։  Ցուցադրությանը միացել  է նաև  դպրոցը՝  ներկայացնելով 2800 ամյա մայրաքաղքի մասին պատմող երկու ցուցավահանակ։

Կրթօջախի տնօրեն Գ․ Աթոյանը նշել է, որ նմանօրինակ ճանաչողական ցուցադրությունները օգնում են ոչ միայն ավելին իմանալ հին Երևանի մասին, այլև ծանոթանալ մայրաքաղաքի ճարտարապետական  առանձնահատկությանը։