ՄԱՔՐՎԵԼ ԵՆ ՄԱՐԶԵՐԻ 300-ԻՑ ԱՎԵԼԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐ

ՄԱՔՐՎԵԼ ԵՆ ՄԱՐԶԵՐԻ 300-ԻՑ ԱՎԵԼԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐ

Համապետական շաբաթօրյակին ակտիվ մասնկացել է «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը իր ստորաբաժանումներով: Մայրաքաղաքում մաքրվել է Հրազդանի կիրճի Մանկական երկաթուղու հարևանությամբ գտնվող թվով 11 հուշարձանի տարածք: «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները աղբից մաքրել են նաև հարակից  այգու տարածքը, ձորը:

Ակտիվությամբ աչքի են ընկել նաև ՊՄՊ մարզային ծառայության աշխատակիցները: Որոշ մարզերի հուշարձանների տարածքներում առկա ձյունը նույնիսկ չի խանգարել աշխատանքների իրականացմանը:

Վայոց ձորի մարզում օրինակ հուշարձանների պահապանները համայնքների բնակիչների, գյուղապետարանների աշխատակիցների / թվով 400 մարդ/ աջակցությամբ մաքրել են թվով 45 հուշարձանի տարածք: Մասնավորապես՝ Սելիմի քարավանատան, Թուխ Մանուկ  հուշարձանի, Գնդեվազի սուրբ Աստվածածին եկեղեցու, Օրբելյանների տոհմական գերեզմանոցի, Ելփինի սուրբ Սարգիս եկեղեցու տարածքները:

Կոտայքի մարզային ծառայության աշխատակիցները համայնքների բնակիչների ակտիվ մասնակցությամբ /400 մարդ/ աղբից մաքրել են մարզի 40 հուշարձանի տարածք: Աշխատանքներն իրականացվել են Առինջի գերեզմանոցի, Կարմրավոր մատուռի, Արգել համայնքում գտնվող ԵԱԶ, Ակունք համայնքի Պողոս-Պետրոս եկեղեցական համալիրի, Չարենցավանի վերածնունդ հուշարձանների տարածքներում: Վերածնունդ հուշարձանի տարածքը մարզային ծառայության աշխատակիցները մաքրել են Չարենցավան համայնքի ղեկավար Հակոբ Շահգալդյանի և համայնքապետարանի աշխատակիցների հետ միասին:

Արագածոտնի մարզում մաքրման աշխատանքներն իրականացվել են մարզի 11 համայնքների 20 հուշարձանների՝ մասնավորապես՝ Ծիրանավոր, Կարմրավոր, սրբ. Սարգիս, սրբ. Մարինե, Վանի հերոսամարտի,  Օհանավանի՝ Հովհանավանք վանական համալիրի, Ուջանի՝ Հայդուկների  հիշատակին  նվիրված,  Զորավար  Անդրանիկի հուշարձանի, Արուճի  եկեղեցու  տարածքներում:

Լոռու  մարզում էլ մաքրման աշխատանքներին ակտիվ ներգրավված են եղել համայնքապետարանները, բնակիչները, ժամկետային զինծառայողներն ու դպրոցականները: Շուրջ 150 մարդու աջակցությամբ մաքրվել ու բարեկարգվել է 16 միավոր հուշարձանախմբի՝ Դսեղի հնագույն գերեղմանոց, «Թոփուկ խաչեր» մատուռ, Գյուլագարակ համայնքի՝ Տորմակ եկեղեցի, ԵԱԶ եւ այլ հուշարձանների տարածքներ:

Արարատի մարզում մեր աշխատակիցների հետ ակտիվորեն աշխատել են հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: Շուրջ 400 մարդու /համայնքապետարանների աշխատակիցներ, բնակիչներ, ժամկետային զինծառայողներ/ մաքրել ու բարեկարգել են 20 համայնքի 40 հուշարձանների՝ մասնավորապես՝ «Քաղաքատեղի Դվին» հնավայրի, Վեդի քաղաքի  «Ազատամարտիկների»  պանթեոնի, 1937 թ. անվանի ճարտարապետ Թորոս Թորամանյանի նախագծով կառուցված Գետազարտի մշակույթի տան տարածքները:

Արմավիրցիներն էլ  /120 մարդ/ աջակցել են մարզային ծառայության պատասխանատուներին ու մաքրել մարզի 50 հուշարձանի՝ Հայկավանի սրբ. Մարիամ Աստվածածին, Տանձուտի ԵԱԶ, Սամաղարի եկեղեցի, Մրգաշատի ԵԱԶ հուշարձանների և այլ  հուշարձանների  մերձակայքը: Ակտիվ համագործակցել են նաև մարզի հանրակրթական դպրոցները, «Երիտասարդական հիմնադրամ» և «Կանանց խորհուրդ» Հ/Կ անդամները:

Գեղարքունիքի մարզում էլ ձյունով պատված են եղել  մի շարք հուշարձանների տարածքներ: Մարզային ծառայության աշխատակիցները դրանք կմաքրեն ապրիլի 18-ին: Իսկ մինչ այդ, մարզի տարբեր համայքների 15 հուշարձանների` Գեղաշեն համայնքի սրբ. Աստվածածին եկեղեցու, 9-17-դդ թվագրվող գերեզմանոցի, Աստղաձոր համայնքի Ձիթհան 19-20 դդ, սրբ Պողոս-Պետրոս եկեղեցու, Վանեվանք վանական համալիրի եւ այլ հուշարձանների շրջակայքը մաքրվել ու բարեկարգվել է: Ձմեռը «չի հեռացել» նաև Սյունիքի մարզից:  Չնայած եղանակային վատ պայմաններին սյունեցիները և մարզային ծառայության պատասխանատուները ևս համապատասխան աշխատանքներ են իրականացրել: Մաքրվել են մարզի 40-ից ավելի հուշարձանների տարածքներ: Մասնավորապես՝ մաքրվել են Որոտնավանքի, Սիսիանի Սբ. Հովհաննես եկեղեցու, Եղեռնի զոհերին նվիրված հուշակոթողի, Հաղթակամար կոթողի ու այլ հուշարձանների տարածքները: Ժամկետային զինծառայողների օգնությամբ մաքրման աշխատանքներ են իրականացվել  «Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոցում:

Շիրակի մարզային ծառայության աշխատակիցները մաքրման աշխատանքներին ներգրավվել են թվով 200 մարդու: Չնայած նախատեսված է եղել  մաքրել  նաև Հառիճավանքի տարածքը, սակայն, ձյան հաստ շերտը թույլ չի տվել, փոխարենը՝ մաքրման աշխատանքներ են կատարվել  մարզի  տարբեր համայնքների 12 հուշարձանների տարածքներում:

Տավուշի մարզում էլ  մաքրվել են Իջևան, Բերդ, Հաղարծին, Ակնաղբյուր, Գանձաքարակ և այլ համայնքների 14 հուշարձանների տարածքներ:

Համապետական շաբաթօրյակի ընթացքում ակտիվորեն աշխատանքներ են իրականացվել «Գառնի», «Զվարթնոց», «Գլաձորի համալսարան»  պատմամշակութային, «Մեծամոր» պատմահնագիտական և մյուս արգելոց-թանգարաններում ու արգելոցներում:

Ապրիլի 18-ը հուշարձանների պահպանության ոլորտի աշխատակիցների մասնագիտական տոնն է: Հետևաբար հաջորդ՝ առավել  մեծամաշտաբ  շաբաթօրյակը  կանցկացվի հենց  այդ  օրը: