ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ՖՐԱՆԿՈՖՈՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՔԱՅԼԵՐԹ-ՖԼԵՇՄՈԲ

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ՖՐԱՆԿՈՖՈՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՔԱՅԼԵՐԹ-ՖԼԵՇՄՈԲ

2019-04-16T15:46:43+00:00 April 1st, 2019|Լրահոս|

«Պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի՝ ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակում նախաձեռնած քայլերթ-ֆլեշմոբը կայացավ:

Մայրաքաղաքի կենտրոնում ակցիայի մասնակիցները՝  ՊՈԱԿ-ի աշխատակիցները, կամավորներն ու ֆրանսիական քոլեջի ուսանողները շուրջ մեկ ու կես ժամվա ընթացքում Երեւանի գլխավոր փողոցների անցորդներին ներկայացրել են ֆրանկոֆոն թվով  53՝  Ալբանիա, Անդորա, Հայաստան, Բելգիա, Բենին, Բուլղարիա, Շվեյցարիա, Մոլդովա, Եգիպտոս, Ֆրանսիա և այլ երկրների առավել  հայտնի  հուշարձանները:

Ֆլեշմոբի մասնակիցներին /Հանրապետության հրապարակ,  Շառլ Ազնավուրի հրապարակ, Ֆրանսիայի հրապարակ, Ազատության հրապարակ/ ուղեկցել են «Երևանյան թմբուկահարներ»-ը, որոնց մասնակցությունը բավականին ոգևորող էր:

Թավրիզի համալսարանի դասախոս Լեյլա Սալիքսամանին առաջին անգամ էր Հայաստանում և պատահական հայտնվել էր այսպես ասած «դեպքի վայրում»: Տիկին Լեյլան իր երկրում ֆրանսերեն է դասախոսում: Քաջածանոթ լինելով ֆրանկոֆոն երկրների մշակույթին նա համոզմունք է հայտնել, որ  ակցիան  շատ հետաքրքիր ու  գեղեցիկ էր կազմակերպվել:

Ֆլեշմոբը հետաքրքրություն էր առաջացրել  հատկապես  օտարերկրացիների մոտ, ովքեր «անմահացնում» էին միջոցառման հետաքրքիր պահերը, սելֆիներ անում, նույնիսկ ոգևորում քայլերթի մասնակիցներին՝  ծածանելով  մեր եռագույնը:

«Միջոցառման նպատակը՝ մեր հայրենակիցներին ֆրանկոֆոն երկրների մշակույթի մի փոքրիկ մասին ծանոթացնելն է: Ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակում ՊՈԱԿ-ի կազմակերպած այս տարվա առաջին նախաձեռնությունն է: Հաջորդը ապրիլի 5-ին է՝ «Հայ մտավորականները ֆրանկոֆոն մշակույթում» խորագիրը կրող ցուցադրություն և պար- ներկայացում կլինի  «Զվարթնոց» արգելոց-թանգարանում: Տարբեր մշակույթները ներկայացնելը  ու գիտելիքների հարստացումը  շատ կարևոր ու ճիշտ է», – իր խոսքում ասել է ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը:

Նրա փոխանցմամբ առաջիկայում քայլերթ-ֆլեշմոբ կանցկացվի նաև հանրապետության մարզերից մեկում: