ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ և ԱՐԳԵԼՈՑՆԵՐԻ ՎԱՐԻՉՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ՊՈԱԿ-Ի ՏՆՕՐԵՆԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ՏԵՂԱԿԱԼԸ

ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ և ԱՐԳԵԼՈՑՆԵՐԻ ՎԱՐԻՉՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ՊՈԱԿ-Ի ՏՆՕՐԵՆԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ՏԵՂԱԿԱԼԸ

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը արգելոց-թանգարանների և արգելոցների վարիչներին ներկայացրել է տնօրենի  տեղակալ Խորեն Գրիգորյանին: Վերջինս կազմակերպությունում նոր մարդ չէ, մինչ նշանակումը աշխատել է ՊՈԱԿ-ի գիտահետազոտական բաժնում՝ որպես գիտաշխատող: Հենց արգելոցների ու արգելոց-թանգարանների աշխատանքների արդյունավետ կազմակերպումը կլինի նրա պատասխանատվության տակ:

ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից այդ առումով լուրջ խնդիրներ են դրվել՝ ի շահ հուշարձանի պահպանության, հանրահռչակման, ուսումնասիրման ու օգտագործման:

«Չլինելով այս բնագավառի աշխատող, տեսել եմ նրա աշխատանքի արդյունավետությունը և շատ կարճ ժամանակում հանձնարարությունների ճշգրիտ կատարումը: Խ. Գրիգորյանը պարբերաբար անձնական նախաձեռնություններով է հանդես եկել: Վկան՝ ֆլեշ-մոբի անցկացումն էր Երևանում և Գյումրիում: Արգելոց-թանգարանների և արգելոցների զարգացման հեռանկարային ծրագրերի մասով Գրիգորյանը հետաքրքիր մոտեցումներ ունի, այդ թվում նաև՝ մարքեթինգի առումով: Տնօրենի տեղակալի պաշտոնում նշանակելիս հաշվի եմ առել նաև այն, որ ազգագրագետ է, աշխատել է Սարդարապատի հուշահամալիր ազգային թագարանում ու լավ պատկերացում ունի ֆոնդային աշխատանքից», -իր խոսքում ասել է ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը:

Կազմակերպության ղեկավարն անդրադարձել է ամենակարևոր խնդիրներից մեկի լուծմանը՝ որոշ արգելոց-թանգարաններում տոմսային տնտեսության անցնելուն:

Նշվել է, որ «Զորաց քարեր» բնակատեղի» և  «Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցների, ինչպես նաև՝ «Ամբերդ» և «Ագարակ», պատմամշակութային արգելոցների տարածքներում մինչև տարեվերջ խնդիրը կլուծվի:

Ենթակառուցվածքների զարգացմանը զուգահեռ պետք է նաև ակտիվացնել մշակութային միջոցառումների ցանկը: Արգելոց-թանգարանի այցելուն պետք է հստակ իմանա՝ որոշակի ժամերի մշակութային ծրագրի ականատես կլինի: Կազմակերպության ղեկավարի համոզմամբ այցելուին պետք է նաև մշակույթ ներկայացնել:

Ա. Թարվերդյանը տեղեկացրել է, որ առաջիկայում նորանշանակ տեղակալի հետ կլինեն բոլոր արգելոց-թանգարաններում և արգելոցներում՝ խնդիրները տեղում քննարկելու և լուծման արդյունավետ ուղիներ գտնելու համար:

«Հանդիպումներ ենք նախատեսում նաև Տեղական Ինքնակառավարման մարմինների ղեկավարների ու իրավապահների հետ: Պատկան մարմինները պետք է ճանաչեն ձեզ: Դուք շատ կարևոր աշխատանք եք կատարում՝ ի շահ մեր մշակութային ժառանգության պահպանության», -ասել է ՊՈԱԿ-ի տնօրենը:

SONY DSC

Շնորհակալություն հայտնելով վստահության համար Խորեն  Գրիգորյանն ասել է, որ մշտական կապ է լինելու մասնաճյուղերի վարիչների հետ: Նա խնդրել է գրավոր ներկայացնել վերջին 1 տարվա ընթացքում կատարված և ընթացիկ աշխատանքները, ինչպես նաև՝ հեռանկարային զարգացման իրենց տեսլականը:

«Բոլոր արգելոց-թանգարանները և արգելոցները չէ, որ ունեն ենթակառուցվածքներ: Փորձելու ենք հասցնել դրանք «Զվարթնոց»-ի և «Գառնի»-ի մակադրակի», – ասել է Խ. Գրիգորյանը:

Կարևորելով հուշարձանի հանրահռչակումը նա տեղեկացրել է, որ առաջիկայում հնարավորություն կլինի մասնակցել հանրայնացման սեմինարների: Տնօրենի տեղակալն առաջարկել է ՊՈԱԿ ներկայացնել գիտական պոտենցիալ ունեցող աշխատակիցների տվյալներ՝ ծրագրում ընդգրկելու համար: