PR ԳԱՂՏՆԻՔՆԵՐՆ ՈՒ ԴՐԱՆՑ ԳՈՐԾԻՔԱԿԱԶՄԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

PR ԳԱՂՏՆԻՔՆԵՐՆ ՈՒ ԴՐԱՆՑ ԳՈՐԾԻՔԱԿԱԶՄԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

2019-07-25T12:05:57+00:00 July 22nd, 2019|Լրահոս|

Ինչ է հանրային հարաբերությունները, որն է այդ հարաբերությունների նպատակը, ինչ գործիքակազմեր է պետք օգտագործել դրանց ձևավորման համար:

«Զվարթնոց»  պատմամշակութային արգելոց-թանգարանում «SMM գործիքները» խորագիրը կրող դաս-սեմինարը հենց այս հարցերի պատասխանները ստանալու նպատակն էր հետապնդում: Մեդիա մարքեթինգի գաղտնիքների ու անհրաժեշտ գործիքակազմի կիրառման հարցերը ՊՈԱԿ-ի արգելոց-թանգարանների և արգելոցների պատասխանատուների հետ քննարկում էր ոլորտի պրոֆեսիոնալ  մեդիա պրոդյուսեր, PR մենեջեր և SMM  մենեջեր Էդգար Ամիրխանյանը:

Ինֆորմացիայի դարաշրջանում պետք է քայլել  համահունչ, արդյունավետ ու գրագետ ներկայացնել այն աշխատանքը, որը վստահված է արգելոց-թանգարանների աշխատակիցներին: Հատկապես հուշարձանների պահպանությունը  իրականացնող պատասխանատուները մեծ անելիք ունեն՝ զբոսաշրջիկների համար հուշարձանի գրավչությունն ապահովելու հարցում:

Բանավոր, թե գրավոր խոսքով, մարդկային շփման, թե համացանցի միջոցով տեղեկատվությունը գրավիչ և հետաքրքիր պետք է մատուցվի:

«Պետք է մտածել, թե ինչպես կարելի է ազդել մարդկանց ենթագիտակցության վրա: Ինչ պետք է անել, որ համացանցում տեղ գտած լուրը ոչ միայն ընթերցեն, այլև ցանկություն ունենան գալ ու տեղում տեսնել  հուշարձանը: Պետք է բացառիկ ու հետաքրքիր լինի նյութը: Թանգարան այցելած  մարդու  համար կարևոր ու տպավորիչ է էքսկուրսավարի հետ շփումը՝ նյութի մատուցման ձևը», -իր խոսքում ասել է Էդգար Ամիրխանյանը:

Խոսելով սոցիալական ցանցերի մասին, նա մանրամասնել է դրանցից յուրաքանչյուրի ուղղվածությունը, լսարանը և ըստ այդմ ինչպես կարելի է «օգտագործել» Ինստագրամի, Թվիթերի, կամ Ֆեյսբուքի հնարավորությունները:

PR ռազմավարության մյուս ճյուղերին  մեդիա ոլորտի մասնագետը ևս անդրադարձել է: Կարևոր է ոչ միայն խոսքը, այլև՝ կադրը: Է. Ամիրխանյանի փոխանցմամբ նաև տարբեր ծրագրերի միջոցով հետաքրքիր լուսանկարներ անելուը, ապա համապատասխան  ծրագրերի միջոցով հղկելը, գեղեցկացնելը ևս շատ կարևոր է:

Դաս-սեմինարի մասնակիցները տեղում առաջադրանք ստացան  սմարթֆոններով  լուսանկարել  «Զվարթնոց»-ը:

Արգելոց-թանգարանների ու արգելոցների պատասխանատուների հետ քննարկվել է նաև լրատվամիջոցների հետ գործակցության անհրաժեշտությունը:

Է. Ամիրխանյանը նաև օրինակների վրա է պարզաբանել գրագետ ու լավ փիառի ազդեցությունը, խոսել հայաստանյան որոշ կազմակերպությունների մասին, որոնք այսօր PR դաշտում ոչ միայն գերիշխող են այլև՝ թիմային ու գրագետ աշխատանքի շնորհիվ լայն ճանաչում ունեն միջազգային հարթակում:

Դաս-սեմինարի ավարտին շնորհակալություն հայտնելով հետաքրքիր ու բովանդակալից քննարկման համար ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը համոզմունք է հայտնել, որ առաջիկայում էլ հանդիպման առիթ կստեղծվի, ինչպես նաև՝ այցելություն կկազմակերպվի հենց հուշարձանների տարածքներ: