ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐՈՎ ՀԱԳԵՑԱԾ Է ԵՂԵԼ «ԶՎԱՐԹՆՈՑ» ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆԸ

ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐՈՎ ՀԱԳԵՑԱԾ Է ԵՂԵԼ «ԶՎԱՐԹՆՈՑ» ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆԸ

2015-05-20T17:33:26+00:00 May 19th, 2015|Լրահոս|

Թանգարանային գիշերը «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում ներկայացվել է «Մի լուսանկարի պատմություն» խորագրով դասախոսություն: Արգելոց-թանգարանի էքսկուրսիոն և ֆոնդային բաժնի վարիչ Լարիսա Հարությունյանը այցելուներին ներկայացրել է Հայոց ցեղասպանությանն առնչվող լուսանկարի պատմությունը: Այն վկայում է երկու հայ հոգևորակաների՝ մատենագիր, գիտնական Սմբատ Եպիսկոպոս Սատեթյանի և Բասենի թեմի առաջնորդ Կորյուն Վարդապետ Սրապյանի դաժան և ողբերգական մահվան մասին: Երեք թուրքեր հայ հոգևորականներին նախ ստիպում են փորել սեփական գերեզմաններն, ապա մասնատում և լցնում են փոսերի մեջ: Իրենց արաքը պատմում են գերմանացի սպայի, որն էլ համոզում է բերել ու ցույց տալ իրեն սպանվածների գլուխները: Գերմանացի զինվորականը երեք թուքերին նկարում է հայ հոգևորականների կտրված գլուխների հետ: Այս դաժան պատմությունը փոխանցում մի ականատես: Հետագայում՝ 1920 թ-ին, Կոստանդնուպոլսում գերամանացի սպան այդ լուսանկարը հանձնում է մի հայ աղջկա:

Արգելոց-թանգարանում միջոցառում է անցկացվել նաև Թանգարանների միջազգային օրը` մայիսի 18-ին: Ընթերցվել են նախապես հանձնարարված «Միշտ հին ու նոր իմ Հայաստան» խորագրով շարադրություններից լավագույները: Դրանց հեղինակները՝ Վաղարշապատի թիվ 8 և 12 հիմնական դպրոցների բարձր դասարանների չորս աշակերտներ են, որոնք արգելոց թանգարանում ընթերցել են իրենց շարադրությունները և միջոցառման կազմակերպիչներից հուշանվերներ ստացել:
Նույն օրը «Զվարթնոցում» մեկ այլ միջոցառում է անցկացվել «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մշակութային արժեքների և հավաքածուների կառավարման, զարգացման և մարքեթինգի բաժնի նախաձեռնությամբ: Արգելոց-թանգարանի տարածքում առաջին անգամ իրականացվել է «Թանգարանների միջազգային օրը տուն-ինտերնատի բնակիչների մասնակցությամբ» կրթամշակութային ծրագիր: Նպատակը` պայմաններ ստեղծելն է, որպեսզի տուն-ինտերնատի բնակչները ևս մասնակցեն մշակութային միջոցառումներին, հաղորդակից դառնան թանգարանային միջավայրին և պատմամշակութային արժեքներին:

Ծրագրի շրջանակներում Երևանի Նորքի տուն-ինտերնատի շուրջ 50 բնակիչներ այցելել են «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան: Մոտ 3 ժամ տևած ծրագիրն իրականացվել է տաճարի տարածքում և թանգարանում: Նրանց համար անցկացվել է թեմատիկ էքսկուսրիա, պատմաճանաչողական զրույց և զբոսանք: Նախաձեռնությունը ոչ միայն հետաքրքրել, այլև որգևորել է տուն-ինտերնատի բնակիչներին: Նրանք տարբեր հարցադրումերով թարմացրել են Զվարթնոց տաճարի վերաբերյալ հիշողություններն ու իրենց համար նոր տեղեկություն քաղել: Այցելուները զբոսնել են արգելոց-թանգարանի տարածքում, լուսանկարվել, ապա կիսվել իրենց տպավորություններով ու հիշողություններով: Տուն-ինտերնատի բնակիչները ցանկություն են հայտնել լիել նաև այլ հուշարձանների և արգելոց-թանգարանների տարածքում: