ՀԱՄԱԼՐՎԵԼ Է «ԶՈՐԱՑ ՔԱՐԵՐ» ԲՆԱԿԱՏԵՂԻ» ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀԱՄԱԼՐՎԵԼ Է «ԶՈՐԱՑ ՔԱՐԵՐ» ԲՆԱԿԱՏԵՂԻ» ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

2015-06-24T16:41:39+00:00 23/06/2015|Լրահոս|

«Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոցի պահպանական գոտու , նաև բուն հուշարձանի տարածքում գեոդեզիական հանույթի աշխատանքներ են իրականացվել, ինչը խիստ կարևոր է բուն հուշարձանի հետագա ուսումնասիրման և պահպանական տարածքում ենթակառուցվածքների / ադմինիստրատիվ շենք, սպասարկման ծառայություններ, ավտոկայանատեղի/ ստեղծման համար:

Մինչ կստեղծվեն ենթակառուցվածքները ու կշարունակվեն հնագիտական պեղումները, համալրվում է «Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոցի հավաքածուն: Սյունեցիներն արգելոցի վարիչ Աշոտ Ավագյանին են հանձնել մոտ 10 տարի առաջ հուշարձանի ` այսպես կոչված «գլխավոր դամբարանից» գտնված դաշույնը: Մասնագետների նախնական կարծիքի համաձայն, 27 սմ. երկարությամբ երկաթե կեռ դաշույնը հնագիտական արժեք է: Այն պահվում է «Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոցում և մասնագետների համակողմանի ուսումնասիրությունից հետո միայն պարզ կլինի դաշույնի պատմական ժամանակաշրջանն ու հնագիտական արժեքը:

Արգելոցի աշխատակազմի նախաձեռնությամբ շարունակվում են հուշարձանի ճանաչողական ու հանրահռչակման աշխատանքները: «Ճանաչենք մեր մշակութային ժառանգությունը» խորագրի ներքո, Սիսիանի գեղարվեստի դպրոցի աշակերտների մասնակցությամբ, հուշարձանի տարածքում էտյուդներ են ստեղծվել: Նմանատիպ միջոցառումների նպատակը սյունեցի պատանիներին հայրենի հուշարձանին ծանոթացնելն ու պահպանության գործում սրտացավ վերաբերմունք ձևավորելն է: Հետագայում կբացվի ստեղծված էտյուդների ցուցահանդես: