ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ԵՆ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ

ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ԵՆ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ

2021-11-17T14:16:32+00:00 12/02/2016|Երեվան, Լրահոս|

ՊՄՊ Երևանի մարզային ծառայության, «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտամեթոդական աշխատանքների և ցուցադրությունների բաժնի նախաձեռնությամբ Արևմտյան Հայաստանի հուշարձանների մասին պատմող «Հիշողության վկաներ» խորագրով լուսանկարների ցուցահանդես է բացվել Երևանի Լևոն Արիսյանի անվան 127-րդ ավագ դպրոցում: Հուշարձանների ցուցադրված լուսանկարները պահպանվում են ՊՈԱԿ-ի ֆոնդերում: Բաց դասով ուղեկցվող ցուցահանդեսի բացումը ՊՈԱԿ-ի աշխատակիցներն իրականացրել են կրթօջախի հետ համատեղ:

Ավագ դպրոցի պատմության հոսքի 11-րդ դասարանի աշակերտներն իրենք էին ընտրել, թե որ լուսանկարները պետք է ցուցադրվեն, իրենք էլ հավաքել էին Արևմտյան Հայաստանի հուշարձանները ներկայացնող տեղեկությունները և անձամբ փակցրել լուսանկարները: Դպրոցի պատմության ուսուցչուհի Անահիտ Սարգսյանը ողջունեց ճանաչողական-ուսուցողական այս նախաձեռնությունը և իր սաներին վստահեցրեց, որ սեփական ուժերով հավաքած տեղեկությունն անպայման օգտակար կլինի իրենց՝ ապագա պատմաբանների համար:

«Նախաձեռնությունը հրաշալի հնարավորություն էր ավելի շատ տեղեկություն ստանալ Արևմտյան Հայաստանի հուշարձանների վերաբերյալ, դրանց մեծ մասին ծանոթացել ենք հենց այս բաց դասին պատրաստվելու շնորհիվ: Ուսուցողական էր նաև հուշարձանների վերաբերյալ ինքնուրույն տեղեկություն հավաքելը: Սա նմանօրինակ առաջին նախաձեռնությունն էր, բայց հուսով ենք՝ ոչ վերջինը»,-իր ոգևորությունն է փոխանցել 11-րդ դասարանի աշակերտուհի Եվա Սարուխանովան:

Իսկ Դիանա Ղևոնդյանը նշեց, որ բաց դասին պատրաստվելիս նաև պատմական այլ տեղեկություններ են քաղել: «Երբ տեղեկություն էի փնտրում Խծկոնքի վանքի մասին, կարդացի նաև 1878 թվականին տեղի ունեցած Բեռլինի վեհաժողովի մասին, որից հետո այս եկեղեցին անցել է Հայոց եկեղեցու տիրապետության տակ: Ծրագիրը շատ հետաքրքիր էր ոչ միայն Արևմտյան Հայաստանի հուշարձաններին ծանոթանալու առումով, այլև ուղղակի կապ ունի մեր ապագա մասնագիտության հետ և կնպաստի խորացնելու հայկական մշակութային ժառանգության վերաբերյալ մեր ունեցած գիտելիքները»:

Աշակերտներն ավելացրել են, որ Արևմտյան Հայաստանի հուշարձանների մասին տեղեկություն ստանալուց բացի, սա նաև նոր ու համարձակ նախաձեռնություն էր իրենց համար, որն էլ ստիպել է առավել պատասխանատու մոտենալ առաջադրանքին: