ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՆՎԻՐՎԱԾ ՍՏԵՓԱՆՈՍ ՕՐԲԵԼՅԱՆԻՆ

ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՆՎԻՐՎԱԾ ՍՏԵՓԱՆՈՍ ՕՐԲԵԼՅԱՆԻՆ

2018-03-29T16:00:40+00:00 12/12/2016|Վայոց Ձոր|

«Արփի» բնապատմական արգելոցի վարիչ Շաքե Ղարախանյանի նախաձեռնությամբ Արենիի միջնակարգ դպրոցի բարձր դասարանների աշակերտների համար անցկացվել է դասախոսություն՝ նվիրված Սյունյաց աշխարհի մշակույթի զարգացման գործում մեծ ավանդ ունեցած, հայ հոգևոր և քաղաքական կյանքի ակնառու ներկայացուցիչ Ստեփանոս Օրբելյանին:

Շաքե Ղարախանյանը նախ ներկայացրել է Ստեփանոս Օրբելյանի կենսագրությանը վերաբերող տվյալներ, ապա` խոսել նրա հասարակական, ստեղծագործական և հոգևոր գործունեության մասին։ Ստեփանոս Օրբելյանը, դառնալով Սյունյաց մետրոպոլիտ, միավորել է Տաթևի և Նորավանքի աթոռները` Սյունյաց հոգևոր կենտրոն դարձնելով Նորավանքը: Հատկանշական է նրա թողած գրական հարուստ ժառանգությունը: Ստեփանոս Օրբելյանի գրչին են պատկանում «Պատմութիւն նահանգին Սիսական» աշխատությունը, «Հակաճառութիւն ընդդէմ երկաբնակաց» դավանաբանական բնույթի գործը, «Ողբ ի Ս.Կաթուղիկէն» պոեմը: Նա հսկայական աշխատանք է ծավալել մշակույթի, շինարարության, դավանաբանության և մատենագիտության զարգացման գործում:

Շաքե Ղարախանյանը դասախոսության ավարտին ընթերցել է Ստ. Օրբելյանի «Պատմութիւն նահանգին Սիսական» աշխատությունից փոքրիկ հատվածներ, որտեղ հեղինակը հիշատակել է նաև «Արփա» գյուղը: