Հոգով հուշարձանի պահապանը․ Արթուր Սարգսյան

Հոգով հուշարձանի պահապանը․ Արթուր Սարգսյան

2016 թվականից Արթուր Սարգսյանը ՊՄՊ Վայոց ձորի մարզային ծառայությունում է՝ որպես տարածքային համակարգող Եղեգիսի կիրճի հուշարձանների պահպանությունը 4 պահապանի  հետ է իրականացնում։

Ցախաց քար, Արատես, Սմբատաբերդ․․․ հետաքրքիր դեպքերի հաճախ են հանդիպում շրջայցերի  ընթացքում, իրենց բռնած գործին անգամ եղանակն է  բարեհաճ ուղեկից դառնում․

Արթուր Սարգսյան ՊՄՊ Վայոց ձորի մարզի տարածքային համակարգող

Պատահել է, որ շրջայցի ենք դուրս եկել եղանակը բարեհաճ չի եղել, բայց մենք դա մի կողմ ենք դրել շարունակել ենք գնալ, մեր գործը անել ու միանգամից սկսել է արև դուրս գալ, տաքանալ։

Դժվարամատչելի հուշարձաններից ու առհասարակ ամենասիրելիներից Ցաղաց քարն /Ցախաց քար/  է նշում․

Արթուր Սարգսյան ՊՄՊ Վայոց ձորի մարզի տարածքային համակարգող

Միջնադարյան Հայաստանի հոգևոր և մշակութային նշանավոր կենտրոններից է եղել Ցաղաց քարը, շատ եմ ուսումնասիրել պատմությունը  այն պատմականորեն բարձր արժեք ունի։ Ճարտարապետական տեսանկյունից էլ յուրահատուկ կառույց է։

Խնդիրները, իրավախախտման դեպքերը փորձում են լուծել համայնքապետարանի  հետ  գործակցելով, անհրաժեշտության դեպքում իրավապահ մարմիններին դիմելով։

Արթուր Սարգսյան ՊՄՊ Վայոց ձորի մարզի տարածքային համակարգող

Պահպանական տարածքներում մարդիկ ճանաչում են մեզ, գիտեն, որ մեր աշխատանքը բարեխղճորեն ենք անում։ Մարդկանց վերաբերմունքն էլ է փոխվել, տարիներ  առաջ շատ էին աղտոտում, աղբը թափում հիմա այդպես չէ, որ հետ եմ նայում տարիներ առաջ տեղացիներից  շատերը չգիտեին իրենց տարածքի հուշարձաններն անգամ, հիմա այլ է ներգնա տուրիզմն էլ է շատ զարգացել։

Եղեգիսում հետաքրքրությունն ու մարդկանց  ոգևորությունը  ավելի մեծացավ, երբ  Իշխան Չեսար Օրբելյանի պալատում  սկսվեցին հնագիտական աշխատանքները։

Արթուր Սարգսյան ՊՄՊ Վայոց ձորի մարզի տարածքային համակարգող

2 ամիս տևեցին պեղումները, ես էլ եմ օգնել, մասնակցել եմ պեղումներին։ Արդյունքում հայտնաբերվել է 13-15-րդ դդ թվագրվող խեցեղեն, մետաղյա իրեր քարե ձիթաճրագներ։ Գյուղում աշխուժություն մտավ, մարդիկ ապագայի պլաններ սկսեցին գծել և այդ ամենն ավելի ակտիվացավ վարչապետի այցելությունից հետո։ Ասել խոսելով իար հետ աշխատեցինք, փուլը փակվեց սպասում ենք վերականգնմանը։ Դիրքն էլ է հարմար, գյուղ տանող ճանապարհն էլ է նպաստավոր տուրիզմի տեսանկյունից։

«Սիրիր հայրենիքդ,  որ սիրես ինքդ քեզ» կարգախոսով առաջնորդվելով Արթուրը ծննդավայրի՝ Մալիշկայի հուշարձաններից «Մոզ քաղաքատեղին» է առանձնացնում  և Սուրբ Գևորգ եկեղեցին։

Արթուր Սարգսյան ՊՄՊ Վայոց ձորի մարզի տարածքային համակարգող

Մ.թ.ա. 2-1 հզ, 5-15-րդ դդ.  թվագրվող «Մոզ»  ավանի ավերակները գտնվում են, Արփա գետի աջ ափին, լերկ քարաբլուրների ու կոշկոռների արանքում։ Տեղացիների մեջ ավանդաբար պատմվում է, որ այդ քարե դեզերը երկրաշարժի ժամանակ ժայթքած լավայի սառած բեկորներն են:

Պատմական փաստեր է ներկայացնում, միաժամանակ նշում, որ ոչ՛ պատմաբան է, ոչ՛ էլ հուշարձանագետ ճարտարապետաշինարարականն է ավարտել․

Արթուր Սարգսյան ՊՄՊ Վայոց ձորի մարզի տարածքային համակարգող

Հուշարձանգետ չեմ, բայց ամեն օր սովորում եմ, փորձում եմ անգամ արձանագրությունները կարդալ։ Ամեն շրջայցի մի նոր բան ենք բացահայտում, այդ կերպ նաև հայրենիքն ենք նորովի ճանաչում ու բացահայտում։

Ոլորտի նվիրյալին մեծ բավականություն է պատճառում անգամ հուշարձանի տարածքում մաքրություն անելը․

Արթուր Սարգսյան ՊՄՊ Վայոց ձորի մարզի տարածքային համակարգող

Թիմով, երբ գնում ենք մաքրման աշխատանքներ իրականացնելու, ավարտից հետո հոգու հանգստություն ենք զգում, որ մի կարևոր բան արեցինք։

Ոգևորությունն ավելի է մեծանում, երբ ընկած խաչքարերին են նոր կյանք տալիս, տարվա ընթացքում հասցրել են 12 խաչքար բարձրացնել․

Արթուր Սարգսյան ՊՄՊ Վայոց ձորի մարզի տարածքային համակարգող

Ընկած խաչքարերին այս տարի առավել ակտիվ ենք նոր կյանք տվել 12 խաչքար ենք բարձրացրել, որից 6-ը՝ Արտավան բնակավայրի Մարաթուզ գյուղատեղիում գտնվող գերեզմանոցում։

Խաչքարեր են բարձրացրել նաև Գնդեվազ գյուղի 13֊17֊րդ դդ.  թվագրվող գերեզմանոցի տարածքում, Ռինդ բնակավայրի գյուղատեղիում  գտնվող գերեզմանոցում։

Արված և դեռ սպասվող  գործեր շատ կան, ասում է Արթուր Սարգսյանը։ Հմուտ պահապանը անտրտունջ շարունակելու է նոր կյանք տալ ընկած խաչքարերին  և պատվով պահպանել Եղեգիսի կիրճի հուշարձանները։