Տեղեկատվական վահանակներ Վայոց ձորի մարզում

Տեղեկատվական վահանակներ Վայոց ձորի մարզում

 

Վայոց ձորի ամենահին բնակավայրերում՝ «Մոզ»  /մ.թ.ա. 2-1 հզ, 5-15-րդ դդ./, «Եղեգիս» բնակատեղիներում /V – XVIII դդ․/ և «Դադայի» ամրոցի /մ.թ.ա. 2-1 հազարամյակ/ տարածքներում «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Վայոց ձորի մարզային  ծառայության աշխատակիցները  տեղեկատվական վահանակներ են տեղադրել։

«Դադայի» ամրոցը գտնվում է Գետափ-Շատին հին ճանապարհի ձախ եզրին, ջրհան կայանի մոտ։ Թվագրվում  է մ.թ.ա. 2-1 հազարամյակով։

Մ.թ.ա. 2-1 հզ, 5-15-րդ դդ.  թվագրվող «Մոզ»  ավանի ավերակները գտնվում են Մալիշկա գյուղից 4 կմ հվ-աե, Արփա գետի աջ ափին, լերկ քարաբլուրների ու կոշկոռների արանքում, 3 կմ երկարությամբ տարածվում են մեծ և անտաշ քարերով կառուցված բազմաթիվ տների ավերակները: Տեղացիների մեջ ավանդաբար պատմվում է, որ այդ քարե դեզերը երկրաշարժի ժամանակ ժայթքած լավայի սառած բեկորներն են: Երկրաշարժը տեղի է ունեցել 735 թ․։

Երկրաշարժից հետո Մոզ ավանը չի դադարել բնակավայր լինելուց: Ստ. Օրբելյանի գյուղերի ցանկի մեջ այն հիշատակվում է որպես մեծ գյուղ՝ 12 չափ հարկով:

Մոզ ավանի ավերակների մեջ նկատելի են երկու գերեզմանոցների մնացորդներ՝ ներկա խճուղու աջ և ձախ կողմերին, ձախ կողմի գերեզմանատանը մնացել են մի քանի հասարակ, հարթ գերեզմանաքարեր:

«Եղեգիս» բնակատեղին գտնվում է Եղեգիս գյուղից հարավ, Եղեգիս գետի միջին հոսանքի աջափյնակում։  Ձգվում է մինչև Շատին գյուղ։

Վայոց ձորի ամենահին բնակավայրերից է, գտնվել է Դվին-Պարտավ ճանապարհի երկրորդ ճյուղի վրա։ Հիշատակվում  է V դարից։  IX դ․ եղել է Սյունյաց Վասակյան տոհմի գահերեց իշխանների նստավայրը, հետագայում անցել է Օրբելյաններին։ X դ․ սկզբին ավերվել է արաբների, XII դ․՝ սելջուկների կողմից։ XIII դ․  I քառորդին ազատագրվել է սելջուկներից և վերստին դարձել Օրբելյանների վարչական կենտրոնը։

Քաղաքատեղին հիմնականում ավերված է։ Պահպանվել են բնակելի տների հիմնապատեր, եկեղեցու և ջրաղացի ավերակներ, գերեզմանոցներ, խաչքարեր, տապանաքարեր։