Պետ. ցուցիչ` 10.1.3
Ամրոցը գտնվում է Իջևան քաղաքից մոտ 16 կմ հարավ-արևմուտք, անտառապատ սարի գագաթին: Լեռան գագաթի փոքր հարթությունը բոլոր կողմերից եզերվում է ժայռոտ բարձր ափերով, միաժամանակ պաշտպանված է արհեստական բրգավոր պարիսպներով, մուտքի ներսի կողմից առկա է փոքրիկ պահակատուն:
Ամրոցի ներսում ավերված բնակարաններից բացի, այն ունի երկու ջրամբար և խաչաձև հատակագիծ ունեցող եկեղեցի: Ջրամբարներից մեկը բավականին մեծ է: Ջուրը կավե խողովակով նախապես լցվել է մի փոքրիկ ավազանի մեջ, իսկ այնտեղից էլ` փոքրիկ խողովակով թափվել ջրամբար:
Ամրոցի բոլոր շենքերը, ինչպես և պարիսպները կառուցված են կապտավուն բազալտ քարից, ամուր կրաշաղախով: Այդ շենքերը ներկայումս գտնվում են կիսավեր վիճակում: Ամրոցի պատմահնագիտական արժեքը շատ մեծ է, որովհետև պահպանվել է նրա ամբողջականությունը: Շինությունը հետազոտել է Մարտիրոս Սիմոնյանը և 1874թ. «Մեղու Հայաստանի» թերթի 31-րդ համարում հանգամանորեն անդրադարձել իր հետազոտությանը:
Վերը նշված ամրոցի և ավերակ բաղնիքի վերաբերյալ ժողովրդի հավաքական ընկալման մեջ պահպանվել է մի ինքնատիպ ավանդազրույց: Ըստ ավանդության` երիտասարդ վայելչագեղ իշխանուհու հետ ցանկանում էին ամուսնանալ բազմաթիվ իշխաններ, սակայն իշխանուհին անհաղորդ էր և նրանք որոշեցին ուժի դիմել: Իշխանուհին, համախմբելով իր տիրապետության ներքո գտնվող ուժերին, կառուցեց վերոհիշյալ ամրոցը և ամրացավ այնտեղ: Իշխանուհու համառությունն ու խիզախումները էլ ավելի բորբոքեց Մանթաշ իշխանի սերը և նա Կըզ-Կալայի դեմ հանդիման կառուցեց է Մանթաշ-Կալան, որտեղից էլ հաճախակի հարձակումներ էր գործում իշխանուհու դեմ: Իշխանի բոլոր փորձերը մատնվեցին անհաջողության:
Ըստ ավանդազրույցի` աղջիկը որոշում է նախահարձակ լինել և հիմնական ուժերը տրամադրում իր զորավարներից մեկին: Այդ առճակատմանը իշխանուհին չէր մասնակցում, բայց դա ամենևին չխանգարեց, որպեսզի նրա հավատարիմ ուժերը տոնեին իրենց հաղթանակը: Մանթաշը հարկադրված հաշտություն է խնդրում: Ըստ ձեռք բերված համաձայնության` կողմերից յուրաքանչյուրը պետք է մնար իր ամրոցում և, որպես բարեկամության նշան, Աղստև գետի ափին (այժմյան Համամի ճալայում) պետք է կառուցվեր բաղնիք, որը հանդիսանալու էր նրանց ժամադրավայրը: Այս իրադարձությունից հետո զույգերը երկու ժայռերի գագաթներից հաղորդակցվում էին նշաններով:
Օգտագործված գրականություն
1. Էլլարյան Ի. Բ., Աղստևի հովտի բնությունը և պատմական հուշարջանները, Երևան, «Հայաստան», 1968:
2. Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան, Եր., 2002:
3. B. Kiesling and R. Kojian, “Rediscovering Armenia”, Yerevan, 2005, p 158.