ԿԱՊՏԱՎԱՆՔ

ԿԱՊՏԱՎԱՆՔ

Տավուշի մարզ, գ. Չինչին, պետ.ցուցիչ`10.52.8.2

Կապտավանքը միջնադարյան Հայաստանի նշանավոր հուշարձաններից մեկն է: Այն գտնվում է ՀՀ Տավուշի մարզի Չինչին գյուղից 5 կմ դեպի հարավ-արևմուտք:Երբեմնի վանական համալիրից այժմ կանգուն է մնացել միայն եկեղեցին, որի հարավային և արևմտյան ճակատներին կից պահպանվել են գավթի և այլ կառույցների հետքեր: Այն չորս կամարների վրա կառուցված յուրօրինակ շինություն է: Ունի արտաքինից ուղղանկյուն, ներքուստ խաչաձև հատակագծով գմբեթավոր դահլիճ: Կառուցվել է XII դարի կեսին (արևմտյան պատի արձանագրության համաձայն օծվել է 1151 թվականին): Արձանագրությունում այն հիշատակվել է սուրբ Աստվածածին անունով:

Եկեղեցին կառուցվել է կապտավուն երանգի կոպտատաշ ու անմշակ տեղական կրաքարով (հավանական է, որ քարի գույնից էլ ստացել է իր անվանումը): Մասամբ սրբատաշ են կառույցի կամարները: Արևելյան կողմում է գտնվում կիսաշրջանաձև տեսք ունեցող ավագ խորանը: Եկեղեցու չորս անկյուններում տեղադրված են միահարկ ավանդատներ, որոնցից արևմտյան զույգը լուսավորվում է հյուսիսային և հարավային կողմերի պատուհանների շնորհիվ: Ավանդատների անկյուններից բարձրացող կամարներին հենված է ներսից գլանաձև, արտաքինից ութանիստ թմբուկը: Անցումը գմբեթատակ քառակուսուց շրջանաձև հիմքին իրականացված է առագաստային փոխանցումների միջոցով: Հուշարձանի միակ հարդարված մասը թմբուկը պսակող բարդ քիվն է: Վերջինիս տակ գտնվող սրբատաշ քարերի արևմտյան կողմում փորագրված են ուշագրավ խաչապատկերներ: Մուտքերն արևմտյան և հարավային կողմերից են: Դրանք ներքուստ ավարտվում են որմնանկարներով: Եկեղեցու վրա նկատելի են տարբեր ժամանակներում մանրաչափ քարերով կատարված նորոգումների հետքեր: Գմբեթը, ինչպես երևում է թմբուկի պատերի մեջ օգտագործված ուշ միջնադարյան խաչքարերից, հետագա վերակառուցման արդյունք է: Ներքուստ կառույցի պատերին տեղ-տեղ պահպանվել են 2-3 շերտ ավազի մնացորդներ:

Եկեղեցու ներսում գտնվում են մեծ թվով խաչքարերի բեկորներ՝ պատված բուսաերկրաչափական զարդամոտիվներով: Վանքը ժամանակին եղել է պարսպապատ, իսկ շուրջը տարածված է եղել հին բնակատեղի (այժմ չի պահպանվել):

Եկեղեցուց hարավ-արևելք է գտնվում հին գերեզմանոցը (մոտ 50 մ): Այդտեղից էլ մի փոքր հյուսիս պահպանված վիճակով մեզ են հասել երեք կրահորեր: Իսկ մոտ 1 կմ դեպի հարավ-արևմուտք` անդնդախոր ձորերը եզերող անառիկ ժայռազանգվածներում, առկա են կրաշաղախով ու անմշակ քարերով ամրացված թաքստոցներ:

Եկեղեցու տարածքը հարուստ է սառնորակ աղբյուրներով: Գեղատեսիլ ձորերի, անտառախիտ սարերի ու սառնորակ աղբյուրների անմիջական հարևանությամբ գտնվող ինքնատիպ այս այս կառույցը ակնհայտորեն բնության և ճարտարապետության ներդաշնակ կապի խոսուն օրինակ է:

Օգտագործված գրականություն

1. Մակար եպս. Բարխուտարեանց, Աղուանից երկիր և դրացիք,Արցախ, Երևան, Գանձասար,1999:
2. Հայ ժողովրդի պատմություն, հատոր 1-3, Երևան, 1972:
3. Հայկական Սովետական հանրագիտարան, հ. 13, Սովետական Հայաստան, Երևան, 1988:
4. Հակոբյան Թ., Հայաստանի պատմական աշխարհագրություն, Երևան, 1968:
5. Հակոբյան Թ. և ուրիշներ, Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հատոր Ա. Բ. Գ. Դ., Երևան, ԵՊՀ, հր. 1980-2000: