«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Վայոց Ձորի մարզային ծառայության նախաձեռնությամբ ապրիլի 18-ին` Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան նվիրված միջոցառումների շարք է անցկացվել Վայոց Ձորի մարզի մի շարք համայնքներում: Հուշարձանների տարածքներում սանիտարական մաքրման ու բարեկարգման աշխատանքներին մասնակցել են մարզի հանրակրթական դպրոցների 530 աշակերտներ, բուհերի շուրջ 50 ուսանողներ, ՀՀ զինված ուժերի ժամկետային 130 զինծառայողներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Կատարված աշխատանքներն ամփոփվել են Եղեգիս համայնքում գտնվող Զորաց տաճարի տարածքում (Զորաց եկեղեցի): ՊՈԱԿ-ի շնորհակալագրերին ու պատվոգրերին են արժանացել դպրոցների տնօրեններ, Եղեգիս ու Հերմոն համայնքների ղեկավարները, : ՊՈԱԿ-ի շնորհակալագիր տրվեց Վայոց Ձորի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Աղասի Հովհաննիսյանին:
Նկատի ունենալով, որ այս տարի Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը նշվում է «Սպորտի ժառանգությունը» խորագրի ներքո, անցկացվել են նաև ավանդական սպորտային խաղեր:
ՊՄՊ Վայոց Ձորի մարզային ծառայության պատասխանատուները ներկաներին համապարփակ տեղեկույթ են տրամադրել մարզի հարուստ մշակութային ժառանգության վերաբերյալ: ՊՄՊ մարզային ծառայության պետ Մելանյա Դովլաթյանը՝ շնորհակալություն հայտնելով ակտիվորեն անցկացված միջոցառման համար, առանձնակի շեշտել է զինծառայողների մասնակցության կարևորությունը՝ նշելով, որ այսօր, առավել քան երբևէ, պետք է զորավիգ լինել հայ զինվորին, ոգեշնչել ու աղոթել նրա համար:
Ի հիշատակ Արցախյան ազատամարտում անմահացած մեր զինվորների՝ կատարվել է մոմավառություն: