ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԱՆԽՈՆՋ ՊԱՀԱՊԱՆԸ

ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԱՆԽՈՆՋ ՊԱՀԱՊԱՆԸ

2018-03-29T16:00:41+00:00 03/10/2016|Վայոց Ձոր|

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ն իրենց գործի գիտակ աշխատակիցների պակաս չունի, սակայն կան անհատներ, որոնց պատասխանատու ներկայությունն արդեն կարևոր է, իսկ երբ այդ պատասխանատվությանն ավելանում է գործի նկատմամբ սերը, անսահման աշխատասիրությունն ու ոչ մի դեպքում չվհատվելու անկոտում կամքը, ապա գիտակները դառնում են նաև նվիրյալներ: Մեր զրուցակիցն այս անգամ Վայոց ձորի հուշարձանների մեծ գիտակն է, իսկական նվիրյալ, ով հուշարձանների պահպանության ոլորտում 25 տարվա աշխատանքի ընթացքում միայն կրկնապատկել ու եռապատկել է իր նվիրումը:

ՊՄՊ Վայոց ձորի մարզային ծառայության պետ Մելանյա Դովլաթյանն իր 56 տարվա աշխատանքային փորձի ընթացքում հասցրել է զբաղեցնել բաձր ու պատասխանատու պաշտոններ, որոնք բնավ չեն փոխել նրա մարդկային որակները: Ավելին` որքան էլ աշխատանքը եղել է խիստ ու պատասխանատու, երբեմն էլ կտրուկ ու վճռական, միևնույն է նա երբեք չի կորցրել ընդգծված կանացիությունը: Այսօր արդեն 75 ամյա Մ. Դովլաթյանը խոստովանում է, որ առանց աշխատանքի իր կյանքը ոչ մի օր չի պատկերացնում:

Երկար կարելի է թվարկել Մելանյա Դովլաթյանի զբաղեցրած պաշտոնները, բայց թվենք միայն մի քանիսը՝ Պիոներ պալատի վարիչ, ՀԼԿԵՄ Եղեգնաձորի շրջկոմի առաջին քարտուղար, Հուշարձանների պահպանության գլխավոր վարչության ՊՄՊ և ՊԱԹ գլխավոր տնօրեն, ՀԿԿ Եղեգնաձորի շրջկոմի պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի վարիչ, ՀԿԿ Եղեգնաձորի շրջկոմի երկրորդ քարտուղար, (մի անգամ նույնիսկ դիմել են որպես «ցեկայի քարտուղար»), Ժողովրդական դեպուտատների Եղեգնաձորի շրջխորհրդի գործկոմի նախագահ, Բարձրաստիճան պաշտոնյա, ով օրվա ընթացքում բազմաթիվ խիստ հրամաններ ու պատասխանատու հանձնարարականներ է տվել ենթականերին, սակայն տուն մտնելուն պես դարձել է հոգատար կին ու մայր, ում համար ընտանիքը եղել և մնում է ամենակարևոր ձեռքբերումը:

Ինչից և ինչպես սկսվեց ամեն ինչ… Մի քանի տասնյակ տարի հետ թերթենք Մելանյա Դովլաթյանի կենսագրության էջերն ու հասնենք մասնագիտություն ընտրելուն: Երևանի Գյուղատնտեսական ինստիտուտում գյուղատնտեսի մասնագիտությունն ընտրելիս չէր էլ կարող պատկeրացնել, թե ինչ շրջադարձ է ունենալու կյանքը, ինչպես է ճակատագիրը թելադրելու իր կամքը: Պատահականության սկզբունքով ընտրված մասնագիտությունն այդպես էլ ոչ մի առանցքային դերակատարում չունեցավ նրա կյանքում:

Գլաձորի համալսարանի 700 ամյակի տնոկատարության նախաձեռնության հեղինակը խոստովանում է, որ եթե չլիներ Եղեգնաձորի շրջգործկոմի նախագահ, այսօր, հավանաբար, չէր լինի նաև «Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարանը:

«1961 թվականին Պիոներ պալատի վարիչ էի, մեր պատանիների զբոսաշրջային խումբը միութենական մրցանակ էր շահել և պարգևարտրվել էր Ղրիմ գնալու ուղեգրով: Երեխաներին տարա Ղրիմ: Այդ օրը Սևաստոպոլում տոնում էին ռազմածովային ուժերի օրը և տոնական շքերթն այնպես տպավորվեց, որ ես հստակ վճռեցի՝ Հայաստանում պետք է նշել այնպիսի մի տոնակատարություն, որը կնպաստի Հայաստանի ու, մասնավորապես, Եղեգնաձորի ճանաչմանը»,- հիշում է Մելանյա Դովլաթյանը: Քսանմեկ տարեկան Մելանյայի երազանքն այդ ժամանակ երիտասարդական երևակայության էր նման, ոչ ավելին:

Արդեն կոմերիտմիության քարտուղար՝ Մ. Դովլաթյանը հնարավորություն է ունենում ծանոթանալու նախկին շրջգործկոմի նախագահի պետական համալսարանի հնագիտության ամբիոնին ուղղված նամակին, որտեղ խնդրում էր փորձագետների խումբ ուղարկել՝ Գլաձորի համալսարանի պատմությունն ուսումնասիրելու համար և, երբ 1970 թ. սկսվում են հնագիտական ուսումնասիրությունները, այդ ամբողջ աշխատանքների ընթացքում նա լինում է Իգիթ Ղարիբյանի գլխավորած արշավախմբի կողքին:

Մինչև կավարտվեին այդ ուսումնասիրոթյունները, Մելանյա Դովլաթյանը նշանակվում է ՀԿԿ Եղեգնաձորի շրջկոմի երկրորդ քարտուղար: Գլաձորի համալսարանի 700 ամյակի համահայկական տոնակատարության և թանգարան հիմնելու ցանկության մասին հայտնում է ՀԿԿ կենտկոմի քարտուղար Կառլեն Դալլաքյանին: Նրա համաձայնությունն ստանալուց հետո սկսում է ավելի վստահ ու եռանդով աշխատել, հավաքել անհավանական թվացող ծրագրի իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվությունը: 1980 թ. Մ. Դովլաթյանն ընտրվում է Եղեգնաձորի շրջխորհրդի գործկոմի նախագահ: Մի օր էլ երանելի ցանկության մասին հայտնում է Ֆադեյ Սարգսյանին («Աստծուց շնորհակալ եմ, որ Ֆադեյ Տաճատիչը կար,- երախտագիտության զգացումով ասում է Մ. Դովլաթյանը»), ով իր հերթին նախաձեռնության մասին տեղեկացնում է ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանին: Ֆադեյ Սարգսյանի շնորհիվ հարցն ընդգրկվում է ՀՍՍՀ Մինիստրների խորհրդի նիստի օրակարգում, քննարկվում է և մինիստրների խորհրդի որոշմամբ հանձնարարականներ են ստանում ՀՍՍՀ Գիտությունների Ազգային Ակադեմիան, Կուլտուրայի, Լուսավորության, Կոմունալ մինիստրությունները, Մատենադրանը, Հուշարձանների պահպանության վարչությունը, Նկարիչների միությունը, ՊետՀրատը: Մ. Դովլաթյանին հաջողվում է ծրագրի իրականացմանն աջակցելու նպատակով վերջապես հանդիպել ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանին:

«Ինչինց ես ուզում սկսել,-հարցրեց Կարեն Սերոբիչը,-ասացի՝ խորհրդանշանից: Քանի որ նախապես հետս տարել էի իմ ընտրած խորհրդանշանները, ցույց տվեցի, նա ընտրեց արևի ժամացույցը ու ասաց,-«աշխատեք, մենք ձեզ հետ ենք»: Հետո հանդիպեցի Գրիգորի Իվանիչին, մեծ մարդ էր Գրիգոր Հասրաթյանը, շատ մեծ… Արդեն հանձնարարություն էր տրված, որպեսզի գրքեր տպվեն, մի մասն իմ ծրագրում էին, մյուսներն էլ իրենք ավելացրեցին: Գրիգոր Խանջյանին հանձնարարվեց զբաղվել Գլաձորի թանգարանի դռների ձևավորմամբ»,- շարունակում է մեր զրուցակիցը:

Մինչև կբացվեր թանգարանը Կարեն Դեմիրճյանն անձամբ է գալիս ու տեղում ծանոթանում արված աշխատանքին: «Շրջեց, նայեց, ծանոթացավ արվածին ու անելիքներին: Ծրագիրը միջազգային ընդգրկում պիտի ունենար, բայց…»,- մի պահ տխրում է Դովլաթյանը:

«Հսկայական աշխատանք էր արվել, այդ ամբողջ ընթացքում կողքիս է եղել Ստեփան Կարպիչը և ինձ շատ է օգնել»,- երախտագիտությամբ հիշում է Մելանյա Դովլաթյանը: Այդպես էլ իրականանում է երիտասարդական անհավանական թվացող երազանքը, իհարկե հանգամանքների բերումով ստեղծված իրավիճակները պարտադրում են իրենց ընթացքն ու հանգուցալուծումը՝ ստվերելով նվիրական շատ ծրագրեր:

Ժամանակի կենտրոնական իշխանությունների հարուցած դժվարությունները ժամանակավորապես խոչընդոտում են թանգարանի բացումը, սակայն, Մ.Դովլաթյանի ազգանվեր գործն ի վերջո ի կատար է ածվում՝ ստեղծվեց ու բացվեց հայ դպրությունն ու մշակույթը հավերժացնող հուշարձանը՝ «Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց- թանգարանը:

Այսօրվա «Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարանի շենքի արտաքին տեսքը փոփոխված չէ, նույնն է, ինչպես այն ժամանակ, երբ եկեղեցի էր, փոխվել է շենքի ներքին հարդարանքը՝ վերափոխվել թանգարանի, բարեկարգվել է բակը:

Մեր 75 ամյա զրուցակցի համար կյանքում իրականացրած գլխավոր գործը եղել և մնում է «Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարանի ստեղծումը:

Ավարտելով գործին վերաբերող զրույցը, խնդրեցի նրան մտովի մանկություն տեղափոխվել: Մելանյա Դովլաթյանի դեմքին լուսավոր ժպիտ հայտնվեց: «Մայրս նուրբ, համով, մեղմ, փափուկ կին էր, ինձ ոտքով հաճախ է տարել Նորավանք, մեր տանն ազգային արժեքների ընկալումը շատ բարձր է եղել: Հայրս թառ էր նվագում, հաճախ հնչեցնում Կոմիտասի, Սայաթ-Նովայի ստեղծագործությունները: Ուզում էի բժիշկ դառնալ, որպեսզի հորս բուժեմ, բայց չստացվեց, ընդունվեցի Գյուղինստիտուտ…»:

Հիմա կասեք, թե ինչպես է Մելանյա Դովլաթյանը հայտնվել հուշարձանների պահպանության ոլորտում: Երիտասարդ տարիներին բարձր պաշտոններ զբաղեցրած մեր զրուցակիցը նոր ոգևորությամբ է շարունակում զրույցը, հենց որ խոսքը հուշարձաններին է վերաբերում: Դա հենց այն է, ինչն ամենահարազատն է նրա հոգուն: «Երբ աշխատանքի անցա պիոներպալատում, մի ծրագիր գրեցի՝ «Տուրիզմը Վայոց ձորում», բոլոր դպրոցներում խմբեր հիմնեցի: Պատրաստում էինք Վայոց ձորի պատմական հուշարձանների մանրակերտերը: Դրանց միջոցով սկսեցինք մասնակցել զբոսաշրջային հանրապետական մրցույթների, լուրջ մրցույթներ էին, լուրջ պարգևատրումներով»: Այդտեղից էլ սկիզբ է առնում հուշարձանների նկատմամբ սերն ու նվիրումը:

Վայոց ձորի ՊՄՊ մարզային ծառայության պահպանության տակ գտնվող յուրաքանչյուր հուշարձանի մասին տեղեկություն ստանալու համար, մինչ պահապանը կարձագանքի, Մ. Դովլաթյանն անհավանական թվացող արագությամբ կարող է հասնել տվայլ հուշարձանի տարածք՝ անկախ նրանից դա լեռների որ բարձրության վրա է. Արջերի քարանձավն է, Թռչուններինը, թե Մոզրովը: Բոլորից արագ հասնում է ու անձամբ տեղեկացնում իրավիճակի մասին: Բնական հարց է առաջանում՝ ինչպե˚ս է դա նրան հաջողվում:

«Մայրն ինչպես է իր երեխաներին գուրգուրում, պաշտպանում, որ մի բան է լինում, ինչպես է անհանգստանում, ես էլ այդպես վերաբերվում եմ իմ հուշարձաններին, խառնվում եմ, հենց մի բան այն չէ ու մինչև անձամբ չտեսնեմ, չեմ հանգստանում, կապ չունի որ հուշարձանի մասին է խոսքը»,- ժպիտը դեմքին ասում է հուշարձանների նվիրյալը:

Իր բոլոր հուշարձաններն առանձնակի հոգատարությամբ պահպանող Մ. Դովլաթյանն, այնուամենայնիվ, խոստովանում է, որ ամենասիրելի հուշարձանը Արատեսն է: «Դա բացառիկ նուրբ հուշարձան է, հասկանալու համար, թե ինչով է առանձնանում մյուսներից, այն պետք է տեսնել: Բայցի այդ Արատեսի կամարը փլվել է իմ հոր աչքի առաջ, ցավոք, հուշարձանի միակ հին լուսանկարը չկա, հրաշալի զարդաքանդակներով Արատեսը կարծես մերված լինի բնությանը, բացառիկ կոթող, որն աչքիս առաջ կարծես մարմրում է՝ կամարները նստեցին, ամայացավ» -, ցավով ասում է նա:

Արատեսի մասին զրույցը նրան միանգամից հուշերի գիրկն է տանում, փոխվում է ոչ միայն դեմքի արտահայտությունը, այլև ձայնը՝ ավելի մեղմ ու ջերմ թրթիռով է խոսում Արատեսի առանձնահատկության մասին ու վտանգված հուշարձանի ցավը կարծես իրենը դարձրած, երազում է այն վերականգնված տեսնելու մասին:

«Բարձրաստիճան պաշտոնյա լինելը, շատ բարդ գործ է կնոջ համար, դու պիտի կարողանաս շատ բան չտեսնել, շատ բան չլեսել, բայց կան նաև բաներ, որ ոչ մի դեպքում չպիտի վրիպի ուշադրությունիցդ ու պիտի սիրտ ունենաս այդ ամենի միջով անցնելու»: Մի պահ լռելուց հետո կես կատակ, կես լուրջ շարունակում է,- «Տղամարդկանց ավելի հեշտ է ղեկավարել, քան կանանց, որոնց ղեկավարել չի լինում… »: Մելանյա Դովլաթյանի բոլոր վերադասները տղամարդիկ են եղել, բայց նրանց հետ երբևէ խնդիրներ չի ունեցել: «Ես որևէ մեկից կախում չեմ ունեցել և թույլ էլ չեմ տվել, որ ինձանից կախված լինեն»:

Մելանյա Դովլաթյանը շատերին է ներկայացրել տարբեր պարգևեների, բայց ինքը պետական ոչ մի բարձր պարգև չունի, բացառությամբ ՀԽՍՀ Գերագույն սովետի պատվոգրի, որը մինչ այսօր պահում է:

Մելանյա Դովլաթյանն այս տարի կտոնի իր 75 ամյակը, բայց նրան ճանաչողները լավ գիտեն՝ տիկին Մելանյան շարունակում է աշխատել նույն եռանդով ու նվիրումով: Ասում է, որ աշխատանքի հաջողության գաղտնիքն իր հրաշալի կոլեկտիվն է: