«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մշակութային արժեքների հանրահռչակման, օգտագործման և մարքեթինգի բաժինը՝ ՊՄՊ Վայոց ձորի մարզային ծառայության հետ համատեղ, Արենի համայնքի միջնակարգ դպրոցում իրականացրել է «Բացահայտենք մեր մարզի պատմամշակութային գանձերը» խորագրով ինտելեկտուալ մրցույթ։ Միջոցառման իրականացմանն աջակցել են «Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարանն ու «Արփի» բնապատմական արգելոցը։
Դպրոցի 10-րդ և 9-րդ դասարանցիներից կազմված «Արենի» և «Արփա» թիմերի վիկտորինայի ընթացքում ցուցաբերած ակտիվությունը փաստել է հայրենի հուշարձանների մասին աշակերտների խորը գիտելիքները։ Հինգ անդամից կազմված ժյուրին գլխավորել է Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Աղասի Հովհաննիսյանը։ Այդ տարածաշրջանի հուշարձաններին վերաբերող 40 հարցից կազմված վիկտորինայի ընթացքում թիմերը կարողացել են ոչ միայն տրված հարցադրումների պատասխանները տալ, այլև ներկայացրել են այս կամ այն հուշարձանի վերաբերյալ ավանդապատումներ։ Հատկանշական է, որ հետաքրքիր ու թեժ պայքարի արդյունքում հաղթել է 9-րդ դասարանցիներից կազմված «Արփա» թիմը։ Հաղթողները պարգևատրվել են ՊՈԱԿ-ի պատվոգրերով, իսկ «Արենի» թիմի անդամները՝ գովասանագրերով։ Պարգևների են արժանացել նաև ինտելեկտուալ մրցույթի առավել ակտիվ երկու մասնակիցները։ ՊՈԱԿ-ը դպրոցին է նվիրել «Մեծամոր» և «Գլաձորի համալսարան» փաստավավերագրական ֆիլմերի խտասկավառակները։
Միջոցառման ավարտին ելույթ են ունեցել ՊՄՊ Վայոց ձորի մարզային ծառայության պետ Մելանյա Դովլաթյանը, Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Աղասի Հովհաննիսյանը, ՊՈԱԿ-ի մշակութային արժեքների հանրահռչակման, օգտագործման և մարքեթինգի բաժնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար Սերոբ Հունանյանը և Արենի համայնքի դպրոցի տնօրեն Ավետ Հայրապետյանը։ Մելանյա Դովլաթյանն ընդգծել է, որ Արենիի դպրոցի աշակերտները մշտապես աչքի են ընկել գիտելիքների հարուստ պաշարով, հատկապես՝ հայրենի հուշարձանների վերաբերյալ, ինչը կրթօջախի մանկավարժների աշխատանքի լավագույն վկայությունն է։ Աղասի Հովհաննիսյանը ևս կարևորել է պատմամշակութային ժառանգության վերաբերյալ աշակերտների հարուստ գիտելիքները և նշել, որ նման ինտելեկտուալ միջոցառումները լավ հնարավարություն են ոչ միայն ամրապնդելու հուշարձանների մասին ունեցած գիտելիքները, այլև դրանք հարստացնելու նոր ու հետաքրքիր տեղեկություններով։
Միջոցառման ընթացքում ելույթ են ունեցել նաև Արենիի միջնակարգ դպրոցի շնորհալի երեխաները։ Ներկա են եղել կրթօջախի մանկավարժներ, աշակերտներ, ծնողներ։