«Արջերի քարանձավ»-ը մոտ ապագայում հասանելի է լինելու Հայաստան այցելած զբոսաշրջիկների համար:
Այն Հայաստանի տարածքում ամենաերկար կարստային քարանձավն է. ճիշտ պահպանության եւ վերահսկման դեպքում քարանձավը հավակնում է դառնալ հայկական զբոսաշրջության «բրենդը»:
Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայության Հուշարձանների պահպանության բաժնի ղեկավար Արտավազդ Զաքյանը լրագրողների հետ հանդիպմանը վստահեցրել է, որ հուշարձանների պահպանության պետական ցուցակում գրանցված պետական սեփականության հանդիսացող ու չօգտագործվող շուրջ 19 հազար պատմամշակութային հուշարձաններից յուրաքանչյուրի խնդրի մասին կազմակերպությունը տեղյակ է:Ծառայությունն ակտիվորեն հետեւում է հուշարձանների պահպանությանը, ծագած խնդիրների դեպքում էլ՝ անհապաղ միջոցներ են ձեռնարկվում։
Ներկայում մշակվում է ծրագիր «Մոզրով»-ի քարանձավի մուտքը փակելու և մասնագիտական ուսումնասիրություն կազմակերպելու համար : Քարանձավը հետազոտելու, վիճակը գնահատելու և եզրակացություններ տալու նպատակով պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության ՊՈԱԿ-ը համագործակցելու է ՀՀ ԳԱԱ Երկրաբանության ինստիտուտի, այնպես էլ հայաստանյան և արտասահմանյան անկախ փորձագետների ու հասարակական կազմակերպությունների հետ:
Օրերս Արջերի քարանձավի վերաբերյալ տեղեկատվություն էր տարածել «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնությունը։ Ինչին հետեւց «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի՝ Թռչկանին ուղվված՝ գործակցելու եւ խնդիրներին ճիշտ լուծում տալու մասին առաջարկը։ Նախաձեռնության անդամ Լևոն Գալստյանը, ով ևս ներկա էր ասուլիսին, ասաց, թե հաճելիորեն զարմացել են՝ խնդիրները լուծելու հարցում համապատասխան մարմինների դրսևորած պատրաստակամությունից: Նա համոզմունք հայտնեց, որ գործակցությունն արդյունավետ կլինի, մանավանդ, որ նպատակը մեկն է՝ պահպանել հուշարձանները, այլ ոչ թե ցեխ շպրտել միմյանց վրա։
«Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության անդամի խոսքով, քարանձավներին առնչվող հիմնական խնդիրը վերաբերում է զբոսաշրջրիկների մուտքին, որը պետք է կանոնակարգվի։ «Արջերի» քարանձավը, ըստ Լ.Գալստյանի, լուրջ ներուժ ունի առաջիկայում որպես զբոսաշրջության վայր օգտագործվելու համար։
«Երբ մարդիկ մտնում են քարանձավ և ստալակտիդ պոկում կարող են և՛ իրենց վնասել, և՛ փակել քարանձավը: Պետական մարմիններն, իհարկե, չեն հասցնում հետևել այդ ամենին, իսկ մենք փորձում ենք ինֆորմացիան հասանելի դարձնել»,– նշեց Լ.Գալստյանը։
Բանախոսները հորդորեցին զերծ մնալ ստալակտիդները վնասելուց, պոկելուց, քանի որ այն դրսում ընդամենը մեկ երկու օրվա կյանք ունի, բայց որ ամենակարեւորն է դրանով մենք ոչնչացնում ենք մեր մշակույթը։
Ինչ վերաբերում է ՊՈԱԿ-ի գործունեությանն, ապա Ա. Զաքյանի խոսքով, տարեսկզբից գործում է թեժ գիծը` 54 55 70, որին ցանկացած ոք անհրաժեշտության դեպքում կարող է զանգահարել և տեղեկացնել հուշարձանների տարածքում տեղ գտնվող խախտումների մասին: Իրավախախտումների մասով էլ տեղեկացվեց, որ դրանց հայտնաբերման դեպքում ՊՈԱԿ-ն անմիջապես դիմում է իրավապահներին։