ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՊԱՐԲԵՐԱԲԱՐ ՄԱՔՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ

ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՊԱՐԲԵՐԱԲԱՐ ՄԱՔՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ

2018-03-29T16:00:45+00:00 24/10/2012|Վայոց Ձոր|

Վայոց ձորի մարզի «Սպիտակավոր» վանական համալիրի /կառուցվել է 14-րդ դարում, պետ. ցուցիչ. 9.15.4/ տարածքի պահպանությունն իրականացնում է ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից։ Համալիրի տարածքում է գտնվում նաեւ Գարեգին Նժդեհի գերեզմանը։ ՊՄՊ Վայոց ձորի մարզային ծառայության պահապանի վերջին շրջայցը հուշարձանի տարածք եղել է մեկ շաբաթ առաջ, որի ժամանակ նաեւ մաքրման աշխատանքներ են իրականացվել։ Ցավոք, այցելուների կողմից եկեղեցու տարածքում պարբերաբար աղբ թափվում է Գ.Նժդեհի գերեզմանից շուրջ 40 մ. հեռավորությամբ գտնվող աղբարկղի շուրջ։

Ուզում ենք նշել, որ շրջայցի ժամանակ հուշարձանների պահապանները համապատասխան բացատրական աշխատանքներ են իրականացնում տվյալ պահին տարածքում գտնվող այցելուների հետ։ Ինչ վերաբերում է պահապանի մշտական ներկայությանը հուշարձանի տարածքում, ապա դա ֆիզիկապես հնարավոր չէ, քանի որ մարզն ունի շուրջ 1400 պատմամշակութային հուշարձան, որոնց պահպանությունն իրականացվում է 14 պահապանի կողմից։

Էլեկտրոնային կայքերում տարածված տեսանյութի առիթով հայտնում ենք, որ կադրերում երեւացող աղբարկղը /200 լ. տարողությամբ/ տեղադրվել է երեք տարի առաջ անհատ անձանց նախաձեռնությամբ եւ այն նկատառումով, որ այցելուներն աղբը կթափեն հենց դրա մեջ, այլ ոչ ողջ տարածքով, ինչպես անում են։ Գլաձոր համայնքի ղեկավար Անդրանիկ Մարտիրոսյանի եւ ՊՄՊ Վայոց ձորի մարզային ծառայության պետ Մելայնա Դովլաթյանի նախաձեռնությամբ, ամիսը երկու անգամ իրականացվում է եկեղեցու տարածքի մաքրություն, որում ընդգրկվում են գյուղապետարանի աշխատակիցներ, հանրակրթական դպրոցի աշակերտներ եւ Եղեգնաձորի համալսարանի ուսանողներ։ Վերջին շաբաթօրյակն անցկացվել է շուրջ 20 օր առաջ։ Նախատեսվում է շաբաթվա վերջ եւս մաքրման աշխատանքներ կատարել։

Ինչ վերաբերում է բուն երեւույթին, ապա այդօրինակ բարբարոսությունները կլինի դա հուշարձանի տարածքում, թե հարեւանությամբ պետք է պատժել օրենքի ողջ խստությամբ՝ բացառելու համար նման երեւույթները։