ՄԻ ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՌԻԹՈՎ

ՄԻ ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՌԻԹՈՎ

2018-03-29T16:00:44+00:00 18/04/2013|Վայոց Ձոր|

Համացանցում տեղեկատվություն է շրջանառվում, թե «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի պատասխանատուները չեն կարողանում իրենց ենթակայության տակ գտնվող քարանձավների անունները ճիշտ տաբերակել:

Լուրին կարող էինք անդրադառնալ ավելի վաղ, երբ այն տեղադրել էր կոնկրետ ինտերնետային կայք, սակայն դա չարեցինք մի պարզ պատճառով: Նախորդիվ մեր տարածած հաղորդագրության մեջ հղում կար կառավարության որոշմանը Մագելանի քարանձավի վերաբերյալ, այսինքն` աղբյուրը հստակ էր: Սակայն, երեկ լուրը սոցիալական ցանցերում կրկին շրջանառվեց: Պարզաբանենք ըստ էության:

ՀՀ կառավարության 2003 թ. հունիսի 17-ի N 754-Ն որոշմամբ Վայոց ձորի մարզի Արենի գյուղի տարածքում հաշվառված Մագելանի քարանձավն ընդգրկված է ՀՀ պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակում /պետ. ցուցիչ. 9.8.11/: ՀՀ կառավարության 2007թ. մարտի 15-ի N 385 –Ն որոշման մեջ այն նշված է Մագիլի քարանձավ եւ ընդգրկված է ՀՀ պետական սեփականություն համարվող եւ օտարման ոչ ենթակա պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում: Ի դեպ, սույն փաստաթղթում հղում է արված, որ պետ. ցուցակում այն «Մագելանի» քարանձավ է: Այսինքն, երկու անվանումն էլ ճիշտ է եւ գործնականում կիրառելի եւ հեգնել, թե «ՊՈԱԿ-ը խառնել է Մագելանի նեղուցի հետ» առնվազն գրագետ չէ: Ի դեպ, սա միակ դեպքը չէ, երբ հուշարձանը երկու անվանում է ունենում:

Մենք ըմբռնումով ենք մոտենում ապատեղեկատվությանը, ենթադրելով, որ լուրի հեղինակը ոլորտի մասնագետ չէ: Թեպետ թացը չորից տարբերելու համար ուղղակի պետք էր համադրել կառավարության երկու որոշումները:

Մի փոքր էքսկուրս քարանձավի պատմությունից: ԵՊՀ քիմիական ֆակուլտետի ուսանող Է. Սարգսյանը 1971 թ. կազմում է տուրիստական խմբեր, որոնք արշավների ժամանակ նաեւ հետազոտում էին քարանձավները: Եղեգնաձորում արշավի ընթացքում Նորավանքի պահակ, որսորդ, Արենի գյուղի բնակիչ Մագելը տեղեկացնում է քարանձավի գոյության մասին: Պարզվում է իրոք մեծ քարանձավ է հայտնաբերվել: Դրան հետեւում է նաեւ Մոզրովի, Արջերի քարանձավների հայտնաբերումը /աղբյուրը` Հայաստանի քարանձավագիտական կենտրոնի ղեկավար Սամվել Մ. Շահինյանի` «Հայաստանի քարանձավները» գիրքը: Ավելացնենք, որ ժամանակին սույն քարանձավը հայտնաբերած անձի հետ, ով նաեւ մեր աշխատակիցն է եղել, հանդիպել ու զրուցել ՊՈԱԿ-ի աղբյուրագիտության ու խմբագրական բաժնի վարիչ, մշակույթի վաստակավոր գործիչ Արգամ Այվազյանն ու հուշարձանների պահպանության բաժնի վարիչ, երջանկահիշատակ Սուրեն Սաղումյանը: Ի դեպ, անձնագրային տվյալներով նրա անունը Մագելան է, իսկ Մագել կրճատ դիմելաձեւն է եղել:

Նշենք, որ հենց Ա. Այվազյանի եւ Ս. Սաղումյանի առաջարկով է քարանձավը անվանակոչվել եւ ժամանակին պետ. ցուցակում ընդգրկվել Մագելան անունով: