ՍԻՍԱՎԱՆԻ Ս. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵԿԵՂԵՑԻ (ՍՅՈՒՆԻ ՎԱՆՔ)
Սյունիքի մարզ
ք. Սիսիան
պետ. ցուցիչ` 8. 6. 14
Գտնվում է Սիսիան քաղաքի հյուսիս արևմտյան դարավանդի վրա: Ըստ XIII դ. պատմիչ Ստեփանոս Օրբելյանի` վանքը հիմնադրել է Սյունյաց Վարազդուխտ իշխանուհին: Եկեղեցին հիմնովին վերակառուցել են Սյունիքի Կոհազատ իշխանը և Սյունյաց Հովսեփ Ա եպիսկոպոսը` Թեոդորոս վարդապետի օժանդակությամբ: Հուշարձանի կառուցման ժամանակի մասին հավաստի վկայագրեր չկան: Ելնելով ճարտարապետական ձևերից և վիմագրերի ուսումնասիրությունից` վերագրվում է VII դ. երկրորդ կեսին: Նվիրված է եղել Ս. Գրիգոր Լուսավորչին, հետագայում վերանվանվելէ Ս. Հովհաննես: Կառուցված է սրբատաշ, կապտավուն բազալտով: Պատկանում է «հռիփսիմեատիպ» հուշարձանների տիպին: Կառուցված է եռաստիճան հիմքերի վրա: Ունի խաչաձև, կենտրոնագմբեթ, չորս անկյուններում քառանկյուն ավանդատներով հորինվածք: Մուտքերը երկուսն են` հարավային և արևմտյան:
Սիսավանի Ս. Հովհաննես եկեղեցին առանձնանում է իր բարձրարժեք պատկերաքանդակներով: Գմբեթի քիվին չորս ավետարանիչների բարձրաքանդակներնեն` համապատասխան մակագրություններով: Եկեղեցու թմբուկին (ներսի կողմից) քանդակված են եկեղեցու կառուցողներ Կոհազատ իշխանի, Հովսեփ եպիսկոպոսի և Թեոդորոս վարդապետի բարձրարվեստ պատկերաքանդակները: Պատերին պահպանվել են նաև կառուցող վարպետների 39 փորագիր նշանները` սկզբնատառերի տեսքով:
1959-1961 թթ.կատարվել են հուշարձանի նորոգման աշխատանքներ:
Գործող եկեղեցի է:
Հիմնական գրականության
Ստեփանոս Օրբելյան, Սյունիքի պատմություն, Երևան, 1986:
Հարությունյան Վ., Հայկական ճարտարապետության պատմություն, Երևան, 1992:
ԲարխուդարյանՍ., Դիվան հայ վիմագրության, հ. 2, Եր., 1960: