ՀՈՒՇԱՐՁԱՆ «ՎԱՀԱԳՆ ՎԻՇԱՊԱՔԱՂ»
Երևան համայնք
Կենտրոն վարչական շրջան
պետ. ցուցիչ` 1.2.15
«Վահագն Վիշապաքաղը» Երևան քաղաքի ամենահայտնի հուշարձաններից է: Արձանը կերտվել է 1964 թ.: 1969 թ. տեղադրել են Լենինի /այժմ` Մաշտոցի/ պողոտայում: 1970-ական թթ. կեսերին որոշ ժամանակ արձանը տեղադրված է եղել «Մոսկվա» կինոթատրոնի մոտ` Նկարչի տան հարևանությամբ: Այժմ գտնվում է Ծովակալ Իսակովի պողոտայի և Սեբաստիա փողոցի խաչմերուկում:
Վահագնը հայկական դիցաբանության մեջ եղել է հաղթանակի, քաջության և ռազմի գերագույն Աստվածը, որոշ ավանդազրույցներում նաև` արեգակի Աստված: Ըստ առասպելաբանության` կենսատու լույսը մարմնավորող Վահագնը, որպես քաջ որսորդ, մարտնչում է խավարի և չար ուժերը մարմնավորող վիշապների դեմ, որի համար նրան տրվել է Վիշապաքաղ մականունը: Հայոց Մասիս, Արագած, Արեգունի և այլ բարձր լեռները դիտվել են որպես Վահագնի սրբազան կայաններ: Վահագնի գլխավոր տաճարը կամ մեհյանը եղել է Տարոն գավառի Քարքե լեռան լանջին: Տաճարում դրվել է Վահագնի մեծ անդրին, կից սրահներում` Աստղիկ դիցուհու և Անահիտ դիցամոր անդրիները: Վահագնի հարսնացուն ջրի, սիրո ու գեղեցկության աստվածուհի Աստղիկն էր, որի սրահը կոչվել է «Վահագնի սենյակ»: Քրիստոնեության ընդունումից հետո Վահագնի գլխավոր տաճարի տեղում հիմնվել է հայոց առաջին մայր եկեղեցին: Հայոց տոմարում Վահագնի անունով կոչվել է ամսվա 27-րդ օրը:
«Վահագն Վիշապաքաղ» արձանի քանդակագործը Կառլեն Նուրիջանյանն է: Արձանի նյութը կոփածո պղինձ է, քանդակի բարձրութունը 3,5 մ է, քաշը` մոտ 400կգ:
Հիմնական գրականություն
Խանջյան Ա., Երևանի արձանները, Երևան, 2004: