ԴՎԻՆ ՔԱՂԱՔԱՏԵՂԻ
Արարատի մարզ
գ. Հնաբերդ
պետ. ցուցիչ` 3.53.1
Միջնադարյան Հայաստանի Դվին մայրաքաղաքի ավերակները գտնվում են Վերին Դվին, Հնաբերդ, Վերին Արտաշատ, Նորաշեն, Այգեստան գյուղերի տարածքներում, Երևանից մոտ 30 կմ հարավ: Հիմնադրվել է IV դ. 30-ական թվականներին, Տրդատ III–ի որդի Խոսրով Բ Կոտակի օրոք: 330-331 թթ. Խոսրով Բ թագավորը հայոց արքունիքը Արտաշատից տեղափոխել է հյուսիս, Դվին կոչվող բլրի վրա` Արփա գետի հունի փոփոխման, Արտաշատ մայրաքաղաքի կլիմայական պայմանների վատթարացման պատճառով: 470 թ. Գյուտ Ա Արահեզացի կաթողիկոսի օրոք Վաղարշապատից Դվին է տեղափոխվել նաև կաթողիկոսարանը: VIII-IX դդ. Դվինը եղել է արաբ զավթիչների ստեղծած «Արմինիա» վարչական միավորման կենտրոն: Դվինը նոր վերելք է ապրել IX-XI դդ. Բագրատունիների թագավորության օրոք: XI դ. երկրորդ կեսին բռնազավթվել է սելջուկ թուրքերի կողմից: Ազատագրվել է XIII դ. Զաքարյանների իշխանության օրոք: Դվինը լրիվ ավերվել է 1225 թ. Ջալալ Էդ Դինի և 1236 թ. մոնղոլների արշավանքների հետևանքով: XV-XVI դդ. նրա տարածքում առաջացել են մի քանի գյուղական բնակավայրեր:
Դվինը բազմաշերտ հուշարձան է: Բնակեցված է եղել դեռևս մ.թ.ա. III հազարամյակից: Պեղումների շնորհիվ բլրի գագաթին և նրա շրջակայքում բացվել է խոշոր բնակավայր` կիկլոպյան կառուցվածքներով, ինչպես նաև` մ.թ.ա. IX -VIII դդ. պաշտամունքային բնակավայր:
Քաղաքատեղին բազմիցս ուսումնասիրվել և պեղվել է: Դեռևս 1899 թ. ուսումնասիրել է Ն. Մառը, 1907-1908 թթ.` Խ. վարդապետ Դադյանը, 1936-1939 թթ. պեղումները գլխավորել է Ս. Տեր-Ավետիսյանը, 1946-1976 թթ.` Կ. Ղաֆադարյանը, 1976 թ-ից` Ա. Քալանթարյանը: Տասնյակ տարիների ընթացքում ուսումնասիրվել և պեղումների շնորհիվ բացվել են քաղաքի միջնաբերդի տարածքի և կենտրոնական թաղամասի պաշտամունքային և աշխարհիկ ճարտարապետական շինությունների մնացորդներ: Պեղածո զանազան նյութերը հիմնականում պահպանվում են Հայաստանի պատմության թանգարանում:
Դվինն ունեցել է ժամանակի զարգացած քաղաքներին բնորոշ քաղաքաշինական նկարագիր: Միջնաբերդը կառուցվել է ընդարձակ հարթավայրի հյուսիսարևելյան կողմում գտնվող բլրի գագաթին, իսկ բուն քաղաքը` շահաստանը, կառուցապատվել է բլրի փեշերին, դեպի հարավարևմուտք ձգված հարթավայրի վրա: Միջնաբերդի և քաղաքի միջև կապը ապահովվել է երկու կամուրջների միջոցով, մեկը` միջնաբերդի հարավից, մյուսը` արևելյան կողմից: Միջնաբերդը և քաղաքը շրջափակվել են կիսաշրջանաձև աշտարակներով և հզոր բուրգերով համալրված պարիսպներով:
Միջնաբերդի գագաթին պահպանվել են պալատական, աշխարհիկ, շինությունների մնացորդներ, որոնցից հիշարժան են IV դ. բազիլիկ եկեղեցին և IV դ. Արշակունյաց գահասրահը` միջնաբերդի արևելյան եզրին: Վերջինս եղել է սյունազարդ` դահլիճի երկարությամբ երկշարք չորսական սյուներով:
Միջնաբերդի կառուցվածքների մեջ առանձնանում է թրծված աղյուսով շարված բաղնիքը, որից մնացել են կրակարանը և արևմտյան լոգասրահը:
Կենտրոնական թաղամասում բացվել են Ս. Գրիգոր կաթողիկե եկեղեցու, միանավ բազիլիկի և երկու կաթողիկոսական պալատների մնացորդներ:
Ս. Գրիգոր եկեղեցին հայ ճարտարապետության եզակի նմուշներից է: Կառուցվել է հեթանոսական տաճարի տեղում, IV դ. սկզբին: Նախնական տեսքով եռանավ բազիլիկ է, որը հետագայում` VII դ. սկզբին, վերածվել է գմբեթավոր շինության: Ունեցել է ճոխ հարդարանք: Կաթողիկեն վերջնականապես կործանվել է 893 թ. երկրաշարժից:
Միանավ բազիլիկ եկեղեցին գտնվել է Կաթողիկեից հյուսիսարևելք: Կառուցվել է VI դ. Ներսես Բագրևանդեցի կաթողիկոսի օրոք: Ավերվել է 893 թ. երկրաշարժից:
Կաթողիկոսական պալատը վաղ միջնադարյան Հայաստանի աշխարհիկ ճարտարապետական կառույցների լավագույն օրինակներից է: Գտնվել է Կաթողիկեի հարավարևմտյան մասում: Կառուցվել է V դ. երկրորդ կեսին: Քառակուսի հատակագծով շինություն է` կենտրոնական սյունազարդ դահլիճով, բոլոր կողմերից շրջապատված բնակելի, տնտեսական և պաշտամունքային սենյակներով: VI դ. կեսերին վերածվել է պարսից պաշտոնյայի նստավայրի, և պալատի արևմտյան մասում կառուցվել է կրակապաշտական մեհյան: Պալատը քանդվել է հայոց 572 թ. ապստամբության ժամանակ:
Երկրորդ կաթողիկոսական պալատը գտնվել է Կաթողիկեի հյուսիսային մասում: Կառուցվել է VII դ.: Քառակուսի հատակագծով շինություն է: Ունի կենտրոնական սյունազարդ սրահ` կողմնային սենյակներով: Պահպանվել է քանդակազարդ խոյակներից մեկը:
Դվինի աշխարհիկ շինություններից հիշարժան է նաև միջնաբերդից հարավարևելք բացված տուֆակերտ շուկայի շենքը` ներքին երեք փողոցներով և վեց շարք իջևանատուն-խանութներով: Կործանվել է 893 թ. երկրաշարժից: Վերակառուցվել է X դ. և վերջնականապես ավերվել XIII դ.:
Դվին քաղաքը իր կառուցապատման երեք փուլերի` IV-VII դդ., VIII-X դդ. և XI-XIII դդ., ընթացքում կրել է զգալի փոոխություններ:
Լինելով Մերձավոր Արևելքի առևտրական խոշոր կենտրոններից` Դվինը հայտնի էր իր զարգացած արհեստագործությամբ ինչպես նաև գինեգործությամբ: Պեղածո արժեքավոր իրերը վկայում են խեցեգործության, ապակեգործության, դարբնության, արծաթագործության, գորգագործության բարձր մակարդակի մասին:
Ավերակների վերածված նախկին ծաղկուն ու զարգացած քաղաքը Միջնադարյան Հայաստանի բարձր մշակույթի պատմական վկան է:
Հնավայրի մասին հրատարակվել են մի շարք գիտական ուսումնասիրություններ:
Հիմնական գրականություն
Ղաֆադարյան Կ., Դվին քաղաքը և նրա պեղումները, հհ. 1,2, Երևան, 1952, 1982:
Հարությունյան Վ., Հայկական ճարտարապետության պատմություն, Երևան, 1992:
Քալանթարյան Ա., Դվին, Երևան, 1987:
ՀՀ Հանրագիտարան, հ. 2, Երևան, 1995: