Պահպանության նվիրյալը Արարատի մարզից․ Սամվել Սարոյանի կյանքն ու առօրյան

Պահպանության նվիրյալը Արարատի մարզից․ Սամվել Սարոյանի կյանքն ու առօրյան

Իմ պահպանության տակ գտնվող  հուշարձանները, խաչքարերը իմ ողջ կյանքն է․․․

Ամբողջ կյանքից շուրջ 30 տարին Սամվել Սարոյանը նվիրել է  հուշարձանների պահապանությանը, խնամքին։ Լինի շոգ ամառ, թե ցուրտ ձմեռ հուշարձանների պահապանը իրեն վստահված տարածքում է՝ Արարատի մարզում։

Սամվել Սարոյան ՊՄՊ Արարատի մարզի հուշարձանների պահապան

Հաճախ աշխատանքային օրս սկսում եմ դեռ լույսը չբացված, եթե օրինակ գիտեմ վաղը պետք է Մանկունք գնամ շրջայցի, տեղս տեղ չի տալիս։ Իրերս պատրաստում եմ, անպայման հաց ու պանիր վերցնում․․․ դե պատկերացրեք բնության մեջ, հուշարձանի տարածքում ինչքան համ ու հոտ է ստանում ընդմիջումը։ Սիրում եմ հանգստի ժամանակ մի հին վանքի պատի գլուխս դնել, մտածել՝ տեսնես ինչպես են կառուցել, ինչքան սեր ու նվիրում են դրել։

Սամվել Սարոյանը ծնվել է Վեդիում ու առանձնահատուկ սիրով է կապված  Վեդիի ամեն մի քարին ու խաչքարին, որևէ հուշարձան առանձնացել  դժվարանում է, ասում է․

Սամվել Սարոյան ՊՄՊ Արարատի մարզի հուշարձանների պահապան

Շատ բարդ է առանձնացնել որևէ հուշարձան, բոլորն էլ  սիրելի  են։ Սիրում եմ դրանց գեղեցկությունը, ճարտարապետությունը, ամեն մի խաչքար իր յուրահատկությունն ունի։ Մեկ յուրահատուկ խաչքար  էլ կա «անմահության քար» է կոչվում, այն ավելի ամուր է կպել սրտիս։

Սիրտը հուշարձանների հետ կապած պահապանը 30 տարեկանից հուշարձանների պահպանությունում է։ Սամվել Սարոյանին վստահված է Մանկուք, Խոսրով, Վանստան, Բերդատակ գյուղատեղիների  պահպանությունը։ Սակայն դրանով չի սահմանափկվում օգնում է նաև մյուս պահապաններին։

Սամվել Սարոյան ՊՄՊ Արարատի մարզի հուշարձանների պահապան

Մի դեպք պատմեմ․ Երկու տարի առաջ էր, հերթական շրջայցի ընթացքում հողի հաստ շերտի տակ քարի մի հատված տեսա, հասկացա, որ  խաչքար է,  քանդեցի, հողի տակից  բարձրացրի   նորահայտ խաչքարը, որը հիմա իր տեղում կանգուն վիճակում է։ Ի՞նչ եմ ուզում ասել․ Ես առաջին հերթին  հուշարձանների սիրահար եմ, նոր պահապան կամ հակառակը։ Անգամ պատրաստ եմ հանուն մեր հուշարձանների կյանքս էլ տալ։

 

Հուշարձանի պահապանի աշխատավարձը բարձր չէ, բայց ցածրով էլ՝ անգամ անվճար է պատրաստ աշխատել,  ասում է․ նույն սիրով ու նվիրումով՝ պահպանելով մարզի հուշարձանները։

Սամվել Սարոյան ՊՄՊ Արարատի մարզի հուշարձանների պահապան

Իմ պահպանության տարածքներ գնալը չիմանաք խաղ ու պար է, պարտադիր իմ անբաժան ընկերոջ հետ եմ սարեր բարձրանում, ես իրեն մենակ չեմ թողնում, ինքը՝ ինձ։ Իսկ  ընկերս էս՝ սպիտակ   «Վիլիս» -ն ա, մեր կողմերում բոլորը գիտեն՝ անգամ հեռվից ձայնից են ճանաչում, որ շրջայցի ենք։

ՊՄՊ Արարատի մարզի հուշարձանների պահապան մեր նվիրյալը համայնքի հետ  գործակցելով  սիրով ու հոգատարությամբ օգնում է նաև նոր պահապաններին։ Երիտասարդ սերնդին  առաջին խոսքն  ու պատգամն է, եթե ուզում են հայրենանվեր այս առաքելությունում հաջողեն, պետք է պատմամշակութային հուշարձանները ճանաչեն, պահպանեն ու ժառանգեն։