ԲԱՂԱԲԵՐԴ
ՀՀ Սյունիքի մարզ
գ. Անդոկավան
Բաղաբերդը (Կապանի բերդ) գտնվում Սյունիքի մարզում, Կապան քաղաքից արևմուտք` Քաջարան տանող մայրուղու վրա, Ողջի և Գեղի գետերի միախառնման տեղից ոչ հեռու, Ողջի գետի ձախ ափին: Հայաստանի պաշտպանական խոշոր կառույցներից է: Պատմագիր Ստեփանոս Օրբելյանի (XIII–XIV դդ.) հաղորդած ավանդության համաձայն` Սիսակի սերունդներից Բաղակ նահապետը որպես ժառանգություն ստանում է Ձորք (Կապան) գավառը, կառուցում է Բաղակի քար ամրոցը, ամրացնում բերդը` անվանելով Բաղաբերդ: Որպես անառիկ բերդ` հայտնի է IV-V դարերից: Բաղաբերդի նշանակությունը առանձնապես մեծանում է X-XII դդ., Սյունիքի կամ Բաղաց թագավորության շրջանում: 1103 թ. Կապան քաղաքի ավերումից հետո Բաղաբերդը դառնում է Սյունիքի թագավորության մայրաքաղաքը: Վտանգի ժամանակ Սյունյաց իշխանները այստեղ էին պահում գանձերը, ձեռագրերը: 1170 թ. Գանձակի սելջուկները Էլդկուզ (Ելտկուզ) աթաբեկի գլխավորությամբ գրավում են Բաղաբերդը, կոտորում բնակիչներին, այրում Տաթևի վանքին պատկանող ավելի քան 10 հազար ձեռագիր մատյաններ, կողոպտում գանձերը, որից հետո բերդը անշքանում է և այլևս չի վերականգնվում: Բերդը կառուցված է եռանկյունաձև հրվանդանի վրա, եռաստիճան պաշտպանական մակարդակներով, որոնցից առաջինը անցնում է ժայռի ստորոտով, երկրորդը` նրանից մոտ 150 մ բարձրության վրա, երրորդը հրվանդանի գագաթին է: Շրջափակված է բոլորաձև աշտարակավոր հաստ և բարձր կրկնապարիսպներով: Երկու կողմից որպես բնական պատնեշ են ծառայում խոր կիրճերի ուղղաձիգ ժայռերը: Արևելյան կողմում ժայռերի համեմատաբար խոցելի մասերը ամրացված են բրգաձև կոնտրֆորսեր ունեցող հենապատով, իսկ ժայռերը որոշ տեղերում մշակված են որպես ուղղաձիգ պատեր: Բերդի միակ մուտքը պարսպապատի հարավարևմտյան հատվածում է` պաշտպանված հսկիչ-աշտարակով: Բերդը ուներ ստորգետնյա անցուղիներ, ժայռափոր պահոցներ, ջրատար ուղի, որոնցից մնացել են հազիվ նշմարելի հետքեր: Պահպանվել են պարիսպների մնացորդները` մոտ 6-8 մ բարձրությամբ: Անցյալում շրջակա բնակչությունը քանդել է պարիսպների քարերը` գործածելով որպես շինաքար: Բերդը մեծապես տուժել է նաև խորհրդային տարիներին , երբ կառուցվել է Կապան-Քաջարան նոր ճանապարհը: Ճանապարհի կառուցման ընթացքում քանդել են պարսպապատի մի հատվածը` նրա վրա գտնվող բուրգերի հետ միասին: Ներկայումս այդ ճանապարհին կից կանգուն են երկու բուրգեր` խարխլված և կիսաքանդ:
Հիմնական գրականություն
Ստ. Օրբելյան, Սյունիքի պատմություն, Եր., 1986:
Ս. Մնացականյան, Հայկական ճարտարապետության Սյունիքի դպրոցը, Եր., 1960: