ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ ԵԿԵՂԵՑԻ

ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ ԵԿԵՂԵՑԻ

2013-10-15T13:51:27+00:00 15/10/2013|Երեվանի Հուշարձաններ|

ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ ԵԿԵՂԵՑԻ
Երևան համայնք
Կենտրոն վարչական շրջան
պետ. ցուցիչ` 1.6.75

 

Սուրբ Սարգիս եկեղեցին գտնվում է Կենտրոն վարչական շրջանում, Հրազդանի ձախ ափին, Իսրայելյան փողոց, 19 հասցեում: Եկեղեցու այժմյան շինությունը կառուցվել է 1842 թ.: Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ի օրոք, 1976 թ. լոնդոնաբնակ բարերար Սարգիս Քյուրքճյանի և նրա զավակների նիրատվությամբ նորոգվել ու բարեկարգվել է:

Դեռևս քրիստոնեության վաղ շրջանում Երևանի բերդի դիմաց` Հրազդանի ձախ ափին, գործում էր մի վանք-անապատ: Դա պարիսպներով շրջապատված մի ընդարձակ համալիր էր` բաղկացած Սուրբ Սարգիս, Սուրբ Գևորգ և Սուրբ Հակոբ եկեղեցիներից, առաջնորդարանի ու թեմական դպրոցի շենքերից, այգուց և այլ կառույցներից: Սուրբ Սարգիս եկեղեցին առաջնորդանիստ էր, անապատը` կաթողիկոսական իջևանատեղ: 1679 թ. տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով Սուրբ Սարգիսը վանք-անապատի մյուս շինությունների հետ միասին ավերվում է: 1842 թ. նույն տեղում վերակառուցվում է ներկայիս Սուրբ Սարգիս եկեղեցին: Իր ներքին ու արտաքին ճարտարապետական կառուցվածքով, որպես առաջնորդանիստ եկեղեցի, Երևանի բոլոր եկեղեցիներից ամենաանշուքն էր:

Ճարտարապետ Ռ. Իսրայելյանի կազմած նախագծով 1972 թ. սկսվել է եկեղեցու նորոգումը: Սուրբ Սարգիս եկեղեցու հին շենքի ճակատները երեսպատվել են նարնջագույն տուֆով և ունեն եռանկյունաձև խորշեր: Ռ. Իսրայելյանի մահից հետո հետագա աշխատանքները շարունակել է ճարտարապետ Ա. Գալիկյանը: 1971-1976 թթ. եկեղեցին հիմնովին բարեկարգվել է, արևմտյան հատվածում երգչախմբի համար կառուցվել է վերնատուն: Հին թմբուկի ու գմբեթի փոխարեն կառուցվել է ավելի բարձր գմբեթ` բազմանիստ թմբուկով և հովհարաձև վեղարով: Սուրբ Սարգիս եկեղեցու արևմտյան շքամուտքը և փայտե դուռը քանդակագործ Արտաշես Հովսեփյանի մտահղացումներն են: 2000 թ. ավարտվել է Սուրբ Սարգիս եկեղեցու զանգակատան կառուցումը: Եկեղեցու օծման հանդիսավոր արարողությունը կատարվել է 1976 թ. նոյեմբերի 3-ին:

Այժմ Սուրբ Սարգիս եկեղեցին Արարատյան հոգևոր թեմի առաջնորդանիստ եկեղեցին է, որտեղ կատարվում են հարսանեկան և մկրտության արարողակարգեր:

Հիմնական գրականություն

Երվանդ Շահազիզ, Հին Երևանը, Երևան, 2003: