ԿԱՔԱՎԱԲԵՐԴ

ԿԱՔԱՎԱԲԵՐԴ

2013-12-06T11:29:57+00:00 December 6th, 2013|Հուշարձաններ|

ԿԱՔԱՎԱԲԵՐԴ
Արարատի մարզ
Խոսրովի արգելոց
պետ. ցուցիչ` 3.98.6.1

 

Գտնվում է Խոսրովի արգելոցի տարածքում, Ազատ գետի աջ ափին, պատմական Մազազ գավառի Բերդատակ լքված բնակավայրի մոտ: Կոչվում է նաև Թաթուլի, Գեղի կամ Քեղի բերդ: Կաքավաբերդ միջնադարյան ամրոցի մասին հիշատակել է Հովհաննես Դրասխանակերտցին (IX-X դդ.)` որպես Բագրատունիների տոհմական տիրույթի: XI դ. Կաքավաբերդ ամրոցը անցել է Պահլավունիների, իսկ XII-XIII դդ.` Պռոշյանների տոհմին: Եղել է Գևորգ Մարզպետունու հենակետ-նստավայրը, որը մանրամասն նկարագրել է մեծ վիպասան Մուրացանը «Գևորգ Մարզպետունի» պատմավեպում:

Կաքավաբերդ ամրոցը գտնվում է 2075 մ բարձրությամբ լեռնագագաթին` երեք կողմերից խոր ձորերով շրջապատված: Պահպանվել են դեպի հյուսիսարևելք ձգվող` 2-2,5 մ հաստությամբ պարիսպները, 8-10 մ բարձրությամբ աշտարակները, ամրոցի ներսում գտնվող եկեղեցու և տնտեսական շինությունների ավերակները:

Կաքավաբերդն ունի պատմամշակութային չափազանց մեծ արժեք և դարեր շարունակ իր կատարած դերով խիստ կարևորվում է թե´ Մազազ գավառի և թե´ ողջ Այրարատ նահանգի պատմության ուսումնասիրության համար: Կաքավաբերդը պատմական Հայաստանի ամրոցաշինության լավագույն օրինակներից է:

Հիմնական գրականություն

Խանջյան Ն., «Խոսրովի անտառ» արգելոց, Երևան, 2009: