ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ

2014-02-21T13:45:43+00:00 21/02/2014|Արարատի Հուշարձաններ|

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿԻ ՏՈՒՆ -ԹԱՆԳԱՐԱՆ
Արարատի մարզ
գ. Զանգակատուն
պետ. ցուցիչ` 3.43.9

 

Գտնվում է բանաստեղծի ծննդավայրում՝ Զանգակատուն գյուղում: Բացվել է Պարույր Սևակի ողբերգական մահվան տասնամյա տարելիցի օրը՝ 1981 թ. հունիսի 17-ին: Թանգարանը կառուցվել է նրա հայրենի տան կողքին, այգու մեջ: Նախագծի հեղինակն է ճարտարապետ Ջիմ Թորոսյանը: Ըստ նախագծի՝ տուն-թանգարան համալիրը ներառում էր նախասրահ-դահլիճ, ցուցասրահներ, մատուռ-զանգակատուն, ամֆիթատրոն: Իրականցվել է նախագծի միայն մի մասը՝ ներկայիս նախասրահ-դահլիճը, որտեղ ցուցադրված են բանաստեղծի կյանքի ու ստեղծագործական տարբեր փուլերին վերաբերող ցուցանմուշներ՝ անձնական իրեր, վավերագրեր, ձեռագրերի պատճեններ, գրառումներ, տարբեր լեզուներով հրատարակություններ: Թանգարանում պահպանվում են շուրջ 700 ցուցանմուշներ և 1000-ից ավելի գրականություն: Ցուցասրահը հարստացված է Պարույր Սեվակին նվիրված՝ Սարգիս Մուրադյանի` 1985-1986 թթ. կատարած մեծադիր, սիմվոլիզմով հագեցված որմնանկարներով:

Թանգարանում հաճախ են կազմակերպվում սևակյան պոեզիայի օրեր, ընթերցումներ, պոեզիայի ձայնագրություններ՝ հենց բանաստեղծի ընթերցմամբ:
Տուն-թանգարանի բակում, այգու կենտրոնում է գտնվում Պարույր Սևակի գերեզմանը: Գերեզմանաքարի վրա փորագրված է նաև կնոջ՝ Նելլի Մենաղարաշվիլու անունը:

Հիմնական գրականություն

ՀՍՀ Հանրագիտարան հատոր 10, Երևան, 1984::