ՇՆՀԵՐԻ ԿՈՒՍԱՆԱՑ ԱՆԱՊԱՏ

ՇՆՀԵՐԻ ԿՈՒՍԱՆԱՑ ԱՆԱՊԱՏ

2014-08-13T15:40:34+00:00 13/08/2014|Սյունիքի Հուշարձաններ|

ՇՆՀԵՐԻ ԿՈՒՍԱՆԱՑ ԱՆԱՊԱՏ
Սյունիքի մարզ
գ. Շինուհայր
պետ. ցուցիչ՝ 8. 73. 2. 3

 

Ուշմիջնադարյան հայ ճարտարապետության Շնհերի Կուսանաց անապատը գտնվում է գյուղի հարավային կողմում, Որոտանի ձորի եզրին: Միջնադարյան վանքերից ու անապատներից առանձնանում է իր տեղադրությամբ՝ կառուցված լինելով գյուղամիջում՝ առավել ապահով վայրում: Անապատը բաղկացած է Ս. Աստվածածին եկեղեցուց, գավթից, սեղանատնից, պարիսպներից ու կից սենյակներից: Ըստ գործառական նշանակության՝ եկեղեցին, գավիթը և սեղանատունը գտնվում են համալիրի հարավային կողմում, իսկ օժանդակ կառույցները՝ համալիրի հյուսիսային կողմում: Երկու խմբերի մեջ կա ընդհանուր բակ-միջանցք, որտեղ բացվում է համալիրի մուտքը: Տեղանքի թեքադիր առանձնահատկությունից ելնելով՝ Շնհերի անապատը կառուցվել է ազատ հատակագծման սկզբունքով:

Ս. Աստվածածին եկեղեցին կառուցել է Մուրադ ճարտարապետը 1676 թ. ՝ ագուլիսցի Մահտեսի Ազարիայի միջոցներով: Ըստ հարավային կողմի որմնասյան վրայի արձանագրության՝ նորոգել են գողթնեցի Մահտեսի Բենիամինը և իր որդի Ազարիան 1720 թ.: Կառուցված է թեք տեղանքի վրա: Մեկ զույգ խաչաձև մույթերով եռանավ բազիլիկ կառույց է՝ արևելյան կիսաշրջանաձև խորանի երկու կողմերում ուղղանկյուն ավանդատներով: Ունի երկթեք ծածկ: Միակ մուտքը հարավային ճակատում է, որը բացվում է գավթի մեջ:

Գավիթը կառուցվել է XVII դ.: Կից է եկեղեցուն հարավային կողմից: Ուղղանկյուն հատակագծով, փոքր, թաղածածկ կառույց է:

Սեղանատունը կառուցված է Ս. Աստվածածին եկեղեցու հարավային կողմում, եկեղեցուց զգալի ցածր դիրքում՝ այնպես, որ սեղանատան տանիքը եկեղեցու համար ծառայում է որպես բակ, գավթից դուռը անմիջապես բացվում է դեպի տանիք: Կառուցել են ցղնեցի Հովհաննեսը և իր որդի Աստվածատուրը 1720 թ.: Ուղղանկյուն հատակագծով, երկու թաղակիր կամարներով, գլանաձև թաղով ծածկված կառույց է: Ունի երկու մուտք՝ արևմտյան և արևելյան ճակատներում (վերջինս փակված է շարվածքով):

Պարիսպները շրջափակում են համալիրը հյուսիսային և արևելյան կողմերից, իսկ հարավային և արևմտյան կողմերում ուղղաձիգ, դեպի ձորը գահավիժող ժայռեր են: Կառուցվել են XVII դ. երկրորդ կեսին:

Պարսպին կից սենյակները տեղադրված են համալիրի հյուսիսային կողմում: Կառուցվել են XIX դ. վերջին՝ որպես եկեղեցական-ծխական դպրոց: Սենյակներն ունեն
ընդհանուր պատշգամբ:

Շնհերի Կուսանաց անապատը XVII դ. վերջին եղել է գրչության կենտրոն, որտեղ ընդօրինակվել և պատկերազարդվել են մի շարք ձեռագրեր, որոնցից մի քանիսը գտնվում են Մատենադարանում:

Հիմնական գրականություն

Հասրաթյան Մ., Սյունիքի XVII-XVIII դարերի ճարտարապետական համալիրները, Երևան, 1973:

Բարխուդարյան Ս., Դիվան հայ վիմագրության, պրակ 2, Երևան, 1960: