ԵՍԱՅԻ ՆՉԵՑՈՒ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ
Վայոց Ձորի մարզ մարզ
Գ. Վերնաշեն
պետ. ցուցիչ՝ 3.2.13.7
Գլաձորի համալսարանի պատմության թանգարանի ցուցանմուշների մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում 1318 թ. համալսարանի րաբունապետ Եսայի Նչեցու պատվերով գրիչներ Ստեփանոսի և Հովհաննես Երզնկացու ձեռագրած Աստվածաշունչը, որը նկարազարդել է Թորոս Տարոնացին: Թանգարանի ցուցադրությունում առկա են ձեռագրի 15 լուսանկարներ: Ձեռագիրը գրվել է Գլաձորում և օգտագործվել որպես ուսումնական ձեռնարկ ոչ միայն Գլաձորի համալսարանում, այլև՝ Հայաստանի այլ ուսումնական կենտրոններում: Ձեռագրի յուրաքանչյուր էջ նկարազարդված է յուրովի: Տեքստերը հիմնականում երկու կամ երեք սյունակներով ծածկագրեր են, որոնք լայնորեն կիրառվել են միջնադարյան հայ մատենագրության մեջ և առավելապես հոգևոր բնույթի են:
Ձեռագրի նկարազարդումների հիմնական մոտիվը եկեղեցական արարողակարգից վերցված դրվագներ են (Սուրբ Ծնունդ, Հարություն, Մկրտություն, Պայծառակերպություն և այլն), սակայն առկա են նաև աշխարհիկ բնույթի մանրանկարներ:
Եսայի Նչեցու Աստվածաշունչն այսօր պահպանվում է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում (ձեռ. 206): Առավել ուշագրավ են պատկերված ձեռագրի 437 բ. և 438 ա. էջերի մանրանկարները, որոնցից առաջինը ներկայացնում է Եսայի Նչեցու դիմանկարը, երկրորդը՝ Թորոս Տարոնացու ինքնանկարը (թանգարանում դրանք ցուցադրվում են առանձին): Ծաղկողը կատարելության աստիճանի է հասցրել մանրանկարները. դիմագծերը, ձեռքերը, մարմնի մյուս մասերը ներկայացված են համաչափ, գործողության ընթացքի մեջ, առանց ավելորդությունների:
Առավել բազմազան է ձեռագրի մանրանկարների գունային գամման. գերակշռում են կարմիրը, դեղինը, կապույտը, մոխրագույնը և սևը: Գույների տեղին և ներդաշնակ օգտագործման շնորհիվ մանրանկարները ստացել են արտահայտիչ և խորհրդավոր տեսք:
Եսայի Նչեցու Աստվածաշունչը Գլաձորի համալսարանի պատմության թանգարանի ցուցադրության առավել հետաքրքրական և արժեքավոր ցուցանմուշներից է: