ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ

ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ

2014-11-04T15:33:32+00:00 04/11/2014|Սյունիքի Հուշարձաններ|

ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ
ք. Կապան
պետ. ցուցիչ՝ 8.1.16

 

Կապան քաղաքից մոտ 200 մ հարավ, Բաղաբուրջ տանող ճանապարհի ձախակողմյան բարձունքին է գտնվում քառահարթակ հուշահամալիրը:

Առաջին հարթակում վեր է խոյանում 6 մ բարձրության, քառանկյուն, քանդակազարդ հուշակոթողը՝ նվիրված Մեծ Եղեռնի և 1988 թ. Սումգայիթի ու Բաքվի զոհերին: Խաչքարով պսակված հուշասյունը կանգնեցվել է 1990 թ. Յու. Գևորգյանի հեղինակությամբ:

Համալիրի երկրորդ հարթակում 2005 թ. կանգնեցվել է անհայտ զինվորի հիշատակն հավերժացնող խաչքար:

Երրորդ հարթակը արցախյան ազատամարտում զոհված կապանցի հայորդիների եղբայրական գերեզմանն է: Սյունիքում ձևավորված երկրապահ ջոկատները, նոր կազմավորվող հայկական բանակի զորամասերի հետ, կենաց մահու պայքար են մղել մայրենի հողն ազատագրելու համար: Երախտապարտ ժողովուրդը հիշում և գնահատում է իրենց կյանքը հանուն հայրենիքի զոհաբերած բազմաթիվ կապանցիներին և որպես երախտիքի և գնահատանքի արդյունք, 1992-1994 թթ. հավերժացրել է նրանց հիշատակը:

Չորրորդ հարթակում Երկրորդ աշխարհամարտում զոհվածներին նվիրված հուշարձանն է: Կենտրոնում՝ բացված գրքի նման կիսաշրջանաձև պատ է, որի վրա նշված է զոհվածների թիվը՝ 3050 և հիշատակություն՝ թամանցիներին: Պատի աջ կողմում որդուն սպասող մոր, իսկ ձախ կողմում՝ ամուսնուն սպասող երիտասարդ կնոջ խորհրդանշական քանդակներն են: Հուշարձանը կանգնեցվել է 1987 թ.: Հեղինակներ են Ց. Արմենյանը և Ռ. Դանիելյանը: