ԱՄՐՈՑ ՈՐՈՏՆԱԲԵՐԴ (Դավիթ Բեկի բերդ)
գ. Որոտան
պետ. ցուցիչ՝ 8.78.1
Մեծ Հայքի Սյունյաց աշխարհի Ծղուկ գավառի Որոտնաբերդը կամ Դավիթ Բեկի բերդը Սյունիքի միջնադարյան պաշտպանական կառուցվածքների մեջ կարևոր տեղ է գրավել և նշանակալից է նրա դերը Սյունիքի XVIII դ. ազգային –ազատագրական պայքարում: Դեռևս V դ. հայտնի այս նշանավոր և անառիկ ամրոցը, որը զբաղեցնում էր 11,5 հա տարածք, գտնվում է Որոտան գյուղից հարավարևմուտք, Որոտան գետի աջափնյա անմատչելի լեռնաբազուկի վրա: V դ. պատմիչ Եղիշեն Որոտնաբերդը հիշատակել է 450 թ. Վարդանանց ազատագրած բերդերի և ավանների շարքում: Ըստ Ստեփանոս Օրբելյանի՝ Որոտնաբերդը Սյունիքի նշանավոր բերդերից էր և 1084-1094 թթ. պատկանել է Սյունիքի թագավոր Սենեքերիմին: Բազմիցս ենթարկվելով թուրք-սելջուկների ասպատակություններին՝ 115 տարի մնացել է նրանց իշխանության ներքո և միայն 1211 թ., Սմբատ իշխանի ջանքերով, Որոտնաբերդը ազատագրվել է և դարձել Օրբելյանների տիրույթը, որը, սակայն, 1407 թ. զավթել է Կարա-Յուսուֆ բռնակալը: Բերդը ավերվել է 1487 թ. կործանիչ երկրաշարժից, հետագա տարիներին այն վերականգնվել է և շրջակա տարածքների համար կարևոր դերակատարում ունեցել: Որոտնաբերդի մասին նորից հիշատակվում է Սյունիքի ազատագրական շարժման համատեքստում, երբ 1725 թ. Դավիթ Բեկը իր փոքրաթիվ զորքով, բայց հմուտ մարտավարության շնորհիվ կարողացել է պաշարել և ազատագրել Որոտնաբերդը: XIX դ. այն այլևս չի հիշատակվում որպես կանգուն բերդ:
Որոտնաբերդն ունի հյուսիսարևմուտք – հարավարևելք ձգվածությամբ թամբի ձև: Երեք կողմերից շրջապատված է բերդն անմատույց դարձնող բազալտե ժայռերով և միայն հարավարևմտյան կողմից պարսպապատված է աշտարակավոր բարձր ու ամրակուռ պարիսպներով: Բազալտե կոպտատաշ քարերով կառուցված պարիսպները երկշերտ էին՝ կազմված առաջնապարսպից և ներքին պարսպից, որոնցից պահպանվել են որոշ հատվածներ: Հարավարևելյան մասում, ընդհանուր տարածքից մոտ 50 մ բարձրության վրա միջնաբերդն է, որի արևելյան մասում պահպանվել են կիսաշրջանաձև դիտաշտարակի և մատուռի մնացորդներ: Միջնաբերդն ունեցել է դեպի Որոտան գետը տանող գետնուղի, որը ներկայումս փակված է և հազիվ է նշմարվում: Թե´ միջնաբերդի և թե´ բերդի տարածքում պահպանվել են բազալտի ճեղքված քարերով, առանց շաղախի կառուցված ուղղանկյուն կամ կլորավուն ոչ մեծ չափերի կացարանների պատերը: Ուշագրավ է բերդի ներսում բավական լավ պահպանված, կրաշաղախով պատված շրջանաձև ջրամբարը: Բերդի հարավարևմտյան մասում՝ ավելի քան 2 մ բարձրությամբ պահպանվել են զույգ քառակող կոթողների ստորին մասերի մնացորդները:
Սյունիքի երբեմնի հզոր և ամրակուռ բերդն այժմ ավերակ է: