ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐԸ

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐԸ

2017-12-25T16:39:38+00:00 20/12/2014|Սյունիքի Հուշարձաններ|

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐԸ
Սյունիքի մարզ
ք. Կապան
պետ. ցուցիչ՝ 8.1.17

 

Կապան քաղաքի հյուսիսարևմտյան եզրին, Խուստուփ լեռան ստորոտին, Ողջի գետի ափին 2001 թ. կառուցվեց քանդակագործ Գևորգ Գևորգյանի և ճարտարապետ Ռոբերտ Բալյանի՝ մարմարից և գրանիտից կերտած մեծ առաջնորդ և գաղափարախոս Գարեգին Նժդեհի հուշահամալիրը՝ Կապանի պատվավոր քաղաքացի Մկրտիչ (Սերժ) Մկրտչյանի նախաձեռնությամբ:
Գարեգին Նժդեհը մահացել է Ռուսաստանի Վլադիմիր քաղաքի բանտում՝ 1955 թ., և շուրջ 30 տարի թաղված է եղել բանտային գերեզմանոցում: Եվ միայն 1983 թ. օգոստոսին մի խումբ նվիրյալների ջանքերով մեծ զորավարի աճյունը տեղափոխվել է Երևան, հոկտեմբերի 7-ին որոշ մասունքներ ամփոփվել են Խուստուփի լանջի Կոզնի աղբյուրի մոտ, 1987 թ. մայիսի 8-ին մնացած աճյունը ամփոփվել է Վայոց ձորի մարզի Վերնաշեն գյուղի Ս. Աստվածածին (Սպիտակավոր) վանքի բակում: 2005 թ. ապրիլի 26-ին մի քանի մասունքներ, այդ թվում՝ բազկոսկրը, զինվորական պատիվներով վերաթաղվել են Կապանի նշված հուշահամալիրում:
Համալիրի կենտրոնում մեծ զորավարի կիսանդրին է՝ սուրն ու գիրքը ձեռքերում, կողքերին իր զինվորներին խորհրդանշող 4 արծիվներ են, բարգավաճության խորհրդանիշ ցորենի հասկը, հանուն ազգի հարատևության պայքարի կոչնակող զանգը և երկրագնդի խորհրդանիշ գունդը: Դեպի հուշարձան-կոթող այցելողին ուղեկցում են վահանակների վրա մեծատառված՝ Գարեգին Նժդեհի հայտնի աֆորիզմները:
Բարեկարգված համալիրը վերաբացվել է 2012 թ. դեկտեմբերին:
Նժդեհի գլխավորած Լեռնահայաստանի հերոսամարտի հավերժական վկա Խուստուփ լեռան ստորոտը զարդարող այս հուշահամալիրը Մեծն Հայի և Համամարդու երրորդված ուխտավայրն է:

Հիմնական գրականություն

Առաքելյան Վ., Նժդեհ, Երևան, 1989:
Բունիաթյան Ա., Նժդեհի վերադարձը, Երևան, 2002, 2011: