Տավուշի մարզ, գ. Աղավնավանք, պետ ցուցիչ` 10.7.3.1
Եկեղեցին գտնվում է Տավուշի մարզի Աղավնավանք գյուղից 2,5 կմ հյուսիս-արևելք, գետակի աջ ափին` «Աղնաբադ» (Աղնաբաթ) անտառամասում, որի համար էլ հաճախ աղբյուրներում հանդիպում ենք Աղնաբադի վանք անունով: Աղավնավանք գետակի աջ ափին գտնվող Ս. Աստվածածին Անապատ եկեղեցու վերաբերյալ մատենագրական տեղեկությունները բացակայում են, մինչդեռ, համաձայն եկեղեցու վրա պահպանված վիմագրության, այն կառուցվել է XI-XII դդ.:
Փոքրաչափ, կենտրոնագմբեթ կառույց է` իր զույգ ավանդատներով, դեղնավուն, սրբատաշ չեչքարով: Գմբեթը իր վրա է պահում որմնասյուները միացնող կամարները, որն էլ ավարտվում է սրածայր վեղարով: են Եկեղեցու տանիքը ևս ծածկված է եղել սրբատաշ քարերով, որոնցից մի քանիսն են պահպանվել, իսկ վեղարը ամբողջապես մերկացել է: Թափվել են նաև քիվի ձևավոր քարերը: Արևելյան ճակատին փորված են երկու եռանկյունաձև խորշեր: Իսկ հուշարձանից դեպի հարավ պահպանված բազմաթիվ կառույցների մնացորդները հիմք են տալիս ենթադրելու, որ դրանք հանդիսացել են եկեղեցու միաբանության բնակելի և տնտեսական շինությունները: Թեև եկեղեցու վիմագրությունն աղքատիկ է, սակայն ավանդատների արևմտյան ճակատներին առկա են փորագրություններ, որոնց տառաձևերը բնորոշ են XII-XIII դդ. վիմագրական արվեստին:
Ինչպես նշեցինք, Աղավնավանքը կամ Անապատ Ս. Աստվածածին եկեղեցին, հայտնի է եղել նաև Աղնաբադի վանք անունով` գտնվելով Դիլիջան ազգային պարկի Աղնաբաթ անտառամասում: Այս անտառամասը առանձնապես հայտնի է կարմրածառ կոչվող ծառատեսակով։
Ավանդազրույցը պատմում է, որ այս վայրերում ապրել է մի երիտասարդ, ով բույսերից պատրաստած սպեղանիով կարողանում էր բուժել զանազան հիվանդություններ: Երիտասարդը դարձել էր բոլորի սիրելին և սպասված հյուր էր յուրաքանչյուրի օջախում: Շատերն էին դիմում նրա օգնությանը՝ անկախ նրանց սոցիալական վիճակից: Մի անգամ էլ տեղի իշխաններից մեկի դուստրը՝ գեղեցկուհի Նաբաթը, ծանր հիվանդանում է: Ոչ ոք չի կարողանում բուժել աղջկան, և իշխանին խորհուրդ են տալիս կանչել սպեղանի պատրաստող տղային: Երիտասարդը, մի քանի օր շարունակ հավաքելով տարբեր դեղաբույսեր, թուրմ է պատրաստում, որի օգնությամբ էլ դեռատի աղջիկը շուտով ոտքի է կանգնում: Եվ երջանիկ հայրը կարգադրում է մի պարկ ոսկի բերել երիտասարդի համար, սակայն տղան իշխանից դստեր ձեռքն է խնդրում: Տեսնելով տղայի ազնվությունն ու նվիրվածությունը՝ իշխանը համաձայնվում է:
Սակայն Նաբաթը որքան գեղեցիկ, այնքան էլ փառասեր էր. մերժում է տղային` ասելով, որ աղքատ բուժակը վայել չէ իրեն: Հուսահատ տղան թողնում է իր ունեցվածքը, հարազատներին, ընկերներին և օրեր շարունակ մեն-մենակ շրջում անտառներում: Սիրած աղջկա պատկերը հայտնվում է մեկ առվակի ջրերի, մեկ առավոտյան ցողի, մեկ անձրևի կաթիլների մեջ: Անցնում են օրեր ու ամիսներ… Մի անգամ էլ, հայտնվելով ժայռի գագաթին, երիտասարդը նայում է ներքև և վազող առվակի ջրերի մեջ տեսնում գեղեցկուհի Նաբաթի ժպտացող պատկերը: Նաբաթը ձեռքերը վեր պարզած կարծես իր գիրկն է կանչում տղային:
«Ա˜ խ, Նաբա ՛թ» վերջին անգամ կանչում է տղան ու ժայռից նետվում ներքև: Համաձայն ավանդազրույցի՝ այս բառերից է առաջացել Ախնաբաթ անվանումը: Ասում են նաև, որ, իմանալով տղայի մահվան մասին, գյուղացիները, որոնք անսահման սիրում էին նրան, որոշում են տղայի պատվին մի եկեղեցի կառուցել: Պատահական չէ, որ եկեղեցին էլ, ինչպես սիրահար տղան կղզիացած է անտառում, և այդ մենաստան-անապատ բառերից էլ առաջացել է նրա այժմյան անունը՝ ս. Աստվածածին Անապատ եկեղեցի:
Օգտագործված գրականություն
1. Դիվան Հայ Վիմագրություն պրակ 6-րդ, Իջևանի շրջան, ԳԱԱ հրատ, Երևան 1977.:
2. Եղիազարյան Հ., Սովետական Հայաստանի պատմական հուշարձանները: Իջևանի շրջան, Երևան, 1947.:
3. Էլլարյան Ի. Բ., Աղստևի հովտի բնությունը և պատմական հուշարձանները, Եր. Հայաստան հրատ. 1968:
4. Հակոբյան Ք. Խ. , Մելիք Բախշյան Ստ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հատոր 1-ին, /Ա-Դ/, Երևան 1986.: