ՊՈԱԿ-Ի ՓՈԽՏՆՕՐԵՆՆ ՈՒ ԳԻՏՆԱԿԱՆ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ԿԱԶԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԻՆ

ՊՈԱԿ-Ի ՓՈԽՏՆՕՐԵՆՆ ՈՒ ԳԻՏՆԱԿԱՆ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ԿԱԶԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԻՆ

2018-12-18T15:32:01+00:00 14/09/2018|Լրահոս|

ՅՈՒՆԵՍԿՕ-ի  կազմակերպության հովանու ներքո, օրերս  Կազանում անց է կացվել   «Քաղաքակրթությունների երկխոսության և միջազգային համագործակցության նոր ձևերի որոնում» խորագրով միջազգային խորհրդաժողով, որի «Միջմշակութային և միջկրոնական երկխոսություն․ փոխառնչությունների պատմական փորձը»  սեկցիայի  աշխատանքներին մասնակցել են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի փոխտնօրենն ու գիտնական քարտուղարը։

ՅՈՒՆԵՍԿՕ-ն մշակութային բազմազանությունը ընկալում է որպես մշակութային առաջնահերթություն, ուստի դրան հասնելու ամենաարդյունավետ ճանապարհը միմյանց միջև մշակութային կապերի հաստատումն ու ամրապնդումն է, միմյանց մշակույթներին ծանոթանալն ու այդ ժառանգությունը արժևորելը։

Կազանում անցկացված միջազգային խորհրդաժողովին մասնակցել են ՌԴ, Մոլդովիայի, Բելառուսի, Ղրղզստանի, Ուզբեկստանի, Թաթարստանի, Ադրբեջանի, Պորտուգալիայի, Չեխայի, Բուլղարիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Հունաստանի, Թուրքիայի, Հնդկաստանի, Բահրեյնի թագավորության, Չինաստանի, Հայաստանի և այլ բազմաթիվ երկրների  մշակույթի ոլորտի պատասխանատուներ, գիտնականներ, դիվանագետներ, մշակութաբաններ, լեզվաբաններ և այլ մասնագետներ։

Խորհրդաժողովի հանդիսավոր բացմանը ելույթ է ունեցել Թաթարստանի Հանրապետության նախագահ Ռուստամ Միննիխանովը։ Ելույթ են ունեցել նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Սին Ցյույը,  ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախկին գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան, ՌԴ  նախագահի  աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոն, ՌԴ-ում  ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատասխանատու քարտուղար Գ․ Օրջոնիկիձեն, Էրմիտաժի տնօրեն  Մ. Պիոտրովսկին և այլոք։

Խորհրդաժողովին Հայաստանից մասնակցել են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ, պատմական գիտությունների  թեկնածու Լիաննա Գևորգյանը և ՊՈԱԿ-ի գիտնական քարտուղար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը։ Նրանք իրենց ելույթներում անդրադարձել են Մեծամոր պատմամշակութային հնավայրը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում  ներառնելու խնդրին:

Ի դեպ, խորհրդաժողովի նիստերն անցկացվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Կազանի Կրեմլում, Սվյաժեսկ կղզու արգելոց-թանգարանում, Բոլգար պատմական քաղաքում։

Խորհրդաժողովի մասնակիցների համար կազմակերպվել են բազմաթիվ հետաքրքիր էքսկուրսիաներ, հանդիպումներ, այցելություններ, որոնց ընթացքում ծանոթացել են Թաթարստանի պատմահնագիտական ու պատմամշակութային ժառանգությանը։  Մասնակիցները Սվյաժեսկում ներկա են եղել «Թաթարական արվարձան» հնագիտական փայտի թանգարանի բացմանը, որտեղ ներկայացված են պեղումների ընթացքում բացված և ամրակայված XV-XVII դդ․ Սվյաժեսկի փայտաշեն կառույցները։

Խորհրդաժողովի ընթացքում կայացել է Թաթարստանի առաջին նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջմշակութային երկխոսության հատուկ դեսպան Մինտիմեր Շայմիևի «Հոգով՝ հանուն հոգու»  գրքի շնորհանդեսը։ Գիրքը Մ. Շայմիևի ելույթների ու հարցազրույցների ընտրանին է։ Խորհրդաժողովի մասնակիցներին են ներկայացվել նաև Բահրեյնի մշակույթի նախարար Մ․ Բուշենակիի «Խոշտանգված ժառանգություն» և Կ․ Քեմերոնի ու Մ․ Ռոսլերի «Բազմաձայնություն՝ մեկ տեսլական» շատ կարևոր ու համաժողովի համար խորհրդանաշական մենագրությունները:

Խորհրդաժողովի ավարտին ընդունվել է համատեղ հռչակագիր, որում կոչ է արվել  պետական մարմիններին, հասարակական և մասնավոր կառույցներին, կրթական, մշակութային և գիտական հաստատություններին` միջմշակութային երկխոսության և մշակութային ժառանգության պահպանության նպատակով աշխատել համակարգված և արդյունավետ: