ՊՈԱԿ-ՈՒՄ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԵՆ ՀԱՅ ԵՎ ՎՐԱՑԻ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ

ՊՈԱԿ-ՈՒՄ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԵՆ ՀԱՅ ԵՎ ՎՐԱՑԻ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ

2017-04-28T16:05:21+00:00 26/04/2017|Լրահոս|

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ն այսօր հյուրընկալել է ԿԳՆ Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի և Թբիլիսիի թիվ 98 դպրոցի աշակերտներին ու ուսուցիչներին։ Կրթահամալիրն իրականացնում է «Հանրակրթական էկոտուր» ամենամյա բնապահպանական ուսումնական նախագիծը, որի շրջանակներում այս տարի անցկացվում է «Գետը քաղաքում» միջազգային ծրագիրը։ Կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը ներկայացրել է էկոտուր ծրագիրը, խոսել դրա կարևորության մասին և կոչ արել մյուս կրթական հաստատություններին և հասարակական կազմակերպություններին միանալ ծրագրին։ Աշոտ Բլեյանի կարծիքով ծրագիրը լավ առիթ է ծանոթանալու մեր մայրաքաղաքով հոսող Հրազդան գետի պատմական անցյալին ու այսօրվա խնդիրներին։

Ճանաչողական այցի ընթացքում ՊՈԱԿ-ի մշակութային արժեքների հանրահռչակման, օգտագործման և մարքեթինգի բաժնի առաջատար գիտաշխատող Սերոբ Հունանյանը հայ և վրացի դպրոցականներին ներկայացրել է ՊՈԱԿ-ի պատրաստած Հրազդան գետի շրջակայքի հուշարձանների մասին պատմող լուսապատկերային ցուցադրությունը: Պատանիները հնարավորություն են ունեցել նաև տեսնելու ՊՈԱԿ-ի ֆոնդերում պահվող այդ հուշարձանների չափագրություններն ու հին լուսանկարները։

ՊՈԱԿ-ի հնամարդաբան Հասմիկ Սիմոնյանը ներկայացրել է Հրազդան գետի շրջակայքում գտնվող Շենգավիթ և Կարմիր բլուր հնագիտական հուշարձանները, խոսել նախկինում կատարված պեղումների մասին։ Հասմիկ Սիմոնյանը նշել է, որ մեր ժամանակներում անցկացվող պեղումները հնարավորություն կտան ավելին իմանալ այդ հնավայրերի մասին։

ՊՈԱԿ-ի օպերատիվ արձագանքման բաժնի վարիչ Մենուա Գևորգյանն էլ դպրոցականներին ներկայացրել է Հրազդան գետի վրա կառուցված Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը և գետի կիրճում գտնվող քարայր կացարանները։ Մենուա Գևորգյանը խոսել է նաև Կարմիր կամրջի երբեմնի նշանակության և այսօրվա վիճակի մասին։

Էկոտուր ծրագրի մասնակիցների հաջորդ միջոցառումն իրականացվելու է Թբիլիսիում։