ՇՐՋԱՅՑ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ

ՇՐՋԱՅՑ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ

2018-04-16T15:46:47+00:00 April 16th, 2018|Երեվան, Լրահոս|

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի  ՊՄՊ  Երևանի մարզային ծառայություն աշխատակիցները, սահմանված գրաֆիկի համաձայն,  շրջայցով եղել են մայրաքաղաքի Նոր-Նորք և Ավան  համայնքների հուշարձանների տարածքներում: Պետական սեփականություն համարվող եւ չօգտագործվող հուշարձաններից 500-ը գտնվում է մայրաքաղաքում, դրանցից  234-ը` վերոնշյալ երկու համայնքներում:

 

ՊՄՊ մարզային ծառայության պետ Վրեժ Հաջյանը և պետի տեղակալ Տիգրան Քյոսինյանը դիտարկել են Նոր-Նորք համայնքի «Տիգրան մեծ» հանգստի գոտում գտնվող  7 հուշարձանի տարածքն ու   ժայռապատկերների բլուրը:  16-րդ դարով թվագրվող ձիու տեսքով երկու տապանաքարերը /տեղափոխվել են Սյունիքի մարզի Գորայք գյուղից/ և  խոյատապանները /տեղափոխվել են Արագածոտնի մարզի Ավան գյուղից/:  Մ/ծ աշխատակիցները եղել են նաև համայնքում գտնվող այլ հուշարձանների տարածքներում` արձանագրել պահպանվածության վիճակն  ու սահմանված կարգի համաձայն լուսանկարել դրանք: «Տիգրան մեծ» հանգստի գոտում են գտնվում նաև ձկնակերպ և  ցլակերպ վիշապաքարերը /մ.թ.ա. 2-րդ հազարամյակ/: Հանգստի գոտու վերջնամասում է ժայռապատկերների բլուրը:

ՊՄՊ մարզային ծառայության պատասխանատուների շրջայցի հաջորդ կանգառը Ավան վարչական շրջանում էր: Նրանք եղել են 7-րդ դարով թվագրվող Սուրբ Աստվածածին (Կաթողիկե, Ծիրանավոր) և  7-13-րդ դարերով թվագրվող Սբ. Հովհաննես ու Սբ․ Աստվածածին հուշարձանների տարածքներում /խոնարհվել են 1679 թ. ավերիչ երկրաշարժի հետևանքով/:

 

 

Շրջայցի ավարտին, մարզային ծառայության պատասխանատուները փաստել են, որ հուշարձանների տարածքներում իրավախախտման, հուշարձանի արտաքին տեսքի վնասման, աղճատման դեպքեր չեն արձանագրվել:

 

 

Նշենք, որ մարզային ծառայության պատասխանատուների նախաձեռնությամբ ապրիլի 18-ին` հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը  ժամկետային զինծառայողների, հանրակրթական դպրոցների աշակերտների մասնակցությամբ  հուշարձանների տարածքներում սանմաքրման ու բարեկարգման աշխատանքներ կիրականացվեն:

 

 

Հեղ. Մ. Մակարյան