ԱՐԱ ԹԱՐՎԵՐԴՅԱՆ. «ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՊԱՀԱՊԱՆԸ ՊԵՏՔ Է ԼԱՎ ՏԻՐԱՊԵՏԻ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԴԱՇՏԻՆ»

ԱՐԱ ԹԱՐՎԵՐԴՅԱՆ. «ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՊԱՀԱՊԱՆԸ ՊԵՏՔ Է ԼԱՎ ՏԻՐԱՊԵՏԻ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԴԱՇՏԻՆ»

2019-02-11T14:53:45+00:00 February 7th, 2019|Արագածոտն, Լրահոս|

«Հուշարձանի պահապանը պետք է գիտելիքների լավ բազա ունենա, իմանա իրեն ամրակցված հուշարձանի պատմական նշանակությունը, պահպանական գոտին, իրավական գիտելիքներ ունենա: Համայնքների ղեկավարների հետ աշխատանքի ընթացքում շատ հաճախ դժվարությունների առաջ եք կանգնում և սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ գյուղապետերից լավ պետք է տիրապետեք իրավական դաշտին», -Արագածոտնի մարզային ծառայության պատասխանատուների հետ անցկացված աշխատանքային խորհրդակցության ընթացքում ասել է «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը:

«Աշխատանքին պետք է մոտենալ  մեծ պատասխանատվությամբ: Հաճախ չիմացության պատճառով համայնքների ղեկավարները հուշարձանի՝ գերեզմանոցների տարածքներում հուղարկավորության թույլտվություն են տալիս: Վկան՝ Սանահին վանական համալիրի, նաև՝ մի քանի այլ հուշարձանների տարածքներում արձանագրված իրավախախտումներն են: Պետք է մեր մարզային ծառայության աշխատակիցը գերազանց տիրապետի օրենքի տառին, որպեսզի հնարավորինս զերծ լինենք գոնե այս բնույթի իրավախախտումներից», -նշել է ՊՈԱԿ-ի տնօրենը:

«Հարգանք մեր ծառայության ու մշակութային ժառանգության պահպանության հանդեպ», -սա լավագույն մոտեցումն է, որ մենք ակնկալում ենք համայնքների հետ գործակցությունից», -ասել է  ՊՈԱԿ-ի տնօրենի գիտական աշխատանքների գծով տեղակալ Կարեն Փահլևանյանը:

Նրա համոզմամբ հուշարձանի պահպանության հարցում պատասխանատու են նաև համայնքները և գործակցությունից կշահի միայն մշակութային ժառանգությունը:

Խորհրդակցության ընթացքում նշվել է, որ արդյունավետ է գործակցությունը Աշտարակի քաղաքապետի,  Ապարանի, Ուջանի, Կաթնաղբյուրի, Դաշտադեմի, Օշականի, Կարբի, Հարթավանի համայնքների ղեկավարների հետ:

Ի դեպ, նախատեսվում է առաջիկայում ծալաթերթեր /բուկլետներ/  ու օրենսդրական բազա ներառող խտասկավառակներ տրամադրել համայնքների ղեկավարներին:

ՊՈԱԿ-ի ղեկավարությունը լսել է նաև մարզային ծառայության աշխատակիցներին: Նրանք ներկայացրել են իրենց ամրակցված հուշարձանների տարածքները, ընթացիկ խնդիրները:

Աշխատանքի արդյունավետ կազմակերպման նկատառումով հստակ հանձնարարականներ են տրվել: Գործառույթների թերի իրականացման մասով՝ դիտողություններ արվել  որոշ աշխատակիցներին:

Աշխատանքային խորհրդակցությունների արդյունքների ամփոփելուց հետո ՊՈԱԿ-ի ղեկավարությունը կհանդիպի նաև մարզպետների հետ: Նմանօրինակ հանդիպումներ արդեն իսկ կայացել են Շիրակի և Արարատի մարզերում: