ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ 2019 Թ. ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ 2019 Թ. ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ում ամփոփել  են  2019 թ․ առաջին կիսամյակը: Մարզային  ծառայությունների, արգելոցների ու արգելոց-թանգարանների պատասխանատուները  ներկայացրել են կատարած աշխատանքները, մարզերում հուշարձանների  պահպանության ոլորտում առկա խնդիրները:

2019թ․-ի  վեց ամիսների ընթացքում  արձանագրվել  է  19  իրավախախտում՝ գանձախուզություն, անօրինական թաղումներ, ինքնակամ շինություններ, հողաքանդման աշխատանքներ, վանդալիզմ։  Դրանից  5-ը` Սյունիքի մարզում է արձանագրվել: Մարզային ծառայությունների, արգելոցների  ու  արգելոց-թանգարանների պատասխանատուները իրավախախտումների դեպքերը բացահայտելու նկատառումով սերտորեն  համագործակցել են իրավապահների հետ։

Խնդրահարույց ու կարևոր հարցերի շարքում՝ հուշարձանների պահպանական գոտիների բացակայությունն ու անճշտություններն են:  Հաշվետվությունների երեք օրերին ընթացքում այդ մասին խոսել են  մ/ծ  պատասխանատուները:

ՊՈԱԿ-ի օպերատիվ արձագանքման բաժինը, տնօրենի տեղակալ Կ. Փահլևանյանի, գիտնական քարտուղար Ա. Փիլիպոսյանի հետ միասին մշտադիտարկում է իրականցրել Լոռու և Գեղարքունիքի մարզերի առավել վտանգված թվով 83 հուշարձանների տարածքներում: «Խաչքարերին նոր կյանք» ծրագրով այս տարի  մարզերում  շուրջ  30 խաչքար  է   ամրակայվել ու  կանգնեցվել: Մարզային ծառայությունների պատասխանատուները  խոստացան՝ մինչև հաջորդ հաշվետվություն այդ թիվը զգալի կավելանա:

Հուշարձանների պահապանների աշխատանքը բարդ է հատկապես բարձրադիր լեռնային ու սահմանամերձ շրջաններում: Տավուշի ու Արարատի մարզային ծառայության պետերը խոսել են շրջայցերի ընթացքում հանդիպող դժվարությունների մասին: Արարատի մ/ծ պետ Ռոման Կարապետյանը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ շոգ եղանակին վտանգավոր է որոշ տարածքներ գնալը՝ շատ  օձեր կան: Նրա խոսքով անցանկալի հետևանքներից  զերծ մնալու համար երկարաճիտ կոշիկներ են անհրաժեշտ:

«Գոշավանք» պատմաճարտարապետական արգելոցի վարիչն էլ անդրադարձել է անհատույց ու անժամկետ օգտագործման իրավունքով  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին հանձնված հուշարձանի մասին: Այն պահպանության խնդիր ունի՝ քարեր են թափվում: Գոշավանքը  տոմսային տնտեսություն չունի, օրվա ընթացքում շուրջ 200-250 այցելու է ունենում, որոնց համար արգելոցի վարիչը էքսկուրսիա է անցկացնում:

Հաշվետվությունը ընդունող հանձնաժողովի նախագահ, ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Կարեն Փահլևանյանը հանձնարարել է 10-օրյա ժամկետում զարգացման հեռանկարային ծրագիր ներկայացնել:  Նույն հանձնարարականը տրվել է նաև «Բերդ» պատմամշակութային արգելոցի վարիչ Արթուր Երկանյանին: Վերջինս իր հաշվետության ընթացքում ներկայացնելով արգելոցի խնդիրներն առանձնացրել է ցուցավահանակների բացակայությունը: Արթուր Երկանյանը նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում հիմնական ուշադրությունը դարձվել է  «Տավուշի բերդ   /Ցլիկ Ամրամի ամրոց/-ին:

Հաշվետությամբ են հանդես եկել նաև Վայոց ձորի մարզային ծառայությունը, «Արփի» բնապատմական  արգելոցի ու «Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոցների վարիչները: Վայոց ձորում տարեսկզբին իրավախախտում էր արձանագրվել՝ տապանաքար էին շրջել: Ներկայացվել են կատարված աշխատանքներն ու խոսել՝ առաջիկա ամիսներին «Գլաձոր»-ի նոր ցուցադրության կազմակերպման մասին /ներկայիս ցուցադրությունը 33 տարվա վաղեմություն ունի/: Սեպտեմբերի սկզբին Վայոց ձորում մեծ գիտաժողով է նախատեսվում, կնշվի նաև՝ Գլաձորի հիմնադրման 735 ամյակը: ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալը հորդորել է աշխատանքները կազմակերպել արդյունավետ:

Գանձագողության ու գանձախուզության դեպքեր են արձանագրվել նաև Սյունիքի մարզում: «Խաչքարերին նոր կյանք» ծրագրով կանգնեցված խաչքարերի, իրավախախախտումների ու խնդիրների մասին է խոսել մարզային ծառայության պետ Արամ Դավթյանը:

ՊՈԱԿ- մասնաճյուղ՝ «Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոցում առաջիկա ամսում կվերսկսվեն պեղումները: Մասնաճյուղի վարիչը նշել է՝ հուշարձանը «ոչնչացնելու» մասին ոչ մասնագետների անհիմն հայտարարությունները չեն ուշանա: Իսկ արշավախումբը կշարունակի նախորդ տարի կիսատ թողած աշխատանքը և ամեն ինչ կարվի պեղումների բնականոն ընթացքն ապահովվելու համար: Աշոտ Ավագյանը նաև դեպի արգելոց տանող ճանապարհի, աշխատանքային պայմանների բարելավմանը, արգելոցի տարածքում գտնվող անօրինական տաղավարի ապամոնտաժման անհրաժեշտությանն է անդրադարձել:

Հաշվետվություններով հանդես են եկել  ու աշխատանքային խնդիրներին անդրադարձել   ՊՄՊ Երևանի, Կոտայքի ու Արմավիրի մարզային ծառայությունները: Լոռու մարզային ծառայության պետն էլ  իր հաշվետվությունը ներկայացրել է սլայդ շոուի միջոցով՝ խոսել առավել վտանգված հուշարձանների մասին: Մարզի ամենագեղեցիկ հուշարձաններից մեկը՝  «Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցն է: Տոմսային տնտեսություն չկա: ՊՈԱԿ-ի տնօրինությունը ենթակառուցվածքների զարգացման ծրագիր ունի: Արգելոցի վարիչ Կիմիկ Սերոբյանը անդրադարձել է աշխատանքային պայմանների բարելավմանը՝ հրատապ համարելով  հուշարձանի տարածքի ցանկապատումը:

Անցյալ տարվա հունիսին ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծվել է «Բջնի ամրոց» արգելոցը, որը գիտական ու ֆինանսական մեծ հնարավորություններ ունի: Աշխատանքի ողջ բեռը ծանրացած է արգելոցի վարիչի ուսերին: ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Կարեն Փահլևանյանի խոսքով պետք է ճիշտ օգտագործել «Բջնի ամրոց» արգելոցի հնարավորությունները: Այստեղ ևս առաջիկայում կազմակերպությունը նախատեսում է  տոմսային տնտեսություն ներդնել:

Արագածոտնի մարզում գտնվող «Ամբերդ ամրոց»-ի վարիչ՝ Խաչիկ սարկավագ Վարդանյանն էլ խոսել է  անվտանգության կանոնները խախտող ու հուշարձանի վրա բարձրացող զբոսաշրջիկների մասին:

««Էքստրիմ»-ի սիրահար տուրիստները հաճախ ամենաբարձր տեղը, որտեղ եռագույնն է ծածանվում հասնում են  հենց  ուղեկցող տուրօպերատորների «խորհրդով», ինչը շատ վտանգավոր է: Չեն օգնում նույնիսկ տեղադրված ցուցանակները, մեր բանավոր հորդորները: Հնարավոր անցանկալի դեպքերից խուսափելու համար, պետք է լուծում գտնել». – իր խոսքում ասել է  Խ. Վարդանյանը:

Շիրակի մարզի 1200 հուշարձանների, շրջայցերի ընթացքում հայտնաբերված անճշտությունների մասին է խոսել մարզային ծառայության պետը Վալերիկ Նազարեթյանը: Այս տարվա 6 ամիսների ընթացքում մարզում երկու  խաչքար արդեն կանգնեցվել ու ամրակայվել է: Մ/ծ աշխատակիցները մինչև տարվա վերջ ևս 5-ը կկանգնեցնեն:

Հաշվետվությամբ են հանդես եկել  նաև Գեղարքունիքի մարզային ծառայության պետը, «Զվարթնոց» ու «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանների վարիչները: Վերջիններս խոսել են տեղեկատվական նոր վահանակների տեղադրման մասին, այցելությունների աճի մասին:

2019 թ. առաջին կիսամյակի ընթացքում կատարած աշխատանքները ներկայացրել են նաև «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի բաժինները:

Ամփոփելով հաշվետվությունը ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ, հաշվետվությունները ընդունող հանձնաժողովի նախագահ Կարեն Փահլևանյանն ասել է, որ անակնակալ շրջայցեր են լինելու մարզեր՝ տեղում պահապանների աշխատանքներին հետևելու համար:

«Եթե պարզվի, որ սահմանված շրջայցի գրաֆիկի օրը պահապանը հուշարձանի տարածք չի այցելել, ապա խիստ վերաբերմունք կլինի», -եզրափակել է իր խոսքը Կ. Փահլևանյանը:

Մարզային ծառայությունների, արգելոցների ու արգելոց-թանգարանների վարիչներին հանձնարականները կտրվեն  գրավոր: