ԵՎՐՈՊԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՕՐԵՐ. ԲԱՑ ԴԱՍ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՈՒՄ

ԵՎՐՈՊԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՕՐԵՐ. ԲԱՑ ԴԱՍ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՈՒՄ

2018-03-29T15:58:07+00:00 25/09/2015|Լոռի|

Հայաստանում անցկացվող «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի շրջանակներում, ՊՄՊ Լոռու մարզային ծառայության նախաձեռնությամբ, սեպտեմբերի 25-ին, Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան N 3 հիմնական դպրոցում, անցկացվել է բաց դաս, որն ուղեկցվել է սլայդ-ցուցադրությամբ: Քանի որ այս տարի «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագիրը Հայաստանում անցկացվում է «Հիշատակի ժառանգությունը» խորագրով և իրականացվող միջոցառումները նվիրված են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, ապա Վանաձորի դպրոցի բաց դասն անցկացվել է «Զորավար Անդրանիկը և Հայոց Մեծ եղեռնը» թեմայով:

Դասին ներկա են եղել դպրոցի 9-րդ դասարանի աշակերտները: Լոռու ՊՄՊ մարզային ծառայության պետ Ա. Գերյանը ներկաներին ծանոթացրել է «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրին, թվարկել Եվրոպական մշակութային կոնվենցիային միացած երկրների անունները, խոսել այս ծրագրի շրջանակներում Հայաստանի մշակութային օջախներում անցկացվող միջոցառումների մասին : Մարզային ծառայության գիտաշխատող Հ. Մարուքյանը աշակերտներին ներկայացրել է Մեծ զորավարի կյանքի մանրամասները՝ ֆիդայական շարժմանը անդամագրվելու պատճառները, հերոսական կյանքից որոշ դրվագներ (Մշո Առաքելոց վանքի ճակատամարտից, օսմանյան կայսրության դեմ Անդրանիկի Բուլղարական բանակի կազմում հայ աշխարհազորայիններով մասնակցության մասին, Դիլմանի և Ղարաքիլիսայի ճակատամարտերի մասին և այլն): Բաց դասի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև հայոց երկու մեծերի՝ Զորավար Անդրանիկի և Հովհ. Թումանյանի մտերմությանն ու համատեղ աշխատանքին, ազգի համար բախտորոշ այդ ծանր տարիներին: Դասն ավարտվել է ակտիվ քննարկումերով, մարզային ծառայության աշխատակիցները պատասխանել են աշակերտներին հետաքրքրող բազմաթվ հարցերի :

Դպրոցի տնօրեն Հեղինե Կոստանյանն իր շնորհակալական խոսքում կարևորել է ազգային հերոսներին ճանաչելուն և հայրենասիրական ոգին բարձր պահելուն միտված նման միջոցառումները: