ՄԱՅԻՍՅԱՆ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԱՐԵՆԻՈՒՄ

ՄԱՅԻՍՅԱՆ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԱՐԵՆԻՈՒՄ

Մայիսյան հաղթանակներին նվիրված միջոցառումներ են անցկացվել Արենի համայնքում: Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան հերոսամարտի զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ «Արփի» բնապատմական արգելոցի, Արենիի համայնքապետարանի և միջնակարգ դպրոցի համատեղ ջանքերով կազմակերպված միջոցառմանը ներկա են գտնվել վետերաններ, Արցախյան հերոսամարտի և ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցներ, համայնքի բնակիչներ:

Մասնակիցները ծաղկեպսակներ են դրել զոհվածների հուշարձանին և մեկ րոպե լռությամբ հարգել նրանց հիշատակը: Ողջույնի և շնորհավորանքի խոսքեր են ասել համայնքի ղեկավարը, դպրոցի տնօրենը, Նորավանք եկեղեցական համալիրի հոգևոր առաջնորդ Տեր-Սահակ Մարտիրոսյանը, Արցախյան հերոսամարտի մասնակիցներ: Երկրապահ կամավորականների միության կողմից պատվոգրեր են շնորհվել քառօրյա պատերազմի մասնակիցներին և մի շարք ազատամարտիկների:

Օրվա տոնական տրամադրությունն իր բարձրակետին է հասել Արենիի միջնակարգ դպրոցի աշակերտների ասմունքով, ռազմահայրենասիրական երգերի և համայնքի բնակիչ Խաչիկ Խաչատրյանի հեղինակային երգի կատարումներով: Ելույթ է ունեցել նաև Արենիի մշակույթի տան պարային խումբը: